ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ վստահեցրեց, որ Բյուրոյի այն անդամները, ովքեր ՀՀ քաղաքացիություն չունեն, շատ արագ կդիմեն քաղաքացիություն ստանալու համար:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Բյուրոյի այն անդամները, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն, առաջիկայում կդառնան ՀՀ քաղաքացի, նաեւ, որ բոլոր դաշնակցականները ամբողջ աշխարհում կանեն ամեն ինչ, որ հնարավորինս արագ ստանան ՀՀ քաղաքացիություն: Հիշեցնենք, որ 30-րդ Ընդհանուր ժողովում եւս արտերկրի դաշնակցականներից դա էր ակնկալվում: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ պատճառով է Բյուրոն դառնում հայաստանակենտրոն, ինչո՞ւ են Բյուրոյի անդամները դառնում ՀՀ քաղաքացիներ, արդյոք ո՞չ այն պատճառով, որ արտերկրում դաշնակցական կառույցները սկսում են թուլանալ, եւ Դաշնակցությունը ամբողջությամբ ուզում է տեղափոխվել Հայաստան: Վահան Հովհաննիսյանը, ժխտելով մեր կասկածները, ասաց, որ դա ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետեւ Դաշնակցության կառույցները դրսում չեն թուլանում. «Դաշնակցության կառույցները որպես կառույց թուլանալ չեն կարող, քանի այն խնդիրները, որ մեր առջեւ կանգնած են՝ դեռ կան: Թուլանում է հայությունը արտերկրում, եւ սա լուրջ պրոբլեմ է: Եվ նման հարց դնել՝ տեղափոխվենք այստեղ բոլորս… Սփյո՞ւռքն ում թողնենք, մատնենք անտերությա՞ն: Ցավոք սրտի, Սփյուռքում գործող համահայկական կառույցներից իր նախկին ուժը, ներուժը, հնարավորությունները, ծավալվածությունը, տարածվածությունը միայն Դաշնակցությունն է պահպանել: Մենք շատ ողջունում ենք եւ իսկապես անկեղծորեն ուրախանում ենք, երբ տեսնում ենք ռամկավարների ուժեղացումը Սփյուռքում, երբ տեսնում ենք հնչակյանների ուժեղացումը Սփյուռքում: Նրանք գուցե մեր գաղափարական հակառակորդն են, բայց կազմակերպված հայությունը միշտ ավելի լավ է անկազմակերպվածից: Անկազմակերպ հայությունը արագորեն ձուլվելու հատկություն ունի»:
Ասաց, որ բարոյապես եւ իրավաբանորեն օգնելու են Սփյուռքում բոլորին, որ ստանան ՀՀ քաղաքացիություն. «Սա ոչ թե կուսակցական խնդիր է, սա համազգային խնդիր է, իսկ դրսի մեր կառույցները… տեսնեիք մեր Ընդհանուր ժողովի ընթացքը, չէիք ենթադրի, որ թուլացել է»: