Այսքան է պահանջել Կորյուն Փիլոյանը Կարեն Թարխանյանի համար, ով հրաժարվել է Համաժողովրդական շարժման առաջին դեմքերի դեմ ցուցմունք տալ:
27-ամյա Կարեն Թարխանյանը ձերբակալվել է մարտի 4-ի երեկոյան եւ տեղափոխվել Կենտրոնի ոստիկանություն: Մոր՝ Հասմիկ Զաքինյանի վկայությամբ, այնտեղ նրան դաժան ծեծի են ենթարկել: «Դա նկարագրելու բան չի. միայն հոլիվուդյան ֆիլմերում տեսած կլինեք, թե էդտեղ ինչեր են անում»,- այսպես է պատասխանել Կարենը հարազատների հարցին՝ թե ոստիկանությունում ինչպե՞ս են վարվել իր հետ: Ճակատագրի հեգնանքով, նրան բերման է ենթարկել նույն ոստիկանը, ում ձեռքից Կարենը մի քանի անգամ «դուրս է պրծել»՝ առանց գումար տալու: «Ես դաստավկա արի՝ հանձնեցի ձեզ»,- Կենտրոնի ոստիկանությունում ասել է նա ու հեռացել: Հիմա այդ ոստիկանն ասպարեզում չկա, երկու այլ ոստիկաններ են ցուցմունք տալիս, որ Կարենին իրենք են տարել ոստիկանության բաժին: Ամենազավեշտականն այն է, որ ոստիկաններն իրենց ցուցմունքներում նշում են, որ մարտի 1-ին, Ֆրանսիական դեսպանատան մոտ՝ 20 մետր հեռավորությունից իրենք զգացել են, որ Կարենը կազմակերպիչ է եւ ոստիկաններին էլ հայհոյում էր: Մեկը պնդում է, որ մետաղյա ձողեր էր պոկում եւ բաժանում, մյուսը՝ որ բեռնատարի վրայից տալիս էին՝ ինքն էլ բաժանում էր: Ընդ որում, հետաքրքիր է, որ ոստիկանների նկարագրած արտաքինն ու հագուստներն ընդհանրապես չեն համընկնում մեկը մյուսի տված ցուցմունքին: Իսկ Կարենի հետ այդ ցուցմունքները որեւէ ընդհանուր աղերս չունեն: Բայց նախաքննության մարմինը դրանք հիմք է ընդունել եւ տղայի նկատմամբ քրեական գործ հարուցել:
Ընտանիքի հոգսը հոգալու համար Կարենը սեփական մեքենան «տաքսու տակ» է քշում: Նա ողնաշարի անբուժելի հիվանդություն ունի, որի համար հաշմանդամության կարգ ունի: Ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից: Մինչեւ ձերբակալությունը՝ վիրահատել են նրա աչքերը եւ առայժմ որեւէ հետվիրահատական մասնագիտական բուժզննում նա չի անցել: Կալանավորվելուց օրեր անց միայն պետք է պարզվեր, որ Կարենի ողջ մեղքը եղել է այն, որ մարտի 1-ին, հայտնվելով խցանման մեջ, նա մի քանի ժամ անց է կացրել Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում եւ, բնականաբար, հետաքրքրությունից դրդված իջել է մեքենայից՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Մինչդեռ մայրը՝ տիկին Հասմիկը, հանրահավաքների ակտիվ մասնակից է եղել եւ այժմ կասկածներ ունի, որ երեկոյան ուշ ժամերի, երբ որդին մեքենայով եկել է Ազատության հրապարակ՝ իր ետեւից, ոստիկաններն այնտեղ են «ֆիքսել» մեքենան: Կարենին նախ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 225-ի 4-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների մասնակցություն, ինչի համար սահմանված է տուգանք: Երկու օր անց Կենտրոնի ոստիկանությունից Կարենին տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան, իսկ դրան հաջորդող երկու օրերի ընթացքում հարազատներին չի հաջողվել ճշտել, թե, ի վերջո, ով է քննիչը եւ ումից իրենք կարող են որեւէ տեղեկություն ստանալ տղայի մասին: Խնամի-բարեկամական կապերը գործի գցելու արդյունքում են միայն հաջողում տեղեկանալ, որ մի քանի ժամից, արդեն գիշերով, Կարենի դատն է լինելու: Այդ օրերի հատուկ ձեռագրով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը տղայի խափանման միջոց է սահմանում կալանքը: Փոխվում է նաեւ մեղադրանքը՝ Քրօրի 225 հոդվածի 2-րդ մաս՝ զանգվածային անկարգությունների մասնակցություն, որը զուգորդվում է անձի կամ անձանց կողմից նախապես կազմակերպվածությամբ: Հանրային փաստաբանը, որը տրամադրվել է Կարենի պահանջով, հրաժարվել է պատասխանել հարազատների հարցերին՝ տեղեկացնելով, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, քննիչն էլ իրենից փախչում է: «Վերեւից կարգադրել են. ինչ ասել են՝ էն էլ գրել, ու գնացել են»,- պատասխանել է փաստաբանը հարազատներին: Մոտ մեկ ամիս հետո Կարենին նոր մեղադրանք է առաջադրվում. 225 հոդվածի առաջին մաս՝ կազմակերպիչ: Ավելի ուշ հարազատների այս անորոշ եւ անհասկանալի վիճակին լույս է սփռում ինքը՝ Կարենը: Նրան ստիպել են շարժման առաջին դեմքերից որեւէ մեկի դեմ ցուցմունք տալ՝ մեծահոգաբար տվյալ անձի ընտրությունը թողնելով Կարենին: Բայց քանի որ նա հրաժարվել է, պնդելով, որ ինքն անմեղ է եւ այդ մարդկանց էլ չի ճանաչում, սպառնացել են՝ «դե, էս տասը տարին կշալակես ու կգնաս»:
Մայիսի 21-ին կայացած դատավարության ժամանակ մեղադրող Կորյուն Փիլոյանը Կարենի համար պահանջել է յոթ տարվա ազատազրկում: Դատավարությունը մի իսկական խայտառակություն է եղել: Այդ, ընդ որում՝ բաց դատավարությանը, որը տեղի էր ունենում Երեւանի քրեական դատարանում, դատական կարգադրիչները սահմանափակել էին դատավարության ներկա լինելու ցանկություն հայտնած քաղաքացիների եւ ամբաստանյալների բարեկամների մուտքը՝ պատճառաբանելով, թե տեղը փոքր է: Դատական նիստի ընթացքում հարցաքննվել էին միայն Կ. Թարխանյանի դեմ ցուցմունք տված վկաները՝ երկու ոստիկանները, իսկ ամբաստանյալի օգտին ցուցմունք տվող որեւէ վկայի դատարանն այդպես էլ չէր ցանկացել լսել: Թե դատաքննության ընթացքում ՀՀ Քրդատօրի քանի՞ խախտումներ են եղել, այս պահին չենք թվարկի, որովհետեւ մի ավելի սարսափելի եւ կոպիտ օրինախախտման մասին պիտի խոսենք, որի համար նորմալ երկրում դատարանի դատավորն ու քարտուղարը պատասխանատվությունից խուսափելու տարբերակ պիտի որ չունենան: Այսպես, երեկ Կ. Թարխանյանի պաշտպան Զառա Բուդաղյանը ստացել է դատական նիստի արձանագրությունը եւ պարզել, որ այն պարզապես կեղծված է: «Այն, ինչ մենք լսել էինք դատարանում՝ իմ պաշտպանյալի, վկաների տված ցուցմունքները, չեն համապատասխանում արձանագրության մեջ եղած սղագրությանը: Կոնկրետ փաստեր կան, որոնք իմ պաշտպանյալը դատարանում չի ընդունել, բայց արձանագրությամբ պարզվում է, որ ընդունել է: Մեղադրողի հարցերին դատարանում իմ պաշտպանյալի տված պատասխանները եւս կեղծված են: Այդ կեղծիքի պատասխանատուն դատավորն ու դատական նիստի քարտուղարն է, եւ մենք պատրաստվում ենք դիտողություններ ներկայացնել եւ ապացույցները կեղծելու համար դիմել ՀՀ գլխավոր դատախազին»:
Պաշտպանական ճառի համար տղայի փաստաբանը 10 օր է խնդրել:
Հ. Գ. Ներկաները պատմում են, որ դատավոր Մարտիրոսյանը հետաքրքրվել է՝ «Լեւոն, Լեւոն գոռացե՞լ ես»: «Բոլորը գոռում էին՝ ես էլ էի գոռում» պատասխանը լսելուց հետո հեգնել է՝ «դե՝ էդ ա, էլի», ու ձեռքը դրել գլխի տակ եւ քնել: