Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մայիս 29,2008 00:00

Առանձնահատուկ ատելություն

Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդայի առանձնահատուկ ատելությունը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հանդեպ՝ չի մեղմանում:

Հունիսի 21-ին նրանց միջեւ ԱՄՆ-ում կայանալիք ռեւանշ մրցամարտից առաջ, որին երկու բռնցքամարտիկներն էլ նախապատրաստվում են ամենայն լրջությամբ, մի քանի լրագրողներ նկատել էին, որ Միրանդան տարօրինակ կերպով հայտարարություններ չի անում: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: «Ոչ, ես չեմ լռում,- Պուերտո Ռիկոյի իր մարզումային ճամբարից անմիջապես արձագանքել է կոլումբիացին:- Ամեն անգամ պարկին հարվածելիս Աբրահամի անունն եմ տալիս: Նպատակս անցած անգամվա արածս (նկատի ունի Աբրահամի ծնոտը կոտրելը- Ա. Հ.) ավելի լավ կատարելն ու նրան նոկաուտի ենթարկելն է: Աբրահամն այս անգամ եզրափակիչ գոնգը չի լսի: Ես երբեք այս աստիճան կենտրոնացած չեմ եղել առաջիկա մենամարտից առաջ: Միակ բանը, որ ինձ մտահոգում է՝ այն է, որ այդ օրը Աբրահամի նորամուտն է լինելու ամերիկյան ռինգ: Եվ երբ ես նրան նոկաուտ անեմ, մարդիկ կասեն, թե հաղթել եմ ինչ-որ անհայտ բռնցքամարտիկի: Բայց դա ինձ միանգամայն բավարարում է, քանի որ Աբրահամը մարդկանց հիշողության մեջ կմնա որպես իմ հերթական զոհ»:

Ի տարբերություն մրցակցի, Աբրահամն իրեն, ինչպես միշտ, անհամեմատ զուսպ է պահում: «Չնայած Միրանդան 2006 թվականին ինձ պարտվել է, նա ինձնից չպետք է վախենա, բայց հարգել պարտավոր է,- ասել է Աբրահամը:- Ներկայումս մարզվում եմ օրը երկու անգամ եւ ինձ շատ լավ եմ զգում: 20 օրից կմեկնեմ Ամերիկա եւ նախապատրաստությունս կշարունակեմ այնտեղ: Միրանդա՞ն: Իմ մրցակիցներն ինձնից չպետք է սարսափեն: Ես պարզապես մտնում եմ ռինգ եւ մենամարտում: Սակայն նրանք չպետք է նաեւ ինձ անհարգալից վերաբերվեն»:

Նալբանդյանը հաջող է մեկնարկել

\"\"Փարիզում շարունակվում է 15 միլիոն 575 հազար 960 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Roland Garros» մրցաշարը, որին ավանդաբար մասնակցում են աշխարհի ուժեղագույն թենիսիստները:

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը առաջին շրջանում՝ 1/64 եզրափակիչում, 6:2, 6:4, 6:1 հաշվով երեք սեթում պայքարից դուրս է մղել իր համերկրացի Կառլոս Բերլոկին եւ հաջորդ փուլում հանդիպելու է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերեմի Շադրիի հետ:

Առաջատարների շարքում է

Ռումինիայի Բազնա քաղաքում ընթացող շախմատի «Արքաների մրցաշար- 2008» անվանումը կրող մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը չորս տուրից հետո վաստակել է 2,5 միավոր, նույնքան, որքան տանտերերից Լայոշ Պորտիշը եւ անգլիացի Նայջլ Շորթը, եւ բաժանում է 1-3-րդ տեղերը:

Ուժեղ կազմ է հավաքվել

\"\"Հունիսի 8-15-ը Երեւանում մեկնարկելու է շախմատի միջազգային մրցաշար, որին տրվել է «Հսկաների մրցաշար» անվանումը: Չնայած այս մրցաշարն անցկացվելու է առաջին անգամ, Հայաստանի շախմատի ֆեդերացիային հաջողվել է բավականին պատկառելի գրոսմայստերական կազմ հավաքագրել:

Երեւանում կմրցեն մեր լավագույն շախմատիստներից Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, հունգարացի Պետեր Լեկոն, անգլիացի Մայքլ Ադամսը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, չինացի Բու Սյանչժին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը $260 հազար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել