Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երջանկության բանաձեւն՝ ըստ աստղաբանի

Մայիս 29,2008 00:00

\"\"Էլյա Հովհաննիսյանի «դեղատոմսը»

Եթե ֆիզիկայի օրենքում մագնիսի դրական դաշտը ձգում է բացասականին, մարդու հոգեւոր աշխարհում ճիշտ հակառակն է՝ դրական մտքեր ունեցողները ձգում են դրական լիցքեր, չարակամներն էլ շրջապատվում են բացասականով: Այս կարծիքին է աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:

«Գիտությունը, տեխնիկան զարգանում են, բայց մարդու հոգեւոր աշխարհը չի զարգանում, հանդարտություն չի գտնում: Մարդիկ ակամա ռոբոտի են նմանվում կամ բնազդով ապրում: Ասենք, մարդը երազում է հասնել իր սիրած էակին, կարծում է դրանով հարցը լուծվում է, բայց սիրածին հասնելուց հետո հիասթափվում է, ապա մտածում է՝ հարուստ լինեմ՝ կհանգստանամ, բայց դա էլ չի օգնում: Վերջում կառչում է այն մտքից, որ իր բոլոր դժբախտությունների պատճառը կառավարությունն է: Բայց իրականում հենց ինքն է իր դժբախտության պատճառը»,- պարզաբանում է աստղաբանը: Ըստ նրա, մարդիկ հաճախ ապավինում են կրոնին ու եկեղեցուն, բայց կրոնը, բացի աղոթելուց, այլ առաջարկ չունի, իսկ աղոթքը չի փրկում մարդկությանը՝ նրանք մնում են նույն ծայրահեղ վիճակում: «Ոչ առանձին հարուստներ ողորմություն տալով մարդ կփրկեն, ոչ էլ կառավարությունը՝ իր ստեղծած օրենքներով: Ելքը մեկն է՝ մարդը եթե զարգացնի իր հոգեւորը, ամեն ինչ գերազանց կլինի»,- ասում է տիկին Էլյան: Նրա դիտարկմամբ, եթե մարդը լավ ու բարի բաների մասին է մտածում, շրջապատից վերցնում է դրական էներգիա, իսկ եթե նույնիսկ իր մասին էլ բացասական մտքեր արտաբերի, իր մեջ կհավաքի նաեւ կողքինների վատ ու բացասական լիցքերը, ինչից էլ սկիզբ են առնում անհաջողությունները. «Օրինակ, եթե աղջիկները մտածում են, որ իրենք լավը չեն, իրենց ոչ ոք չի սիրում եւ չեն էլ սիրի, արդյունքը լինում է այն, որ նրանք տանն են մնում ու չեն ամուսնանում: Այդ ամենի մեղավորը միայն իրենք են, որ այդ մտքերով ազդում են շրջապատի վրա ու իրենցից տղաները խուսափում են»: Տիկին Էլյան բոլորին խորհուրդ է տալիս մտածել միայն հաջողության մասին, ինչն էլ հետագա հաջողությունների գրավականն է. «Մեր ժողովուրդը փառավոր անցյալ է ունեցել, բայց այսօր վիճակն այլ է, որովհետեւ ոչ մի լավ բանի մասին ոչ մտածում է, ոչ երազում: Հիմա մտածում են, թե ում կարող են կործանել, թալանել, սպանել… Եթե այսպես շարունակվի, ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ մոլորակում մարդիկ գնալով կխանգարվեն, ինչը կբերի մասսայական շիզոֆրենիայի»:

Է. Հովհաննիսյանը հաջողակ լինելու «դեղատոմս» է առաջարկում: Նրա խոսքերով, նոր ծնված երեխայի ապագան ծնողները կարող են դրական կանխորոշել, եթե նորածնին դրական կոդ ունեցող անունով կնքեն: Նորածնի անուն-ազգանունը, ծննդյան օրն ու տարին կարող են նրա կյանքը հիմնովին փոխել: Դրանք վերածվում են թվերի, ինչի վերջնական արդյունքում ստացվում է մինչեւ 9 նիշանոց թիվ: Հենց այդ թիվն էլ մարդու կոդն է: Օրինակ, հաշվելով «Առավոտի» անվան կոդը, տիկ Էլյան պարզեց, որ այն 7-ն է, որը ասոցացվում է հաջողությունների, վերելքի եւ այլնի հետ:

Աստղաբանը պատմեց, որ իրեն հաճախ դիմում են հղի կանայք ու խնդրում հաշվել այն հաջողակ օրը, երբ կարելի է կեսարյան հատումով լույս աշխարհ բերել լավ ճագատագիր ունեցող երեխայի:

Մեր զրույցի ավարտին տիկին Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ոչ մի դեպքում չհավատալ «թուղթուգիր» բացողներին. «Ասում են՝ թուղթուգիր են արել, քանդեցինք… Նման բան լինել չի կարող, քանի որ քանդել չկա՝ մարդն է իր գործողություններով իր ճակատագիրը քանդում, երկրորդ մեղավորին փնտրելն ավելորդ է»: Մեր այն հարցին, թե՝ ճի՞շտ է Աստծո ստեղծածի մասին գուշակություններ անելը կամ ինչ-որ բան փոխելու փորձ անելը, աստղաբանը պատասխանեց. «Ամեն ինչի, այդ թվում գիտության մեջ եւս Աստծո մատը խառն է… Ինչ վերաբերում է կանխատեսումներին, դրանք ճակատագրական թվերից են կախված, թվե՛րն էլ են մեզ ղեկավարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել