Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ՄԱՅԻՍԻ 28»

Մայիս 29,2008 00:00

\"\"«Կանգնեք մինչեւ վերջ»,- Սարդարապատում ժողովրդին խորհուրդ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

«Այս երկրի բախտը դուք եք վճռելու: Չպիտի հոգնեք, պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք ձեր նպատակին: Դա իմ խնդիրը չէ: Բացարձակապես ինձ համար չէ, ինչ որ անելու եք՝ ձեր երեխաների համար եք անելու: Եթե այս գիտակցությունը չունեցաք՝ մենք շատ փորձանքների կգանք: Ուրիշ բան չեմ ասում. կանգնեք մինչեւ վերջ»,- երեկ Սարդարապատում ժողովրդի հետ զրուցելիս նման հորդորով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները՝ առաջին նախագահին սատարող քաղաքական ուժերը եւ հասարակության ընդդիմադիր հատվածը, Սարդարապատի հուշահամալիր այցելեցին կեսօրին եւ ծաղկեպսակ դրեցին 1918 թվականի հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ: Առաջին նախագահին դիմավորեցին ծափերով եւ ակնհայտ հրճվանքով՝ նույնիսկ նրանք, ովքեր որեւէ քաղաքական խմբի հետ կապ չունեին եւ «ինքնուրույն» էին եկել Սարդարապատ: Չնայած վանկարկումները դադարեցնելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անընդհատ զգուշացումներին, շարժման ակտիվիստները, որոնք բավականին շատ էին, առաջին նախագահին ուղեկցում էին «Լեւոն, նախագահ», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» եւ հայտնի այլ վանկարկումներով: «Այնքան ասացիք, որ արդեն հասկացա՝ նախագահ եմ»,- կատակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Սարդարապատից առաջին նախագահն ուղեւորվեց Եռաբլուր: Նա հորդորեց նախորդ օրվանից Եռաբլուրում հացադուլ հայտարարած 11 մարդկանց դադարեցնել բողոքի ակցիան, բայց ազատամարտիկները եւ նրանց համախոհները մտադիր են շարունակել հացադուլը: Ավելին, մեր տեղեկություններով, երկու տասնյակից ավելի մարդիկ եւս ցանկություն ունեն միանալու նրանց բողոքին: Սակայն, որպեսզի ակցիաները տարերային բնույթ չկրեն եւ արդյունավետ լինեն, բողոքի այս ծայրահեղ ձեւի կողմնակիցներից ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը կկանոնակարգի եւ առաջիկայում հայտարարություն կտարածի մայրաքաղաքում բողոքի նման ակցիայի շարունակական եւ տեւական կազմակերպման մասին: Մեզ հետ զրույցում առաջին նախագահի շտաբի ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանն ասաց, որ որեւէ մանրամասների ինքը չի տիրապետում, բայց «որպես պայքարի ձեւ՝ հացադուլը լայն տարածում է գտնում ժողովրդի մեջ, եւ դա շատ ինքնաբուխ է լինում: Ես, իհարկե, չէի ցանկանա, որ իմ ընկերներն ու զինակիցներն այս արեւին ու շոգին այստեղ նստած լինեն, բայց նաեւ չեմ կարող բռնանալ իրենց իրավունքի վրա: Եթե իրենք իրենց պայքարի ձեւն այսպիսին են տեսնում եւ ընտրում, մեզ միայն մի բան է մնում՝ անընդհատ իրենց կողքին եւ իրենց հետ լինել»: Ի դեպ, առաջին նախագահը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը երեկ այցելել են նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարմանը՝ ասաց. «Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են ձգձգել բանաձեւում բարձրացված հարցերի լուծումները: Մինչեւ վերջին օրը կձգձգեն եւ վերջում կգնան այդ լուծումներին: Այսպիսով, իշխանությունը մեկ խնդիր է լուծում՝ պատրվակներ գտնել եւ քաղբանտարկյալներին պարտադրել, որպեսզի մեղադրանքների ինչ-որ մաս վերցնեն իրենց վրա: Ակնհայտ է, որ Քրեական օրենսգրքի 300 (իշխանության յուրացում- Ն. Գ.) հոդվածին համապատասխան բաներ տեղի չեն ունեցել՝ ինչպե՞ս կարելի է մեղադրանք ներկայացնել»: Մեր զրուցակիցը մի կարեւոր նկատառում էլ ունի. «Մինչեւ հիմա պարզ չէ, թե ո՞վ է ղեկավարել «Մարտի 1»-ի օպերացիան: Պարզվում է, այս պետությունում ոչ ոք չի ղեկավարել: Ուրեմն, եթե ժողովուրդը պաշտպանվել է՝ ճիշտ է արել: Պետությունն իրենց դեմ չի գործել… այդպիսի տասնյակ հարցեր կան, որոնց պատասխաններն այսօր տրված չեն: Իշխանությունները ստիպված են լինելու կալանավորվածներին ազատ արձակել, որովհետեւ պատասխան չկա, թե ո՞ւմ իշխանությունն է յուրացվել: Իշխանության յուրացումը կոնկրետ գործողություն է. Ազատության հրապարակում գտնվող մարդիկ չէին կարող իշխանություն յուրացնել: Եթե ասել են, որ ընտրությունները կեղծ են եղել՝ դա իրենց սահմանադրական իրավունքն է»: Անկախ ամեն ինչից, պաշտպանության նախկին նախարարն անթույլատրելի է համարում կալանքի տակ գտնվող նախկին ազատամարտիկների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը. «Կան բաներ, որոնք ավելի լուրջ են: Երկրապահներին, որոնք հիմնականում իրենց ուսերի վրա են կրել պատերազմը՝ դատապարտում ես իբր իշխանության յուրացման համար եւ այդ կերպ ես նոր կայացնում հասարակությանը: Օրինակ, այն, ինչ արվեց Սասուն Միքայելյանի նկատմամբ եւ հեռուստաեթերից էլ ցուցադրվեց: Հովիկի, Հուսիկի, Հակոբի, Մյասնիկի… բոլոր երկրապահների. դա ոչ թե այդ մարդկանց դեմ տրամադրություն ստեղծել է, այլ պետությունը վարկաբեկելու գործընթաց է: Չավարտված պատերազմի պարագայում նման բան անելը նշանակում է ջարդել հասարակության մարտական ոգին: Իսկ մենք արցախյան պատերազմում հաղթանակ ենք ապահովել նաեւ այդ ոգու շնորհիվ»: Վաղարշակ Հարությունյանն ասում է, որ պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ էլ կա եւ հիմա ավելի է մեծանում՝ նկատի ունենալով ադրբեջանական բանակի բյուջեի անընդհատ աճը, ադրբեջանցի այրերի կոշտ հայտարարությունները եւ Հայաստանի համեմատական թուլացումը: Ի դեպ, այստեղ մեր զրուցակիցը վերապահումներ ունի. «Նայած ինչն ենք թուլացում որակում. սահմանադրական ճանապարհով պայքա՞րը, թե՞ ընտրություն կեղծելը, վատ արտաքին քաղաքականություն վարելը: Իմ կարծիքով, վերջիններն են Հայաստանը թուլացնում: Եվ եթե Հայաստանի լիազորությունների հարցը դրված է ԵԽԽՎ-ում, իհարկե, Հայաստանն այսօր թույլ է»: Ընդդիմության հետագա գործողությունները Վաղարշակ Հարությունյանը պայմանավորում է իշխանությունների քայլերով. «Կախված դրանցից՝ քաղաքական խորհրդում որոշում կընդունվի: Եթե մինչեւ հունիսի 20-ը հանրահավաքի թույլտվություն չտրվի՝ այդ ժամանակ, անկախ ամեն ինչից, Ազատության հրապարակում հանրահավաքը տեղի կունենա»: Թե իշխանական այրերն իրենց ունեցած ռեսուրսով ինչքան կհաջողեն պահել իշխանությունը՝ «դա կախված է ընդդիմությունից»,- ասում է մեր զրուցակիցը՝ իշխանության ուժը գնահատելով այսպես. «Ընդդիմության ուժը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը տեսնում է, որ դեպի լավացում որեւէ քայլ արված չէ, եւ ժողովուրդն իր կարծիքը չի փոխի իշխանության մասին»:

Հ. Գ. Նախապես հայտարարություններ էին եղել, որ երեկոյան Հյուսիսային պողոտայի զբոսանքների մասնակիցները փորձելու են զբոսնել նաեւ Ազատության հրապարակում: Արդեն առավոտից ոստիկանության ուժերը եւ կարմիր բերետավորները կենտրոնացվել էին Ազատության հրապարակը շրջափակելու համար: Իսկ Հյուսիսային պողոտայի զբոսնողները երեկ սովորականից անհամեմատ շատ էին: Դեռ ժամը 17.00-ի սահմաններում մի խումբ մարդիկ փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ, ինչի արդյունքում քաշքշուկ է առաջացել ոստիկանության եւ ժողովրդի միջեւ: Միջադեպը արագ հարթվել է: Բարեբախտաբար լուրջ հետեւանքներ եւ այլ զարգացումներ չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել