Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԿԱԼ ՎՈԼՖՍՈՆԸ ԱՆԽՌՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑ» ՍԻԼՎԱՅԻՆ

Մայիս 28,2008 00:00

\"\"Իրավիճակը վերաքննիչում փոխվում է

Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեցին ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի պաշտպաններ Անժելա Կարապետյանի եւ Կարեն Մեժլումյանի պաշտպանական ճառերը: Հիշեցնենք, որ նրանց պաշտպանյալները մեղադրվել են ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001թ. դեկտեմբերի 29-ին մահափորձ կատարելու համար եւ դատապարտվել են համապատասխանաբար 11 եւ 9 տարվա ազատազրկման:

ԱԱԾ փոխգնդապետը Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում հրաժարվել էր մեղադրանքն ընդունել եւ գտնում էր, որ սադրանքը կազմակերպել են Հայաստանի անվտանգության մարմինները, որպեսզի ինքը՝ որպես կարեւորագույն ինֆորմացիայի կրող, հանրապետությունից դուրս չգա: Իսկ վերաքննիչ քրեական դատարանում «կուռկուռի ձագ» դարձած գործակալը ընդունել էր իր մեղքը, հայտնելով, որ պատվիրատուն Սիլվան է, ինքն էլ իրականացրել է պատգամավորի դեմ կատարված մահափորձը՝ «վախեցնելու» նպատակով: «Լինելով պրոֆեսիոնալ, տիրապետելով զենքին, կարող էի սպանել նրան, սակայն չեմ արել, քանի որ նպատակ չունեի սպանել Գասպարյանին»,- ասաց Յու. Վոլֆսոնը: «Պատիժը, որը ստացել եմ 2005-ից ազատազրկվելով, ավելին էր, քան ինձ հասնում էր»,- ասաց նա: Վերջինիս պաշտպան Ա. Կարապետյանի ճառը տեւեց 5 րոպե: Նա խնդրեց, որպեսզի Վոլֆսոնին, Հայաստանին մատուցած ծառայությունների համար, արդարացնեն:

«Սիլվա Ասատրյանին արդարացնելու վերաբերյալ» Կարեն Մեժլումյանի պաշտպանական ճառը տեւեց 2 ժամից ավելի:

«Թեեւ 31 էջից բաղկացած բողոքարկվող դատավճիռը կայացվել է 2007թ. հոկտեմբերի 12-ին, սակայն ի խախտումն ՀՀ քրդատօրի, պաշտպանական կողմին տրամադրվել է ոչ թե հոկտեմբերի 16-ին, այլ՝ բազմաթիվ բողոքներից հետո՝ հոկտեմբերի 22-ին, այսինքն՝ դատավճռի կայացման 11-րդ օրը, իսկ դատական նիստերի արձանագրության լազերային կրիչները, դրանց համառոտագրումների հետ միասին, տրվել են ավելի ուշ, ուստի ուսումնասիրելով 31 էջանոց դատավճիռն ու ավելի քան 1,5 տարի տեւած դատաքննության 89 դատական նիստերի ձայնային արձանագրությունների մի մասը (ֆիզիկապես հնարավոր չի եղել բոլոր ձայնային արձանագրություններին ծանոթանալ եւ համեմատել համառոտագրումների հետ), դատարանին եմ ներկայացնում սույն բողոքի լրացումը»,- ասաց պաշտպանը: Վերջինիս գնահատմամբ, դատավճռով դատարանը թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Կ. Մեժլումյանն անդրադարձավ նախաքննության մարմնի կողմից առաջադրված շարժառիթին: Որպես հանցագործության շարժառիթ եւ Սիլվա Ասատրյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, բողոքարկված դատավճռում նշվել է այն, որ 1998թ. մարտի 19-ին Ասատրյանի նախկին ամուսինը՝ Արթուր Գյուրջինյանը, որպես «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊ ընկերության նախագահ, պայմանագիր է կնքել «Արարատ» ԼՏԸ-ի նախագահ Մելիք Գասպարյանի հետ, որով պարտավորվել է ԼՏԸ-ին Ամիրյան 4/20 հասցեում տրամադրել 180 քմ մակերեսով շինարարական տեղամաս՝ 5 հարկանի շենք կառուցելու համար: Նկատի ունենալով այն, որ հետագայում «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ-ն Ամիրյան 4/20 հասցեում 180 քմ տեղամասը չի տրամադրել, բացի այդ, նշված տարածքը, ինչպես նաեւ հարակից Ամիրյան 4/22 հասցեն ծանրաբեռնված են եղել բնակելի տներով, «Արարատ» ԼՏԸ-ն իր միջոցներով դրամական փոխհատուցում է տվել վերոհիշյալ հասցեներում գտնվող տների բնակիչներին՝ տարածքներ ձեռք բերելու եւ նախատեսված շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության, 2001թ. սեպտեմբերի 26-ին Մելիք Գասպարյանը հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի, ապա ՀՀ տնտեսական դատարան՝ կատարված շինարարության արժեքի կրկնապատիկը՝ 45.980.260 ՀՀ դրամ գումարը «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ-ից եւ վերոհիշյալ 57.000 ԱՄՆ դոլարը, դրա բանկային տոկոսներ կազմող 37.620 ԱՄՆ դոլար գումարները՝ Ա. Գյուրջինյանից եւ Ս. Ասատրյանից բռնագանձելու պահանջով:

Հետագայում պարզվել է, որ գործի նյութերում նման հայցադիմում չկա եւ չի էլ եղել՝ Մելիք Գասպարյանը հայցով չի դիմել դատարան եւ Արթուր Գյուրջինյանի եւ Սիլվա Ասատրյանի դեմ որեւէ հայց չի հարուցել: Ըստ նախաքննության մարմնի, Ս. Ասատրյանը որոշել է ծայրահեղ ապօրինի քայլի դիմել՝ ֆիզիկապես հաշվեհարդար տեսնել՝ սպանել նրան:

«Դատարանը որեւէ ապացույցով չէր հիմնավորել, թե դեռեւս 1999-ից Ա. Գյուրջինյանից ամուսնալուծված եւ դստեր հետ առանձին ապրող Սիլվա Ասատրյանին ինչ հիմքով է 2001թ. վերջերին դիտել որպես «Գյուրջինյանների ընտանիքի» անդամ եւ թե կոնկրետ ում մոտ է նա դժգոհություններ հայտնել Մելիք Գասպարյանից ու դատարաններից, նման ապացույց գործի նյութերում չկա, ավելին, դա հերքվել է վկաների ցուցմունքներով եւ նրանց նախաքննական ցուցմունքների հրապարակումներով»,- նշեց պաշտպանը: Սիլվա Ասատրյանը առաջին ատյանի դատարանում ցուցմունք տալիս նշել է, որ որեւէ առնչություն Մելիք Գասպարյանի հետ չի ունեցել, նրան տեսել է 3-4 անգամ՝ 1998-ին, երբ ստորագրել է տան դիմաց գումար ստանալու ստացականները, դրանից հետո 1999թ. ամուսնալուծվել է Արթուր Գյուրջինյանից, հեռացել ու ընդհանրապես չի տեսել ու որեւէ ձեւով Մելիք Գասպարյանի հետ չի առնչվել, որեւէ թշնամանք նրա հանդեպ չի ունեցել եւ իր մոտ Մելիք Գասպարյանի նկատմամբ որոշակի տհաճ զգացումներ են առաջացել միայն իր անմեղ տղայի՝ Վարուժան Գյուրջինյանի ձերբակալությունից հետո:

23 էջից բաղկացած պաշտպանական ճառում կար առանձին անդրադարձ՝ «Յուրի Վոլֆսոնին Մելիք Գասպարյանի ավտոմեքենան պայթեցնելու պատվեր տալը հերքող մասով»:

«Վոլֆսոնի նախաքննական ցուցմունքները Սիլվա Ասատրյանի նկատմամբ զրպարտություն են, քանի որ իրականությանը չեն համապատասխանում: Վոլֆսոնը դեռեւս նախաքննության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազին եւ քննիչ Հ. Ղարախանյանին ուղղված դիմումներում մանրամասն նկարագրել է, թե ինչպիսի պայմաններում են իրենից նման սուտ ցուցմունքներ կորզվել եւ որ դրանք իրականությանը չեն համապատասխանում ու իրեն թելադրվել են»,- ասաց Կ. Մեժլումյանը:

Վերաքննիչ դատարանում Յու. Վոլֆսոնը մասնակիորեն ընդունեց մեղքը, ասելով, որ պայթյունն ինքն է կատարել Սիլվա Ասատրյանի ցուցումով, սակայն այնպես է կատարել, որ ոչ ոք չտուժի: Ըստ վերաքննիչ դատարանում տված Յու. Վոլֆսոնի ցուցմունքի՝ Ասատրյանը դեպքից մոտ երկու ամիս առաջ սկսել է իրեն համոզել, որպեսզի կատարի պայթյունը, սպանի Մելիք Գասպարյանին եւ բազմաթիվ անգամ հանդիպել են դրա համար եւ այնպես, որ Արթուրը չտեսնի: Երբ Վոլֆսոնին հարցեր առաջադրվեցին այն մասին, թե այդ բազմաթիվ գաղտնի հանդիպումները Սիլվա Ասատրյանի հետ որտե՞ղ են տեղի ունեցել, նա որեւէ կոնկրետ տեղ չկարողացավ նշել, ավելին, այն հարցին, թե ինչպե՞ս էին իրար հետ կապ հաստատում եւ որոշում հանդիպման մասին, նա ասաց, որ կամ ինքն էր զանգում Ասատրյանին, կամ Ասատրյանն՝ իրեն, անգամ նշեց, որ Սիլվան զանգում էր նաեւ իր զոքանչի տուն:

Վոլֆսոնի՝ նախաքննական ու վերաքննիչ դատարանում տրված ցուցմունքները հերքվում են հենց գործի նյութերում առկա հեռախոսային խոսակցությունների վերծանումներով, որոնցից երեւում է, որ 2001թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «բազմաթիվ հանդիպումներ» ունեցած Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի միջեւ որեւէ հեռախոսային խոսակցություն, հեռախոսազանգ չի եղել:

Պաշտպանը միջնորդեց Ս. Ասատրյանին արդարացնել: Ասատրյանը վատառողջ էր եւ չկարողացավ պաշտպանական ճառով հանդես գալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել