Լրահոս
Օրվա լրահոսը

Կարայանի «Փրկությունը»

Մայիս 29,2008 00:00

Ճանաչված արձակագիր, հրապարակախոս եւ բանաստեղծ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» խորագրով վեպը՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին, փառապանծ հաղթանակի 90-ամյակի առիթով վերջերս վերահրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ: Օրերս էլ կայացել է գրքի շնորհանդեսը: Այդ առիթով Հրաչօն գրել է. «Վիպասան Ռոբերտ Կարայանի սարդարապատյան ճակատամարտի նվիրումի մասին կարելի է երկար խոսել ու երկար գրել: Նա էնքան կենդանի ոճով է գրում, որ թվում է՝ մի մասնակից էլ ինքն է… Դեռ շատ է գրվելու մեզ մեր առաջ ու աշխարհի առաջ պարզերես անող մեր սքանչելի Սարդարապատի մասին, հարկավոր է նաեւ մտածել, որ վաղուց ժամանակն է նման գրքերը թարգմանել ու հրատարակել օտար լեզուներով: Արցախյան հաղթակռվին աշխարհն ականատես եղավ, թող որ մեր անցած մորմոքուն կռիվներին էլ գրքատես լինի: Ես չեմ ուզում խոսքս երկարել: «Փրկություն» վեպի բոլոր երեք հրատարակությունների մասին տասնյակ հոդվածներ են լույս տեսել, արժանին է հատուցվել տաղանդաշատ հեղինակին: Բավարարվեմ միայն Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խոսքով՝ հիացմունքով արտաբերած ուղիղ քառորդ դար առաջ՝ Սարդարապատյան հայոց մեծ հերոսամարտին նվիրված «Փրկություն» վեպի առիթով՝ հայրենաշունչ գրող Ռոբերտ Կարայանին իմ գնահատանքով եւ օրհնությամբ: Բոլոր գնահատականներն այնքան օրահունչ, այժմեական են, որ թվում է՝ ավելորդ պիտի լինի ե՛ւ ճակատամարտի, ե՛ւ ճակատամարտի հերոսների կյանքի էջերը թերթատելը»: Ռ. Կարայանի «Փրկությանն» անդրադարձել է նաեւ արցախցի բանաստեղծ եւ հրապարակախոս Գեւորգ Աղաջանյանը. «Այսօր դառնամ եւ երախտագիտությամբ գոչեմ՝ հազար կեցցես, սիրելի բանաստեղծ, իմաստուն առակախոս, մոլեգին հրապարակախոս Ռոբերտ Կարայան՝ անչափելի այն հաճույքի համար, որ ըմբոշխնեցի «Փրկություն» վեպը կարդալիս: Դժվարանում եմ ասել՝ կարդացի վե՞պ, թե՞… Դա, ավելի ճիշտ, հրաշալի արձակ պոեմ է՝ մեր ժողովրդի հերոսական պայքարի տարեգրության, ամենադրամատիկ ժամանակներին նվիրված, որի էջերը ծիածանված են բանաստեղծական գոհար-պատկերներով, սրտալի, համեղ էջերով, անդրադարձիկ հույզերով եւ հույսերով: Լեզուն՝ հյութեղ, պատմելաոճը՝ ձգող: Թվում է, ոչ թե գիրք ես կարդում, այլ կլանված լսում ես հիասքանչ ասմունք: Այս ինչ կախարդ «ասմունքող» է Ռոբերտ Կարայանը: Գիրքը լույս է տեսել 1983 թվականին: Կարդալու են շատ եւ ավելի հեռու տարիներ հետո… Սարդարապատի հերոսամարտի փառքը դարերինն է, անխամրելի… Ցավալի է, որ հայրենի գրականության այս աննմանակ երկի մասին, ըստ էության, դեռեւս չի գրվել ու խոսվել լիաբերան, թեպետ, այո, հրապարակվել են առանձին անկեղծ ու գնահատիչ գրախոսականներ (Սեւակ Արզումանյան, արժանահիշատակ Վազգեն Մնացականյան): Սակայն դրանք քիչ են: Գիրքն արժանի է ավելիին: Ավելին չի ասվել, չի ասվում, դրա համար էլ մեզ համար սիրելի գիրքը մնում է համեստագույնը՝ լավագույնների, եւ լավագույնը՝ համեստագույնների մեջ, ինչպես ինքը՝ վառվռուն ու պարզակեցիկ հեղինակ Կարայանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել