Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ Յեղափոխական

Մայիս 28,2008 00:00

Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին: ՀՅԴ գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են՝ հայ անկախ պետականությունը՝ իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը:

Մեկնելով վերոնշյալից՝ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը գտնում է, որ՝

– Հայաստանի Հանրապետությունը դիմագրավում է կայացման եւ ժողովրդավարացման դժվարին փուլ:

– Արցախի հիմնահարցը սպասում է արդարացի լուծման, որին անհրաժեշտ է հասնել բանակցությունների միջոցով, նաեւ՝ Ադրբեջանի ծրագրերի չեզոքացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը արագացնելու ճանապարհով:

– Վրաստանի կազմում Ջավախքը զուրկ է ինքնակառավարման հնարավորությունից:

– Արեւմտահայաստանում, Թուրքիայի այլ տարածքներում Ցեղասպանությունից փրկված հայության բեկորները շարունակում են մնալ իրավունքներից զրկված:

– Սփյուռքը Հայաստանից վերջին տարիներին տեղի ունեցած արտագաղթի հետեւանքով նոր մարտահրավերներ է դիմագրավում:

Հայության ներկա կացության այս գնահատման հիման վրա ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը կուսակցության գործունեության նորագույն հանգրվանը սահմանում է հետեւյալ տրամաբանությամբ.

Վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ներկայանալով իր ցանկով եւ սեփական թեկնածուով՝ ՀՅ Դաշնակցությունը հաստատագրել է, որ անկախ, ինքնուրույն, միայն սեփական որոշումներով առաջնորդվող կուսակցություն է: Հատկապես նախագահական ընտրություններից հետո ՀՅ Դաշնակցությունը բնական կերպով կարող էր որդեգրել խորհրդարանական առողջ ընդդիմության կեցվածք: Սակայն հետընտրական շրջանի իրադարձությունների հետեւանքով անկախ պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները կուսակցությանը դրեցին երկրի կայունությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու առաջնահերթության եւ պատասխանատվության առջեւ:

Այդ պատասխանատվության գիտակցությամբ ՀՅ Դաշնակցությունն ընդառաջեց կոալիցիայի հրավերին՝ գտնելով, որ ստորագրված համաձայնագրի քաղաքական առաջնահերթությունների իրագործումը երկիրը զարգացման որակական նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն է ստեղծում:

Առ այդ՝ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը հայտարարում է, որ կուսակցությունը՝ Երկրի եւ Սփյուռքի իր շարքերով, հետեւելու եւ վերահսկելու է քաղաքական կոալիցիայի համաձայնագրի սկզբունքային դրույթների բծախնդիր գործադրությունը: Կոալիցիայի կողմից այդ դրույթների հանձնառությունից հրաժարվելու կամ քաղաքական կամք չդրսեւորելու դեպքում ՀՅ Դաշնակցությունը իր ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական առաջադրանքները կարող է հետապնդել նաեւ կոալիցիայից դուրս՝ առանց վտանգելու երկրի անվտանգությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, գաղափարական ու քաղաքական իր սկզբունքներին:

ՀՅ Դաշնակցությունը գտնում է, որ քաղաքական կոալիցիան գործնական քայլերով առողջ ընդդիմության ձեւավորման դաշտ պետք է երաշխավորի, որպեսզի որեւէ իշխանությունից դժգոհ հասարակությունը իր պահանջները օրինական միջոցներով արտահայտելու հնարավորություն ունենա:

ՀՅ Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը նաեւ վերահաստատում է Սփյուռքի ռազմավարական կարեւորությունը Հայաստանի Հանրապետության, հայության անվտանգության ու զարգացման համար եւ հայտարարում, որ կուսակցությունը մնում է հանձնառու նրա կազմակերպման, հզորացման, հայրենիքի հետ համարկման հրամայականներին: Այս հետեւությամբ էլ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը կոչ է ուղղում սփյուռքահայությանը՝ ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Հայաստանի քաղաքացիություն ընդունելով՝ սփյուռքահայությունը կամրապնդի իր ազգային ինքնությունը, կշեշտի հանձնառությունը՝ հատկապես հայրենիքի զարգացմանը բերելիք ներդրումի առումով: Հայրենիքի զարգացման գործում այս ներգրավմամբ կխրախուսվի հայրենադարձությունը եւ հայրենիքից արտագաղթը նվազեցնելու հիմքեր կստեղծվեն: Կենսունակ, կազմակերպված, Հայրենիքի հետ մեկ ամբողջություն կազմող Սփյուռքը այսօր, առավել քան երբեք, անհրաժեշտ է՝ դիմագրավելու Թուրքիայի նախաձեռնությամբ, Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ ընթացող հակահայ արշավի նոր հանգրվանը: Կարեւոր է հատկապես վերջին տարիներին առաջընթաց արձանագրած՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, արդար հատուցման պայքարի շարունակումը՝ որպես ուրացման թուրքական պետական քաղաքականության փորձերի չեզոքացման երաշխիք:

ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը հաստատում է կուսակցության վճռական կամքը՝ անմնացորդ նվիրումով ծառայելու հայ անկախ պետականության հզորացմանը, հայության կազմակերպ միասնականության ապահովմանը, որի նպատակն է տարածաշրջանում՝ ազդեցիկ պետության, աշխարհում՝ հայության հաշվառելի գործոնի վերածվելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել