Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ այդ ըմբոստը՝ Գագիկ Մաթեւոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով հացադուլ էր հայտարարել:
Ակնհայտ է, որ իշխանությունները լիովին յուրացրել են իրենց քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները եւ դրանք գործի են դնում մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած քաղաքացիներին պատժելու նպատակով: Ասենք՝ եթե իշխանությունը որոշել է պատժել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, ապա կալանավորում է ոչ միայն Ս. Միքայելյանին, այլեւ նրա համախոհներին:
Նման մի օրինակ է Հրազդանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանի քրգործը, որը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր շարունակվելու է արդեն մեկնարկած դատաքննությունը: Նշենք, որ Գ. Մաթեւոսյանը մեղադրվում է ՀՀ Քրօրի 268 հոդվածի 2-րդ մասի եւ 271 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, համապատասխանաբար՝ թմրամիջոց պահելը եւ գործածելը:
Թվում է, թե սա որեւէ կապ չունի ո՛չ Ս. Միքայելյանի, ո՛չ նրա կամ Գ. Մաթեւոսյանի քաղաքական հայացքների հետ: Բայց դա՝ առաջին հայացքից: Գ. Մաթեւոսյանի պաշտպաններն այլ կարծիքի են եւ համարում են, որ 1989-1994թթ.-ն ղարաբաղյան պատերազմի առաջին գծում Ս. Միքայելյանի գլխավորած ջոկատի անդամ Գ. Մաթեւոսյանը քաղաքական շարժառիթներով է հետապնդվում: Կոտայքի քննչական բաժնում դեռեւս 2008թ. փետրվարի 6-ին որոշում է կայացվել թիվ 49101308 քր. գործը հարուցելու մասին: Նշված գործն օգտագործվել է ԱԺ պատգամավորի մարտական ընկերների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար՝ այն բանից հետո, երբ Ս. Միքայելյանը հայտարարել էր Լ. Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Փետրվարի 14-ին ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ա. Աբրահամյանը գրություն է գրել Կոտայքի մարզի քննչական բաժին, որում նշել է, թե «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Մկրտչյանը պարբերաբար թմրանյութ է տվել… Արսեն Արշակյանին, Ֆրունզե Ստեփանյանին, Գուրգեն Բաղդասարյանին եւ Գագիկ Մաթեւոսյանին»: Գրությունում նշված անձինք եղել են Ս. Միքայելյանի ղեկավարած «Սասուն» ջոկատից: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել նաեւ Գ. Մաթեւոսյանի տանը: Խուզարկությունից առաջ նա ոստիկաններին անակնկալ է մատուցել՝ տան բակում գտնվող ամբարից կամովին հանձնելով չորացված կանեփի թուփ: Խուզարկողները խոստովանել են, որ իրենք դա չէին էլ գտնի, եթե Մաթեւոսյանը ցույց չտար: Փաստորեն, ոստիկանությունը որեւէ օպերատիվ տեղեկությունների իրականում չի տիրապետել, իրավապահներին պարզապես պետք է եղել խուզարկել Գ. Մաթեւոսյանի տունը: Դա հիմնավորվում է նաեւ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ա. Աբրահամյանի մարտի 7-ի գրությամբ, որում նշված է. «14.02. 08թ. գրությունում նշված տվյալները, որ Ռ. Մկրտչյանը պարբերաբար թմրանյութ է տվել Ա. Արշակյանին, Ֆ. Ստեփանյանին, Գ. Մաթեւոսյանին եւ Գ. Բաղդասարյանին, չեն համապատասխանում իրականությանը»:
2008թ. մարտի 5-ին նախաքննական մարմնի որոշմամբ ՀՀ ՔՕ 268 հոդվածի 2-րդ մասով եւ 271 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար կասկածվող Գ. Մաթեւոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Մարտի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ ՔՕ 271 հոդվածի 1-ին մասով, քանի որ նախաքննական մարմինը իրավացիորեն համարել է, որ Մաթեւոսյանին չի կարող մեղսագրվել ՀՀ ՔՕ 268 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, որն ավելի խիստ պատիժ է նախատեսում: Բայց երբ ապրիլի 7-ին Գ. Մաթեւոսյանը միացել էր իր ազատամարտիկ ընկեր Արշավիր Բոզինյանին եւ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատել իր հրամանատար Ս. Միքայելյանին, նույն օրը ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ա. Աբրահամյանը նրան սպառնացել էր կալանավորել: Ապրիլի 8-ին Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վ. Պապյանը ցուցում է տվել քննիչին՝ փոփոխել Գ. Մաթեւոսյանին առաջադրված մեղադրանքը, մեղադրանք առաջադրել նաեւ ՀՀ ՔՕ 268 հոդվածի 2-րդ մասով: Միաժամանակ Վ. Պապյանը ցուցում է տվել քննիչին՝ փոխել նաեւ Գ. Մաթեւոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ. Մաթեւոսյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը տեղում բավարարվել է:
Ազատամարտիկի պաշտպանները ակնհայտ են համարում, որ սույն քրգործի վերաբերյալ իրավապահ մարմինների եւ դատարանի վերաբերմունքի փոփոխությունը իրավական հիմք չունի: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ն. Պողոսյան) նշված քրգործով տեղի ունեցող դատաքննության ընթացքում ակնհայտ դարձավ, որ գործում կան մի շարք քննչական գործողությունների արձանագրություններ, որոնք կատարվել են ՀՀ Քրդատօրով սահմանված նորմերի խախտումներով: Գ. Մաթեւոսյանի պաշտպանները մայիսի 15-ի դատական նիստի ընթացքում միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ հարցաքննել արձանագրություններից մեկում որպես ընթերականեր նշված անձանց: Դատավորը բավարարել էր միջնորդությունը, բայց մայիսի 22-ի նիստի ընթացքում պաշտպանները դատարանին ներկայացրին տեղեկանք, ըստ որի՝ նման անձինք գոյություն չունեն: