Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ընկերները գնում են, գալիս են նորերը

Մայիս 29,2008 00:00

Ըստ որոշ պնդումների՝ սա ոչ թե ՀՅԴ-ի, այլ Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ փոխել բոլոր նրանց, ովքեր աշխատել են Ռոբերտ Քոչարյանի հետ:

ՀՅԴ Բյուրոյի անդամ դառնալը դաշնակցական երեք նախարարներն էլ «Առավոտի» հետ զրույցում ներկայացրին որպես իրենց համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն: Բայց ակնհայտ էր, որ այդ «պատիվը» այնքան էլ իրենց սրտով չէր, ինչպես նախորդ օրը փորձում էր ներկայացնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Գյուղնախարար Դավիթ Լոքյանին հիշեցնելով Հրանտ Մարգարյանի միտքը, որ նախարարներն իրենք են որոշել թողնել պաշտոնները, հարցրինք՝ ինչո՞ւ են հրաժարվել նախարարի պաշտոնից, մի՞թե այլեւս անելիք չունեին այդ ոլորտներում. «Նախարարությունում շատ անելիք կա, կշարունակեն մեր կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուները: Նաեւ շատ անելիք ունենք ՀՅԴ Բյուրոյում, աշխարհի կառույցներում, Հայաստանի: ՀՅԴ Բյուրոյի առանձնահատկությունն այն է, որ ինքը հաշվետու է միայն Ընդհանուր ժողովին, չի կարող մեկը լինել ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ հաշվետու լինել ավելի ցածր կուսակցական կառույցների, այդ պարզ պատճառով մենք ինքներս ենք հրաժարական տվել»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք թեպետ բավական գործ կատարել են, բայց դեռ անելիք ունեին. «Բայց այն աշխատանքը, որ մենք պիտի անենք ՀՅԴ բարձրագույն մարմնում՝ Բյուրոյում, հսկայածավալ աշխատանք է, եւ դա անելու համար հնարավոր չէր երկու աշխատանքները համատեղել: Իսկ այն, ինչ պետք է անենք Բյուրոյի կազմում՝ այսօր շատ կարեւոր է, շատ անհրաժեշտ է ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ Սփյուռքի»:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւս սկսեց բացատրել, որ Բյուրոն համաշխարհային կառույց է, մեծ ծանրաբեռնվածություն ունի. «Նաեւ կարեւոր է երկրորդ սկզբունքը, որ կուսակցության մեջ գնա պաշտոնյաների ռոտացիայի համակարգ, եւ քանի որ կարող է պատկերացում լինել, որ ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ ձեւավորված է ինչ-որ էլիտար շերտ, իմ կարծիքով, ճիշտ որոշում էր: Բյուրոյի անդամը պատասխանատու պաշտոն է, երկուսի մեկտեղումը կխանգարեր»:

ՀՅԴ ՀՀ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին հարցրինք՝ Ընդհանուր ժողովի որոշումը՝ փոխել նախարարներին, չի՞ ազդում ԳՄ շահերի վրա, չէ՞ որ, ի վերջո, ԳՄ-ն է ներհայաստանյան հարցերի պատասխանատուն: Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ այդ որոշումը չի հակասում ԳՄ շահերին. «Ոչ, չի կարող հակասել, որովհետեւ մենք այնտեղ ենք եղել եւ մեր շահերը պաշտպանելու ամբողջական հնարավորություն ունեցել ենք, մեր շահը ընդհանուր է, Դաշնակցության շահը մեկն է՝ այս պահին կատարել ճիշտ մարտավարական քայլեր, որոնք կնպաստեն մեր խնդիրների լուծմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել