Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալտերնատիվը» մեկնարկեց

Մայիս 29,2008 00:00

Մայիսի 27-ից «ՆՓԱԿ»-ում արդեն 10-րդ անգամ մեկնարկել է «Ժամանակակից փորձառություն» ալտերնատիվ արվեստի փառատոնը: Մասնակցում են 60 արվեստագետներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: «Փառատոնի նպատակն է՝ մի հարկի տակ հավաքել երիտասարդ արվեստագետներին եւ նրանց տալ ինքնարտահայտվելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փառատոնի համադրող, «ՆՓԱԿ»-ի կերպարվեստի բաժնի ղեկավար Դավիթ Կարեյանը: Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, այս տարի փառատոնում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ. փառատոնը Երեւանի սահմաններից դուրս է եկել:

Ներկայացված են գեղանկարներ, գծանկարներ, գրաֆիկա, վիդեո-արտ եւ այլ ժանրի գործեր: «Ժանրերի առումով փառատոնը սահմանափակումներ չի առաջադրում. ամեն ինչ թողնում ենք մասնակցի հայեցողությանը: Քանակի առումով էլ է այստեղ ազատ. հնարավոր է, որ մեկ մասնակից ներկայանա 10 աշխատանքով, եւ ընդունող հանձնաժողովը 10-ն էլ ընդունի»,- նկատեց Դ. Կարեյանը: Ինչպես նա նշեց, փառատոնի 60 մասնակիցներից 50-ը սկսնակ արվեստագետներ են՝ հիմնականում ուսանողներ, շրջանավարտներ: «Փառատոնն առաջնորդվում է հետեւյալ կարգախոսով՝ բերել, հավաքել, ներկայացնել: Շեշտը դրվում է հենց սկսնակների վրա, որոնք ունեն ստեղծագործական ջիղ, բայց չունեն հանրությանը ներկայանալու հնարավորություն»,- մեկնաբանեց Դ. Կարեյանը: Փառատոնը բաց կլինի մինչեւ հունիսի 7-ը: Մասնակիցներին սպասվում են հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ, քննարկումներ, վերլուծություններ: Իսկ ինչ վերաբերում է մրցանակներին, Դ. Կարեյանը վստահեցրեց. «Մրցանակը արվեստի ստեղծագործության հետ կապ չունի, այն նույնիսկ կխանգարի մասնակիցներին: Այդ պատճառով էլ մրցանակներ չենք սահմանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել