Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բազեն» սկսվում է

Մայիս 28,2008 00:00

Ի թիվս այլ փոփոխությունների, «Բազե-2008»-ին կլինեն հոգեւոր դպրանոցի սաների ու հաշմանդամների ջոկատներ:

Երեկ Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում ասուլիս էր հրավիրվել՝ «Բազե 2008» երիտասարդական հավաքը ներկայացնելու համար: Ներկա էին «Բազեի» տնօրեն Արթուր Սողոմոնյանը, փոխտնօրեն Հայկ Բալայանը, գեղարվեստական ղեկավար Գեւորգ Եղիազարյանը, մարզական ղեկավար Գագիկ Սարգսյանն ու լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը: Այս տարի «Բազե» հավաքը կկայանա հուլիսի 11-18-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, կմասնակցի շուրջ 650 երիտասարդ: Բանախոսների խոսքերով, հավաքի նպատակը մեկն է՝ աշխարհասփյուռ հայ երիտասարդներին մեկ հարկի ներքո հավաքելը: Ինչպես նախորդ յոթ «Բազեներին», այնպես էլ այս անգամ հավաքին մասնակցելու ցանկություն հայտնած երիտասարդներն ընտրվելու են իրենց ընդունակությունների եւ հասարակական ակտիվության սկզբունքով:

Այսօրվանից սկսած, բոլոր 18-ից 30 տարեկան երիտասարդները՝ Հայաստանից, Ջավախքից, Արցախից եւ Սփյուռքից, կարող են «Բազե 2008»-ին մասնակցելու հայտ ներկայացնել: Ինչպես յուրաքանչյուր տարի, մասնակիցները բաժանվելու են երեք ճակատի՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որոնք խորհրդանշում են ՀՀ պետական դրոշի գույները: Ըստ Ա. Ավետիսյանի, այս տարվա «Բազեում» լինելու են որոշ փոփոխություններ: Հավաքին մասնակցող ջոկատներն, օրինակ, բաղկացած են լինելու ոչ թե 12, այլ 9 հոգուց, սակայն նախորդ տարիների համեմատ ավելացել է ջոկատների քանակը: «Բացի մարզերի, պետական բուհերի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի ջոկատներից, կլինեն նաեւ հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, լրագրողների, ոչ պետական բուհերի ուսանողների, հոգեւոր դպրանոցի սաների եւ «աստղային» ջոկատներ, իսկ վերջինիս մեջ կլինեն ոչ միայն երգիչ-երգչուհիներ, այլեւ մարզիկներ»,- նշեց Ա. Ավետիսյանը: «Բազե 2008»-ի հաջորդ փոփոխությունն էլ երիտասարդական հավաքում քրիստոնեական հավատքի քարոզն է: «Նախնական պայմանավորվածության համաձայն, հավաքին իր օրհնությունը կբերի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Կազմակերպվելու է նաեւ ուխտագնացություն Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ էլ հավաքի մասնակից երիտասարդներն ըստ ցանկության կմկրտվեն»,- նշեց Ա. Ավետիսյանը:

Ա. Սողոմոնյանի փոխանցմամբ՝ խրախուսվում է մեկ երիտասարդի կողմից մի քանի մրցույթների մասնակցությունը, լինի դա մշակութային, մարզական, թե ինտելեկտուալ. «Այս տարի կրճատվել են թիմային, մարզական խաղերը, բայց առաջին անգամ կազմակերպվելու է սպորտլանդիա, որին կմասնակցի ամբողջ թիմը»: Ա. Ավետիսյանը հավելեց, որ Սիգմա TV-ի հետ պայմանավորվածության շնորհիվ հասարակությունն ամեն օր հնարավորություն կունենա ծանոթանալու «Բազեի» օրագրին, եւ հայտնեց. «Մենք երկու օր առաջ հանդիպել ենք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի եւ փոխնախարարի հետ՝ պնդել, որ անպայման երկրի ղեկավարը, վարչապետը, ԱԺ խմբակցությունները, ԱԳ նախարարը մասնակցեն «Բազեին», որովհետեւ այն երիտասարդները, որոնք դրսից են գալիս, ուզում են տպավորված հեռանալ, անպայման հանդիպել մեր երկրի ղեկավարության հետ, հանդես գալ իրենց հարցադրումներով: Մենք պետք է լավ PR մեթոդներ կիրառենք, որպեսզի Սփյուռքից շատ երիտասարդներ գան ու հաշվի չառնեն մարտի 1-ի դեպքերը»: Կազմակերպիչները նաեւ հայտնեցին, որ «Բազե 2008»-ին չեն կարող մասնակցել այն երիտասարդները, ովքեր նախորդ հավաքներին ընդգրկված են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել