Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ

Մայիս 29,2008 00:00

\"\"Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը գտնում է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ երիտասարդների էներգիան իրենց պետք կգա:

– Պարոն Շահգելդյան, Ձեր ղեկավարած գերատեսչությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունները եւ, Ձեր կարծիքով, դրանք ի՞նչ արդյունք կտան:

– Երբ որոշում ընդունվեց ձեւավորել արտակարգ իրավիճակների նախարարություն, նպատակն էր այս ոլորտում քաղաքականության իրականացման եւ ռազմավարության մշակման նկատմամբ ցուցաբերել համակարգային մոտեցում:

Այստեղ կա 3 հիմնական գործառույթ՝ կանխատեսում, փրկարարական եւ աջակցողական գործողություններ եւ հետեւանքների առաջնային վերացում: Նախարարության կազմում յուրաքանչյուր կառույց ունենալու է իր հստակ դերն ու նշանակությունը: Ծառայությունները պետք է փոխկապակցված լինեն, մասնավորապես՝ Հայպետհիդրոմետը եւ Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը: Այս ծառայություններն, ըստ էության, գործում են նույն ոլորտում, բայց ներկայումս գտնվում են տարբեր գերատեսչություններում: Բացի այդ, լայն են նաեւ արտասահմանյան մեր կապերն ու հարաբերությունները, սա այն ոլորտն է, որ այսօր գերակա է համարվում միջազգային կազմակերպությունների եւ առավել զարգացած երկրների կողմից: Կարեւորագույն ուղղություններից է կառավարության ծրագրում ճգնաժամային կառավարման արդիական կենտրոնի ստեղծումը եւ ձեւավորումը:

– Ի՞նչ կադրային փոփոխություններ են նախատեսվում:

– Կադրային փոփոխությունները նպատակ չեն կարող հանդիսանալ եւ ինքնանպատակ կադրային փոփոխություններ անելն, իմ համոզմամբ, անթույլատրելի է: Յուրաքանչյուր մարդ իր տեղում պետք է աշխատի, քանի որ սա հասարակությանն ուղղված պետական հատուկ ծառայություն է, եւ այս ոլորտներում կարգապահ, ապագային միտված շատ հստակ աշխատանք է պահանջվում: Այն բոլոր մարդիկ, որոնք ունակ են եւ պատրաստ են կատարելու իրենց ծառայողական պարտականությունները, ինչպես աշխատել են՝ այնպես էլ աշխատելու են: Իսկ նրանք, ովքեր չեն կատարի՝ նրանցից կազատվենք՝ օրենքով սահմանված կարգով:

– Ի՞նչ աշխատանքներ են Ձեզ համար գերակա:

– Մի շարք ուղղություններ կան: Նախեւառաջ՝ օրենսդրության արդիականացում եւ համապատասխանեցում միջազգային չափանիշներին: Այսօր տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը նույնպես պետք է համակարգվի եւ համալիր դառնա: Բացի այդ, կարեւոր է զարգացման հայեցակարգերի մշակումը, այս ոլորտն անընդհատ զարգացման կարիք է զգում: Քաղաքացիական պաշտպանության ոլորտում զինատեսակներն անընդհատ զարգանում են, ուստի մենք պետք է կարողանանք ունենալ համապատասխան ծառայություն: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվելիք նախագծեր ունենք: Այդ ծրագրերից մի մեծ հատված կապված է հանրային իրազեկման հետ: Սա այն ոլորտն է, որն անմիջականորեն պետք է աշխատի հասարակության հետ: Մտադրություն ունենք Հայաստանում ձեւավորել եվրոպական 112 ծառայության համանման ծառայություն: Ճիշտ է, ներկայումս փրկարար ծառայության կազմում կա ջոկատ, որն արձագանքում է մեր քաղաքացիների ահազանգերին, բայց խոսքը վերաբերում է ամբողջական համակարգի ստեղծմանը: Մենք այսօր կարեւորում ենք աշխատանքը երիտասարդների հետ՝ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Երիտասարդների էներգիան մշտապես եռում է, եւ շատ լավ է, որ մենք կարողանանք մեր աշխատանքի արդյունքում նրանց էներգիան ուղղել դժվար իրավիճակներում գտնվող հարեւանին, հարազատին աջակցելուն: Ծրագրել ենք մարզերում ունենալ կենտրոններ, որտեղ պատանիները ե՛ւ կուսուցանվեն, ե՛ւ կվերապատրաստվեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակի ժամանակ մարդկանց 90%-ը կարող է փրկվել հարեւանի շնորհիվ: Մինչ փրկարար ծառայությունը կժամանի՝ կողքին կանգնած մարդն ավելի շուտ է հասնում, բայց այդ մարդուն պետք է պատրաստել, նա պետք է իմանա տարրական կանոնները եւ չշփոթվի:

– Ի՞նչ խնդիր կա այսօր ձեր ոլորտում, որի լուծման հնարավորությունները շատ սուղ են:

– Տեխնիկական հագեցվածության խնդիր ունենք, տեխնիկան պետք է ավելացվի: Խիստ կարեւորում ենք նաեւ աշխատավարձերի բարձրացման հարցը: Հրշեջը, որն իր կյանքը վտանգելով, մարդ է փրկում, այսօր ընդամենը 35-40 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Բացի այդ, Հայաստանում այսօր ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ այս ոլորտի աշխատակիցների համար չկա ապահովագրական համակարգ, ինչի առկայությունը պարտադիր է:

– Այսօր հանրապետությունում, մասնավորապես՝ մայրաքաղաքում կատարվող շինարարության ընթացքում քաղաքաշինական նվազագույն նորմերն անգամ չեն պահպանվում, հետեւաբար, ասենք, հրդեհների, երկրաշարժերի ժամանակ մարդկանց փրկելու հավանականությունը նվազագույնի է հասնում, Դուք ինչպե՞ս եք դա մեկնաբանում:

– Այն, ինչ հնարավոր է՝ կանենք, շենքերի շինարարության մի մասն արդեն տեղի է ունեցել, դրանց քանդելու մասին, բնականաբար, խոսք չի կարող լինել: Ճիշտ է, մեծ մեքենաները դժվարությամբ են մուտք գործում շենքերի բակեր, սակայն այսօր կա նոր տեխնիկա, որ չափսերով շատ ավելի փոքր են եւ մեզ հնարավորություն են տալիս անգամ այդ պայմաններում աշխատելու: Դրանց ջրի արտանետման հզորությունը շատ մեծ է: Միակ բանը, որ պետք է անենք՝ անվտանգության մաքսիմալ բարձրացումն է, նոր կառուցվող շենքերի կառուցապատողներին բացատրել, հասկացնել, նկատողություն անել: Վերջիվերջո, արտակարգ իրավիճակներում մենք ենք գործելու, եւ այդ տեսանկյունից այս ոլորտում անհրաժեշտ է պայքարը խստացնել ու կոշտացնել:

– Բնակչության շրջանում դժգոհություն կա, որ երբեմն հրշեջները կանչերին ուշ են արձագանքում, ի՞նչ պետք է արվի, որ ավելի արագ արձագանքեն:

– Խնդիրները տարբեր են: Տեխնիկան հին է, բայց որպեսզի այսօր մենք կարողանանք հնարավորինս արագ տեղ հասնել՝ փորձում ենք այն մշտապես պատրաստ վիճակում պահել: Բացի այդ, մայրաքաղաքի խցանումները եւս խոչընդոտում են արագ տեղ հասնելուն: Օրինակ, արտասահմանում կան հատուկ ճանապարհներ՝ շտապօգնության, հրշեջ ծառայության համար, որոնք զերծ են մնում այդ խցանումներից: Խնդիրներ կարող են ծագել գյուղերում, մենք չենք կարող յուրաքանչյուր գյուղում հրշեջ մեքենա պահել, հետեւաբար՝ փորձելու ենք բաշխվածությունն այնպես կատարել, որպեսզի մի քանի րոպեների ընթացքում հնարավոր լինի հասնել:

– Մի քանի տարի առաջ մեր կառավարությունը ժամանակակից հակակարկտային կայաններ ձեռք բերեց, որպեսզի գյուղացու բերքն այլեւս չփչանա տեղումներից, սակայն այսօր գյուղացու բերքն ամենաշատը կարկուտներից է տուժում: Ինչո՞ւ չեն օգտագործվում այդ կայանները:

– Հակակարկտային կայանները կան, բայց դրանք տեղադրված են ոչ բոլոր մարզերում: Կարկտաբեր ամպերը հիմնականում գալիս են մեկ Թուրքիայի, մեկ էլ Վրաստանի կողմից: Մեր փորձը ցույց է տվել, որ որտեղ տեղադրված են այդ կայանները, այնտեղ կարկուտը քիչ վնասներ է պատճառում: Այդ կայանները բավականաչափ թանկ են: Մեկ հակակարկտային կայան տեղադրելն արժե մոտ 20 հազար դոլար: Այսօր մեր հանրապետության տարածքում մոտ 60 կայան ունենք, բայց մեզ անհրաժեշտ է գոնե 1000-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել