Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրերով վիզ եմ ծռել»

Մայիս 30,2008 00:00

Հաշմանդամ Հրաչյա Հակոբյանը օրեր շարունակ առողջապահության նախարարությունից մուրացել է իրեն հասանելիք պետպատվերը:

«Ամեն օր հեռուստացույցով մեր պաշտոնյաներն ասում են, որ աղքատության հաղթահարման համար մի քանի միլիոն դոլար են բերել, կամ էլ այսինչ բանկը էսքան վարկ տվեց: Բայց երբ հերթը մեզ է հասնում՝ էդ փողերը չկան: Բա ո՞ւր կորան էդ գումարները: Էդ ո՞նց են հաղթահարում աղքատությունը, որ օր օրի աղքատներն ավելի են շատանում: Պետությունն անգամ հաշմանդամ ու սոցիալապես անապահովին հասանելիք անվճար բուժօգնություն չի տալիս, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- իր բողոքն այսպես ձեւակերպեց երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած Հրաչյա Հակոբյանը: Նա մի կերպ էր հասել խմբագրություն, քանի որ վատառողջ էր: Առողջապահության նախարարություն նրա մի քանի այցերն անպտուղ էին եղել: Հ. Հակոբյանը 3-րդ կարգի հաշմանդամ է եւ սոցիալապես խիստ անապահով: Նա, վերջերս դիմել է առողջապահության նախարարություն՝ պետպատվերի շրջանակներում ճողվածքի (գրիժա) անհապաղ վիրահատության ենթարկվելու համար, քանի որ առողջական վիճակը գնալով վատթարանում է: Նախարարություն է ներկայացրել բոլոր փաստաթղթերը, որով հաստատվում է, որ հաշմանդամության կարգ ունի եւ սոցիալական ծանր պայմաններում է ապրում, սակայն այդ ամենը նախարարության համար հիմք չի հանդիսացել, պատասխանել են. «Դուք չեք կարող օգտվել պետության կողմից սահմանված արտոնություններից, ուստի կարող եք ստանալ վճարովի բուժօգնություն»:

Նկատենք, որ վճարովի բուժօգնության մասին բոլոր ՀՀ քաղաքացիներն էլ տեղյակ են եւ առանց նախարարության ասելու էլ կարող են ընտրել, թե որ պոլիկլինիկայում սպասարկվեն, այլ հարց է, որ պետությունը մերժում է հենց Հակոբյանի նման քաղաքացիներին: Հ. Հակոբյանի պատմելով. «Ողջ կյանքս աշխատել եմ ավտոդողերի թունավոր ցեխում, ինչ հիվանդություն ասես՝ ձեռք եմ բերել, ու էսօր պետությունն ինձ մարդու տեղ չի դնում: 43 տարեկան եմ, բայց մի թոքս չկա, բա էլ ի՞նչ վիճակում լինի մարդը, որ պետպատվեր ստանա: Եթե ես հնարավորություն ունենայի, չէի գնա իրենց դուռը ու խնդրեի, չե՞ն հասկանում, որ մարդ ծայրահեղ վիճակում է»:

Այս առնչությամբ առողջապահության նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ պետպատվերի շրջանակներում ընդգրկում են այն մարդկանց, ովքեր, բացի հաշմանդամության կարգ ունենալուց, նաեւ սոցիալապես անապահով են. «Չնայած 3-րդ կարգի հաշմանդամին էլ է հասնում անվճար բուժօգնություն, սակայն նախարարությունն առաջնահերթությունը տալիս է 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներին»: Նախարարությունից նաեւ հայտնեցին, որ Հ. Հակոբյանի փաստաթղթերը կվերանայեն եւ պետպատվեր կհատկացնեն: Երբ Հ. Հակոբյանն իմացավ, որ իր բողոքելուց հետո է որոշել նախարարությունը ընդառաջել, խիստ վիրավորված ասաց, որ ինքն արդեն տոկոսով գումար է պարտք վերցրել. «Հետո կաշխատեմ՝ քիչ-քիչ կտամ, բա հո չե՞մ մեռնի: Եթե նախարարությունը կարող էր պետպատվեր տալ, ինչո՞ւ չտվեց: Թե՞ իրենց թվում է՝ մարդկանց հաճելի է գնալ իրենց դուռը ու վիզ ծռել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել