Երեկվանից բանկի պահոցում սկսվել են դրանց տեսակավորման ու բաշխման աշխատանքները
Երեկ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, ԳԹԿ-ի տնօրեն Մանուկ Մկրտչյանն ու աշխատակիցները մի քանի լրագրողների հետ այցելեցին «Արարատբանկ», որի պահոցում Լոնդոնից Երեւան տեղափոխված՝ ՀՀ պետական միասնական քննությունների թեստերն են պահվում: Երեկվանից մեկնարկել են դրանց կոմպլեկտավորման, ըստ մարզերի դիմորդների թվի՝ բաշխման ու տեսակավորման աշխատանքները, որոնք, Բ. Եսայանի հավաստմամբ, կտեւեն 2-3 օր: Նշենք, որ պահոցի 2 բանալիներից մեկը գտնվում է փոխնախարարի, իսկ մյուսը՝ ԳԹԿ տնօրենի մոտ: Մինչ պահոց մտնելը, լրագրողներս կատակում էինք, իսկ եթե հանկարծ սխալմամբ Զիմբաբվեի թեստերը Հայաստան փակ արկղերով «ժամանած» լինե՞ն: Բ. Եսայանը բացեց պահոցի դուռը, այնուհետեւ Մ. Մկրտչյանի հետ ու լրագրողների ներկայությամբ՝ արկղերը, որոնցում փակ ծրարներն էին:
«Ծրարը փակ է: Եթե բացվի, հնարավոր չի լինի նորից փակել: Յուրաքանչյուր ծրարի վրա գրված է, թե որ տարբերակից քանի թեստ կա: Ըստ քննական կենտրոնների՝ այս ծրարները կբաշխվեն, եւ յուրաքանչյուր կենտրոն կստանա իր դիմորդների թվին համապատասխան ծրար: Ծրարները քննասենյակում՝ դիմորդների ներկայացուցիչները կբացեն եւ միայն այդ ժամանակ հայտնի կլինի, թե ինչ թեստեր են»,- պարզաբանեց ԿԳ փոխնախարար Բ. Եսայանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 29-ին, 30-ին արդեն պատրաստ կլինեն յուրաքանչյուր մարզի քննական կենտրոնների համար նախատեսված արկղերը, որոնք «Հայինկասացիա» ծառայության հատուկ պահակախմբով հեռու մարզեր կճանապարհվեն հունիսի 1-ի երեկոյան, մոտ մարզեր՝ հունիսի 2-ի վաղ առավոտյան: Հունիսի 2-ին հայոց լեզու-գրականություն առարկայից քննություն կհանձնի շուրջ 14500 դիմորդ, հաջորդ օրերին մաթեմատիկայից՝ մոտ 9800, անգլերենից՝ 8000 եւ ռուսերենից՝ 1400: Փոխնախարարից պարզեցինք, որ կոնկրետ Արցախում հայոց լեզվից քննություն կհանձնի 800 հոգի, իսկ Սյունիքում, պայմանավորված Պոլիտեխնիկի՝ տեղի մասնաճյուղի առկայությամբ, մեծաթիվ են մաթեմատիկա հանձնողները:
Նշենք, որ ԳԹԿ-ում երեկ կայացավ քննական կենտրոնների ղեկավարների առաջին հավաքը՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ: Կենտրոնների ղեկավարները ծանոթացան իրենց իրավունքներին ու պարտականություններին, ստացան փաթեթներ՝ իրենց կողմից իրականացվելիք գործողությունների մասին ցուցումներով: Ամսի 29-ին նրանց ու նախարարի հաջորդ հանդիպումը կկայանա, եւ կենտրոնի յուրաքանչյուր ղեկավար ստույգ կիմանա, թե կոնկրետ որտեղ է աշխատելու: Հավանաբար, Լեւոն Մկրտչյանն՝ իբրեւ ԿԳ նախարար, վերջին անգամ կհանդիպի ոլորտի իր ենթակաների հետ, որովհետեւ, հայտնի պատճառով՝ կուսակցական առաջխաղացման արդյունքում, միասնական քննությունների ավարտից հետո նա հրաժեշտ կտա իր «պոստին»: