Կենդանաբանական այգու որոշ կենդանիների վանդակները կիսավեր են ու նեղ, իսկ կենդանիներն էլ անխնամ են ու հյուծված:
Առյուծը հազիվ է տեղավորվել իր նեղ խցում, նույնիսկ չէր արձագանքում այցելուների ձայներին:
Բորենու վանդակը կրկնապատնեշ չունի, եւ գիշատչի հետ «ծանոթությունը» երեխաների համար կարող է վատ հետեւանքներ ունենալ:
Ուղտերն այնքան գզգզված ու անխնամ էին, որ այցելուների մեջ միայն խղճահարություն էին առաջացնում:
Երեւանի կենդանաբանական այգին 30 տարուց ավելի չի վերանորոգվել: Վերջին անգամ մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել 80-ականներին: Այսօր այգու վիճակը բավականին անմխիթար է: Կենդանիների վանդակների մի մասը վթարային վիճակում է, մյուս մասն էլ այնքան նեղ ու փոքր է, որ կենդանիներն անգամ շարժվելու տեղ չունեն: Շատ դեպքերում պահպանված չեն անվտանգության նույնիսկ ամենատարրական կանոնները: Օրինակ, գիշատիչ գազանների՝ գայլի, շների կամ բորենու վանդակների ճաղերը միմյանցից բավականին հեռու են, իսկ կրկնակի պատնեշ տեղադրված չէ: Թերեւս այգու տնօրինությունը հույսը դրել է կամ ծնողների աչալրջության, կամ էլ երեխաների հասկացողության վրա եւ բավարարվել է միայն վանդակների վրա «Արգելապատնեշին մոտենալը վտանգավոր է» մակագրությամբ ցուցանակ փակցնելով: Ըստ էության, վանդակներին մոտենալը գրեթե բացառվում է, քանի որ, մանավանդ շոգ եղանակներին, ողջ այգին «բուրում» է գարշահոտությամբ: Այգում բավականին անմխիթար է նաեւ կենդանիների վիճակը: Երեկ այցելելով Կենդանաբանական այգի՝ նկատեցինք, թե ինչպիսի խղճահարությամբ են այցելուները նայում գզգզված ու հազիվ ոտքի վրա կանգնող ուղտին կամ հոգնած ու անտարբեր առյուծին: Ծնողներից մեկը փորձում էր երեխային համոզել, որ այդ կենդանին հենց ֆիլմերի մեջ տեսած առյուծն է, սակայն երեխան ոչ մի կերպ չէր կարողանում գոնե մոտավոր նմանություն գտնել ֆիլմում տեսած հպարտ ու շքեղ բաշով առյուծի եւ նեղ ու փոքր վանդակում կծկված առյուծանման կենդանու միջեւ: Տավուշի մարզից երեխաների հետ Կենդանաբանական այգի այցելած մի քանի ծնողներ «Առավոտի» հետ զրույցում դժգոհություն հայտնեցին, որ գազանանոցն ավելի շատ վաճառատեղի է հիշեցնում, քան կենդանաբանական այգի, քանի որ ամեն քայլի վաճառվում են տարատեսակ խաղալիքներ, կոնֆետներ ու հյութեր: Ծնողներից մեկի հավաստմամբ, երեխայի հետ գազանանոց մտնելը ավելի թանկ է նստում, քան մայրաքաղաքի ցանկացած մանկական սրճարան այցելելը: Նրա խոսքերով. «Իրենք էլ գիտեն՝ ինչ են անում: Պարզ է, երեխա է, աչքը մի բան է տեսնում՝ անմիջապես ուզում է»:
Կենդանաբանական այգու ներկայիս վիճակի մասին զրուցեցինք այգու տնօրեն Սահակ Աբովյանի հետ: Նա ասաց, որ նախորդ տարվա համեմատ՝ այգու այցելուները բավականին պակասել են, ինչի պատճառը, ըստ Ս. Աբովյանի, անձրեւային եղանակներն են: Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա, այգու տնօրենի կարծիքով, անմխիթար վիճակում է միայն ուղտերից մեկը, քանի որ այն ձեռք է բերվել մասնավոր անձից՝ հիվանդ վիճակում, եւ այգու տնօրինությունը պահում է նրան՝ միայն խղճահարությունից ելնելով: Մեզ հետ զրույցում Ս. Աբովյանը հավաստիացրեց, որ այգում ոչ մի կենդանի անխնամ չի մնում, բոլորն էլ ստանում են իրենց հասանելիք կերաբաժինը:
Նշենք, որ 2008-2011 թվականների ն գազանանոցի վերանորոգման համար պետբյուջեից տրամադրվել է 600 միլիոն դրամ, որից 70 միլիոնը կօգտագործվի այս տարի՝ այգու ամենաանհրաժեշտ հատվածների վերանորոգման համար: Ս. Աբովյանի խոսքերով. «Ջրամատակարարման համակարգը կբարելավվի, կապահովենք այգու արտաքին լուսավորվածությունը, եւ առաջնահերթ կվերանորոգվի վթարային վիճակում գտնվող կապիկանոցը»: