Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդին քուրդ չի

Մայիս 29,2008 00:00

Եզդին եզդի է

Երեկ Զովունի գյուղի մատույցներում եզդիները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց բարկացրել էր օրերս մի խումբ քրդերի արած հայտարարությունը, թե եզդիներն ու քրդերը նույն ազգն են: Ակցիան ղեկավարում էր, ինչպես ինքը ներկայացավ՝ Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա, վկայակոչելով պատմությունը, ասաց, որ եզդիներն աշխարհի հնագույն ազգերից մեկն են. «1100 տարի առաջ եզդիներն ունեցել են 33 տառ: Այդ տառերը գրվել են մեր Ավետարանում եւ թարգմանվել են տարբեր լեզուներով: Եթե մեկ ազգ այդքան վաղուց ունեցել է իր գիրն ու գրականությունը, ինչպե՞ս կարող է այսօր դառնալ քուրդ կամ մեկ այլ ազգ: Մենք համայնք ունենք, եւ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում համայն աշխարհի առաջ, որ ասենք, որ մենք եւ քրդերը տարբեր ենք»:

Մեր դիտարկմանը, թե քրդերն էլ վստահեցնում են, որ իրենք էլ իրենց պատմությունն ունեն եւ իրենց գիրը, որը եզդիների գրին նման է, պարոն Թամոյանը պատասխանեց. «Երդվում եմ Աստծո անունով, 2003 թվականի մարդահամարի ժամանակ քրդեր չեն հաշվառվել, նրանց լեզուն չի ճանաչվել Հայաստանում: Ի վերջո, նրանք մահմեդական են, մենք՝ արեւապաշտ, բացի այդ, եզդիներն ուրիշ ազգերի հետ ամուսնանալու իրավունք չունեն, իսկ նրանք՝ ունեն»:

Պարոն Թամոյանը հիշեցրեց, որ 1990-ականների մարդահամարի տվյալներով Հայաստանում ընդամենը 4500 քուրդ կար, որոնք էլ թողեցին-հեռացան. «Քրդերն անպատասխանատու հայտարարություններ են անում ու մեզ վիրավորում են: Ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Այս հարցի վերաբերյալ մեր համայնքն արդեն դիմել է հանրապետության դատախազին, քանի որ նրանք վիրավորում են մեր պատիվն ու արժանապատվությունը, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ: Մենք Հայաստանում համայնք ունենք, իսկ քրդերը՝ ոչ: Եթե որեւէ մեկն իրեն քուրդ է համարում, թող համարի, ես իրենց դեմ ոչինչ չունեմ: Իսկ եթե ասում են՝ մենք քուրդ ենք, վիրավորում են մեկ ամբողջ ազգի: Նրանք ցանկանում են աշխարհի երեսից վերացնել եզդիներին»: Ա. Թամոյանի պատմելով, օրերս էլ եզդիները Արտաշատում են հավաքվել, որպեսզի բողոքեն, սակայն քաղաքային իշխանությունները նրանց թույլ չեն տվել ակցիան շարունակել:

Ազիզ Թամոյանի խոսքերով, ինքը հասկանում է երկրի իրավիճակը եւ չի ցանկանում իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի առջեւ կազմակերպել: Հավաքին ներկա Շառամ Սլոյանն էլ «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ քուրդ ազգը ձեւավորվել է մուսուլմանական ազգերից 250 տարի հետո: Նա այն աստիճան վիրավորված էր եզդիներին քրդերի հետ նույնացնելուց, որ նրանց տարբեր լինելն անասունների օրինակով բացատրեց. «Միայն էշի ու ձիու խառնուրդ է լինում, որ կոչվում է ջորի, իսկ եզդու խառնուրդը չի լինում: Եթե մենք մի ազգ ենք, ինչո՞ւ են նրանք մեր գերեզմանները քանդում, հայաստանցին ղարաբաղցունը կջարդի՞: Մենք՝ մեծերս, գիտենք այդ տարբերությունները, բայց երիտասարդները, որոնք հեռուստացույցով նման հայտարարություններ են լսում, իրականում տեղյակ չեն լինի՝ ո՞րն է ճիշտը»:

«Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են քրդերն այս հարցը հիմա բարձրացրել եւ ի՞նչ են ակնկալում նման հայտարարություններ անելով, պարոն Սլոյանը պատասխանեց. «Դա նոր չի սկսել, 1989-90-ականներին այս հարցը բարձրացվել է Թուրքիայի եւ Իրանի Քուրդիստանի բնակիչների կողմից: Պատմությունը նրանց երկիր չի տալիս, դրա համար են այդպես վարվում»: Նրա կարծիքով՝ սա չլուծվող հարց է. «Այս հարցը զարգացած երկրներում չի բարձրացվում, բայց, չգիտես ինչու, Հայաստանում կարողանում են բարձրացնել: Սա նաեւ Հայաստանի կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների քանակը ավելացնելուն է միտված»: Ա. Թամոյանին շատ էր հետաքրքրում. «Եթե մենք նույն ազգն ենք, ինչո՞ւ նույն լեզվով չենք խուսում, նույն գերեզմանները չունենք ու ինչո՞ւ իրար հետ չենք ամուսնանում ու մեր աղոթքները նրանք չգիտեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել