ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, որը եղել է մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցը, երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, ըստ էության, հայտարարեց, որ ցուցարարներն այդ օրը եկել էին, մասնավորապես, իրեն սպանելու: Պատասխանելով մեր հարցին՝ ինչո՞ւ հիշյալ դեպքերից հետո միայն ընդդիմության ներկայացուցիչներ են ձերբակալված եւ ոչ մի ոստիկանի դեմ քրգործ չի հարուցվել, երբ կան հրազենով սպանված քաղաքացիներ, պարոն Հունանյանը վրդովվեց. «Ի՞նչ գործ ունեին, եկել էին ոստիկանների հետ կռիվ էին անում: Ես էլ եմ էնտեղ եղել եւ պարզ ասում եմ, գնա բոլորին ասա (փոխոստիկանապետը լրագրողին որոշել էր դիմել «դու»-ով – խմբ.)՝ մենք խաղաղ կանգնած էինք, իրենք եկան մեզ ծեծելու, իրենք ջարդվեցին, դրա համար էս վիճակն ա, եղա՞վ, եկել էին՝ մեզ սպանեին, իմացա՞ր»: