Սակայն Հայաստանի կոալիցիոն ուժերը իրենք իրենցից արդեն գոհ են
Մայիսի 26-27-ը Կիեւում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որը քննարկել է 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից մինչ այժմ կատարված քայլերը: Ըստ հանձնաժողովի գնահատականների, ԵԽԽՎ բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները շոշափելի արդյունքներ չեն տվել: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ապրիլի 17-ին ընդունած բանաձեւը Հայաստանին առաջարկում է մինչեւ Վեհաժողովի ամառային նստաշրջանը իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ քննություն, երկրում քաղաքական երկխոսություն ծավալել եւ ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, հակառակ դեպքում՝ Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից: Մոնիտորինգի հանձնաժողովը Կիեւում հույս է հայտնել, որ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ, ժողովներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունները ամբողջովին կընդունվեն մինչեւ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջան: Մինչդեռ տեղեկություններ կան, որ կոալիցիոն ուժերը մտադիր են այս օրենքի փոփոխությունները (ընդունված է առաջին ընթերցմամբ) երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել միայն սեպտեմբերին: Թեպետ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք կկարողանան հունիսյան քառօրյայում այդ խնդիրը կարգավորել: Մոնիտորինգի հանձնաժողովը գոհ է, որ հայ խորհրդարանականները որոշել են բարեփոխել «Ընտրական օրենսգիրքը» եւ ընդդիմության կարգավիճակի ու իրավունքների շուրջ փորձում են երկխոսություն սկսել: Հանձնաժողովը նաեւ հույս է հայտնել, որ ընդդիմության առաջնորդները, «ովքեր մինչ այժմ հրաժարվում էին մասնակցել այդ երկխոսությանը, կփոխեն իրենց դիրքորոշումն այս հարցում»:
Սակայն հանձնաժողովը նաեւ մտահոգություններ ունի: Մեջբերենք. «Հանձնաժողովը մտահոգ է Երեւանում մարտի 1-ի իրադարձությունների անկախ քննություն իրականացնելու հարցում ցանկացած նշանակալից առաջընթացի բացակայությամբ: Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ձեւաչափը, որը պետք է ստեղծվի այդ իրադարձությունների անկախ քննության համար, հնարավոր է չապահովի Վեհաժողովի պահանջած անկախությունը, եթե դրանում ներգրավված չլինեն արտախորհրդարանական ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային փորձագետները»:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Ավետ Ադոնցը եւ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը գիշերն են վերադառնալու Կիեւից, եւ նրանց մեկնաբանությունները կներկայացնենք ավելի ուշ: Մինչ այդ, իշխանության այլ ներկայացուցիչների խնդրեցինք մեկնաբանել վերոնշյալ մտահոգությունները եւ ասել՝ կկարողանա՞ն կամ ունե՞ն ցանկություն կատարել այն պահանջները, որ ներկայացրել է հանձնաժողովը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ստեղծվելիք ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի արդյունավետության մասին մեր հարցին պատասխանելով՝ ասաց. «Իհարկե, հանձնաժողովը կարող է շատ արդյունավետ աշխատել, իհարկե կարեւոր է, թե ով կղեկավարի հանձնաժողովը, հուսով եմ, որ ընդդիմության մասնակցությունը, որը ողջունելի եմ համարում, հանկարծ չի մերժվի»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը վստահեցրեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովի դիտարկումների մասին առավել մանրամասն կխոսեն, երբ պատվիրակները վերադառնան Կիեւից. «Կարծում եմ՝ հենց վաղը հնարավորություն կունենանք ամբողջացնելու մեր դիրքորոշումը եւ որոշելու մեր անելիքները, հիմա կարող եմ ընդամենը վերահաստատել, որ կոալիցիայի շրջանակներում կա վճռականություն 1609 բանաձեւի պահանջների կատարման հարցում, եւ հունիսին ականատես կլինեք նշանակալի իրադարձությունների, որոնք ուղղված են լինելու այդ պահանջների կատարմանը»: Հիշեցրինք, որ հենց ինքն էր ժամանակավոր հանձնաժողովները որակել որպես «զավզակության տեղ»: Ուզեցինք ճշտել՝ մնո՞ւմ է նույն կարծիքին: Ասաց, որ ինքն անձամբ դեմ է ժամանակավոր հանձնաժողովներին, բայց «եթե մեր խմբակցությունը որոշի, որ դա է լավագույն ձեւը, ես չեմ առարկի»:
Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանի՝ «նախ պետք է հստակեցնել՝ ի՞նչ է նշանակում արտախորհրդարանական ընդդիմություն, որովհետեւ, ասենք, 10-20 կուսակցություն կարող են ասել, թե իրենք արտախորհրդարանական են եւ պետք է մասնակցեն: Նույնը՝ քաղաքացիական հասարակության մասով: Սրանից հետո կարելի է հարցը քննարկելի դարձնել, որովհետեւ, իրոք, դա պետք է լինի հասարակական վստահություն վայելող հանձնաժողով»: