Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ԻՐՈՔ, ՊԱՇԱՐՎԱԾ Է

Մայիս 30,2008 00:00

\"\"Արդեն երեք ամիս հայրենի իրավապահները ՀՀ «այլախոհ» քաղաքացիներին թույլ չեն տալիս զբոսնել Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի վաղ առավոտից ի վեր, երբ հայրենի ոստիկանությունը որոշեց Ազատության հրապարակը բռնի ուժով եւ վայրագ միջոցներով «մաքրել» իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարողներից, այն պաշարված է: Ազատության հրապարակում կարելի էր անցկացնել Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի նախագահի, երդմնակալության առիթով կազմակերպված զորահանդեսը, այդ հրապարակը ապրիլի 23-ին բաց էր իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկի՝ ՀՅԴ-ի կողմից անցկացվող զանգվածային միջոցառման եւ ապրիլքսանչորսյան «ջահերով երթի» մեկնարկի համար, այդ հրապարակում կարելի էր անցկացնել համերգ կամ Վերջին զանգի արարողություն, բայց այդ հրապարակում արգելվում է հավաքվել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են սեփական կարծիք եւ դիրքորոշում ունենալ եւ չհամաձայնել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Ազատության հրապարակը մարտի 1-ից ի վեր փակ է Համաժողովրդական շարժման համար, եթե անգամ վերջինիս մասնակիցները ուզում են Եղեռնի զոհերի հուշարձանին այցելել կազմակերպված եւ նույն այն Ազատության հրապարակից, որտեղից նման իրավունք վերապահվել էր, օրինակ՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական կազմակերպության ներկայացուցիչներին: Ազատության հրապարակն, ի վերջո, փակ է նաեւ բոլոր նրանց համար, ովքեր մարտյան դեպքերից եւ Երեւանում արտակարգ դրության վերացումից հետո հավաքվում են Հյուսիսային պողոտայում՝ քաղաքական զբոսանքի: Ինչպե՞ս են ընդդիմության հետ երկխոսության մասին շեփորահարող իշխանությունները որոշում, թե ում կարելի է թույլ տալ հավաքվել կամ մտնել ու զբոսնել Ազատության հրապարակում՝ հայտնի չէ, որովհետեւ մինչ օրս իշխանության որեւէ ներկայացուցիչ նման սահմանափակումների մասին պաշտոնական հայտարարություն չի արել եւ համապատասխան ցանկ չի հրապարակել:

Մարտի 1-ից հետո եւ արտակարգ դրությունը վերացնելուց հետո արդեն երրորդ անգամ է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը՝ ի դեմս ոստիկանության, արգելում է ընդդիմության ներկայացուցիչներին կամ իշխանության կարծիքը չկիսող ընդդիմախոսներին մուտք գործել Ազատության հրապարակ: Ընդ որում, վերջին երկու նման դեպքերից մեկը՝ մայիսի 26-ին, ուղեկցվեց 18-ամյա Արայիկ Գեւորգյանին ոստիկանության մի հայտնի ներկայացուցչի՝ «Բազազ» մականունով Ռոբերտ Մելքոնյանի կողմից առեւանգելու եւ ոստիկանության մեքենայի մեջ ծեծելու փաստով: Երիտասարդի մեղքն այն էր եղել, որ նա այդ օրը Հյուսիսային պողոտայում զբոսնող այլ քաղաքացիների հետ միասին փորձել էր մտնել Ազատության հրապարակ: Ավելի ուշ նույն «Բազազը» Ա. Գեւորգյանի հորը հրավիրել էր զրույցի եւ ասել, որ տղան իրեն «խելոք չի պահել», եւ որ նրա հարազատները պիտի գոհ լինեն, որ տղային ոստիկանություն չեն տարել: Ընդ որում, այս մասին մամուլում արդեն հրապարակում եղել է, եւ առավել քան տարօրինակն այն է, որ «Բազազի» հանդեպ դեռ ծառայողական քննություն չի անցկացվում. եթե տղան արժանի էր ոստիկանություն տարվելու, ապա ինչո՞ւ չի տարվել, կամ եթե անգամ իրեն խելոք չի պահել, այդ ո՞ր իրավունքով են ոստիկանները նրան առեւանգել եւ ծեծի ենթարկել:

ՀՀ քաղաքացիների, ընդ որում՝ ՀՀ Սահմանադրությամբ վերապահված ազատ տեղաշարժի եւ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատության իրավունքի ապօրինի սահմանափակման երրորդ դեպքը տեղի ունեցավ մայիսի 28-ին, երբ իրավապահները մի քանի շարքով օղակի մեջ առան Ազատության հրապարակը՝ արգելելով հատկապես Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիների ելումուտը հրապարակի տարածք: Թե այդ ո՞ր օրենքի շրջանակներում էին տեղավորվում ոստիկանության ներկայացուցիչների՝ արդեն երեք ամիս տեւող գործողությունները, հանելուկ է: Ուստի՝ մենք երեկ դիմեցինք ՀՀ ոստիկանապետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանին՝ փորձելով պարզաբանումներ ստանալ իրավապահների գործողությունների օրինաչափության վերաբերյալ: Պարոն Շիրինյանը, որ մինչ այդ «Առավոտի» հարցադրումներին պատրաստակամ էր եղել պատասխանել առանց ձեւականությունների եւ թղթաբանության, երեկ խորհուրդ տվեց մեզ հետաքրքրող հարցերի պաշտոնական պատասխանը ստանալու համար իրեն գրավոր դիմել: Դե, մենք էլ դիմեցինք, թեեւ վստահ ենք, որ այդ հարցադրումների պատասխանը ստանալու համար ստիպված ենք լինելու դեռ մի քանի օր սպասել:

Իսկ մեր հարցերը պարոն Շիրինյանին հետեւյալն էին. ո՞վ էր հրաման տվել ոստիկաններին օղակի մեջ առնել Ազատության հրապարակը՝ արգելելով մարդկանց ելումուտը հրապարակի տարածք, ո՞րն էր այդ հրամանի իրավական հիմքը, ոստիկանության ո՞ր ստորաբաժանումն է իրականացրել այդ գործողությունն ու ո՞վ է ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ վերապահված ազատ տեղաշարժի եւ մյուս հիմնարար ազատությունների սահմանափակման պատասխանատուն:

Հույս ունենք, որ ոստիկանության ներկայացուցիչը կաշխատի մեր հարցադրումներին սպառիչ պատասխան տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել