Լրահոս
Օրվա լրահոսը

«Էականորեն խախտված» ընտրություններ

Մայիս 29,2008 00:00

«Մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին ԱՄՆ Պետդեպի 2008 թ. զեկույցում, որը հրապարակվել է երեկ: «2008 թվականի փետրվարին անցկացված նախագահական ընտրություններն էականորեն խախտված էին»,- ընդգծում է Պետդեպը՝ մատնանշելով, մասնավորապես, կառավարության թեկնածուի շահեկան դիրքը, քվեատուփերի լցոնման, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության, ընտրողների ահաբեկման, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ ընդդիմության վստահված անձանց դեմ բռնությունների դեպքերը եւ ընտրողների կասկածելիորեն բարձր ակտիվությունը: «Մարտի 1-ին կառավարությունն արտակարգ դրություն մտցրեց եւ ուժ կիրառեց՝ ցրելու համար ցուցարարների մեծ զանգվածը, սահմանափակելով մամուլի ազատությունն ու հավաքներ անցկացնելու իրավունքը, ձերբակալելով բազմաթիվ ցուցարարների: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների արդյունքում զոհվեց առնվազն 10 մարդ: Արտակարգ դրությունը վերացվեց մարտի 20-ին, սակայն քաղաքացիական ազատությունների սահմանափակումները մնում են ուժի մեջ՝ շնորհիվ հավաքների մասին նոր խիստ օրենքի, ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումների եւ կառավարության ընդդիմախոսների շարունակվող ձերբակալությունների ու ահաբեկումների»,- արձանագրում է Պետդեպի զեկույցը: «Քաղաքացիներն ի վիճակի չեն ազատորեն փոխել իրենց կառավարությունը, ծեծի են ենթարկվում նախնական կալանքի տակ գտնվողները, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը գործում են անպատժելիորեն, իշխանությունները կամայական ձերբակալություններ եւ կալանավորումներ են իրականացնում, դատարանները մնում են գործադիր ճյուղի քաղաքական ճնշումների ազդեցության տակ, ազատազրկման վայրերում անառողջ պայմաններ են, թեեւ դրանք դանդաղորեն բարելավվում են, իշխանությունները սահմանափակումներ են մտցրել քաղաքացիների մասնավոր կյանքում, մամուլի եւ հավաքների ազատության նկատմամբ: Լրագրողները շարունակում են ինքնագրաքննություն կատարել, կառավարությունը եւ օրենքները սահմանափակում են կրոնի ազատությունը»,- շարունակում են զեկույցի հեղինակները:

Փաստաթուղթն անդրադառնում է նաեւ «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակման հետ կապված վերջին իրադարձություններին՝ նշելով. «Ուժեղ, համախմբված ջանքերով, Միացյալ Նահանգները եւ ոչ կառավարական կազմակերպություններն իրենց դերն ունեցան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը եթերում պահելու գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել