Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դպրոցները կվերականգնե՞ն կորցրած վստահությունը

Մայիս 29,2008 00:00

ԳԹԿ-ն դպրոցներին այդ շանսը կտա՝ միասնական քննությունների ավարտական հատվածի ստուգումը թողնելով նրանց վրա:

Հունիսին կայանալիք միասնական քննությունները ավարտականի մասով կստուգվեն հանրակրթական դպրոցներում: Այս փաստն արդեն հասցրել է ծնողների եւ աշակերտների մտահոգության առիթ դառնալ: Նրանց մեծամասնությունը մտավախություն ունի, որ անցյալ տարվա պես դպրոցները կդիմեն բազում զեղծարարությունների:

Դեռ անցյալ տարի «Առավոտն» անդրադարձել էր այն խնդրին, որ հանրակրթական դպրոցներում գրավորները օբյեկտիվ չէին գնահատվել, նույնիսկ քննությանը չներկայացած կամ «անբավարար» ստացած երեխան վերաքննությունից հետո 20 էր ստացել: Անցյալ տարի ԳԹԿ-ի իրականացրած ուսումնասիրություններն էլ էին ցույց տվել, որ հատկապես Երեւանի դպրոցները, մեղմ ասած, չափն անցել էին: Ուստի ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե անցյալ տարվա դառը փորձը աչքի տակ ունենալով, այնուամենայնիվ, ինչո՞ւ այս տարի ավարտական քննությունների ստուգումը վստահեցին դպրոցներին: Նա պատասխանեց. «Առարկաները շատ են, անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ երբ ե՛ւ միասնականը, ե՛ւ ավարտականը ԳԹԿ-ում ենք ստուգում, թե ժամանակի տեսակետից, թե ֆիզիկական հնարավորությունների առումով չենք կարողանում հասցնել: Այդ դեպքում վտանգ կար, որ քննությունների արդյունքների հրապարակումը կարող է ձգձգվել մինչեւ աշուն: Այս տարի այլ առարկաներից էլ են միասնական քննություններ անցկացվելու, ուստի պիտի կարողանանք ամեն ինչ ճիշտ ժամանակին ստուգել, գնահատել եւ հայտարարել դրանց արդյունքները: Նաեւ պիտի ավարտականի մասով հասցնենք, որ մարդիկ ավարտական վկայական կարողանան ստանալ»: Մ. Մկրտչյանի նշած մյուս պատճառը կարելի է բարոյադաստիարակչական որակել: «Ուզում ենք ժողովրդի գիտակցությունից վերացնել այն մտայնությունը, որ բոլոր դպրոցներն ու տնօրենները վատն են: Որոշ մարդիկ ցույց կտան իրենց վստահելիությունը, մյուսները՝ կչարաշահեն մեր վստահությունը,- նկատեց Մ. Մկրտչյանը եւ դպրոցների տնօրեններին զգուշացրեց:- Եթե անգամ զեղծարարությունները տեղում էլ չհայտնաբերվեն, հետո դրանք անպայման ջրի երես դուրս կգան: Բայց գոնե վստահելի դպրոցները կդրսեւորվեն, իսկ այն կրթօջախներում, որտեղ անցյալ տարի արատավոր բաներ ենք հայտնաբերել կամ կասկածներ կան՝ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Քննությունից հետո քաղաքապետարանի, ԿԳՆ-ի, ԳԹԿ-ի համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ ստեղծված հանձնաժողովը շրջելու է պատահական դպրոցներում, ընտրելու պատահական աշակերտների աշխատանքներ եւ վերաստուգելու է դրանք: Մեծ է հավանականությունը, որ այդ ընթացքում էլ շատ բան հայտնաբերվի»:

«Առավոտը» Մ. Մկրտչյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ տարիներ հետո ավարտականի մասով աշխատանքները եւս ստուգվեն ԳԹԿ-ում: «Ամենեւին պարտադիր չէ, որ դա ԳԹԿ-ն անի, պարզապես մենք կնպաստենք դրան: Ժամանակի ընթացքում կգտնենք մեխանիզմներ, որ այդ պրոցեսն ավելի հսկելի դարձնենք»,- հնչեց պատասխանը:

«Առավոտը» զրուցեց նաեւ մի շարք դպրոցների տնօրենների հետ: Նրանցից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երաշխիք, որ անցյալ տարի դպրոցներում գրանցված խայտառակ պատկերը այս տարի էլ աչք չի ծակի: Թիվ 170 դպրոցի նորանշանակ տնօրեն Անուշ Հայրյանն ասաց. «Դպրոցին մեղադրելն անհիմն է: Միեւնույն է, վարչության եւ նախարարության մասնագետները անընդհատ վերահսկում են գործընթացը: Իսկ որպեսզի դա ավելի խիստ կազմակերպվի, մենք քննությունն անցկացնելու ենք ոչ թե դասարան առ դասարան, այլ ընդհանուր՝ մի մեծ լսարանում»: Թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն էլ արդարացավ. «Մեր դպրոցում անցյալ տարի երկու «20», մեկ «19» է գրանցվել: Իսկ եթե կողքից ինչ-ինչ բաներ են խոսում, դա արդեն մեր խնդիրը չէ»: Թիվ 105 դպրոցի տնօրեն Բելլա Սուքիասյանն էլ նկատեց՝ եթե դպրոցի վրա են մեղքը բարդում, այդ դեպքում ինչո՞ւ մյուս առարկաներից՝ բացի մաթեմատիկայից եւ հայոց լեզվից, բարձր միավորներ չեն գրանցվում. «Մյուս կողմից էլ՝ գուցե այս համակարգը անցյալ տարի նոր էր ներդրվել, դրա համար ինչ-ինչ բացթողումներ եղան: Որպեսզի դժգոհություններ չլինեն, ծնողներին հրավիրել ենք հետեւելու քննության ընթացքին: Իսկ քննասենյակներում տվյալ առարկայի մասնագետներ ներկա չեն լինելու»:

Մեր տեղեկություններով, դպրոցներում ավարտական քննություններից հետո «սեղաններ բացելու» համար հավաքվել է միջինը 25 հազար դրամ: Օրինակ՝ թիվ 105 դպրոցի տնօրենը չժխտեց այս փաստը եւ մեկնաբանեց այսպես. «Ծնողներն իրենց երեխաների ավարտական երեկոյի զգեստի, «վերջին զանգի» բեմի ձեւավորման եւ այլ ծախսերի համար գումար են հավաքում, հետո էլ ներկայացնում են, թե իբր ուսուցիչների համար են անում: Ես ժողովի ժամանակ արգելել եմ այդքան գումար հավաքել՝ պարտադրելով բավարարվել 13 հազար դրամով: Որեւէ ուսուցչի պետք չէ աշակերտների հավաքած գումարը, մանավանդ հիմա ուսուցիչը մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել