Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մայիս 28,2008 00:00

\"\"Իրավաքաղաքական համայնապատկեր

Հացադուլ՝ Եռաբլուրում

«Ազատություն քաղբանտարկյալներին եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի լիարժեք կատարում»՝ սրանք այն պահանջներն են, որ ՀՀ իշխանություններին ներկայացնում են երեկ կեսօրից Եռաբլուրում անժամկետ հացադուլի նստած 9 ազատամարտիկները: «Մենք գտնում ենք, որ կալանավորվածներին անօրինական են պահում բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար: Մենք ուզում ենք, որ լիարժեք վերականգնվեն խաղաղ հանրահավաքներ անցկացնելու մեր՝ ՀՀ քաղաքացիներիս իրավունքները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արտակ Այվազյանը: Մեր դիտարկմանը, որ իշխանություններին չի հուզում այս ծայրահեղ միջոցը, քանի որ այս երեք ամիսների ընթացքում բազում նման դեպքեր ազդեցություն չգործեցին նրանց վրա, մեր զրուցակիցն ասաց. «Ինչքան էլ անտարբերություն դրսեւորեն, միեւնույն է՝ պետք է շարունակենք պայքարը: Նրանք երկար չեն կարող դիմանալ, վաղ թե ուշ ինչ-որ քայլ պետք է անեն: Եթե միտումնավոր են անտարբերություն դրսեւորում, միեւնույն է՝ ստիպված են լինելու հաշվի նստել իրողությունների հետ»:

Երեկոյան հացադուլավորներին այցելել էին Հյուսիսային պողոտայի զբոսանքների մշտական մասնակիցները: Մեր այցելության պահին այնտեղ էին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՆԺԿ վարչության անդամ, նախկին հացադուլավոր Հրաչյա Սարգսյանը: Եռաբլուրում հնչում էին ռազմահայրենասիրական երգեր, «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսները: Հատկապես տպավորիչ էր մի խումբ դպրոցականների պահվածքը, ովքեր «մենք ձեզ հետ ենք» բղավոցներով պտտվում էին հացադուլավորների շուրջը: Հավաքվածներին հսկում էր 4-5 ոստիկան:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վկան «սկլերո՞զ» ուներ

Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանում դատավոր Էդուարդ Նահապետյանի նախագահությամբ շարունակվեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի դեմ Գյումրիի ոստիկանության ներկայացրած վարչական հայցի քննությունը: Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են մարտի 2-ին Գյումրիի Թատերական հրապարկում հանրահավաքի կոչ անելու ու ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու մեջ: Թեեւ նախորդ դատական նիստերին Լեւոն Բարսեղյանը արդեն իսկ ապացուցել էր իր անմեղ լինելը, այդուհանդերձ որպես վկա ընդգրկել էին նաեւ դեպքի վայրում եղած մի քաղաքացու: Այդ օրը Գյումրիի Թատերական հրապարակի մերձակայքում գտնվող հարյուրավոր մարդկանցից որպես վկա ընտրել էին Սամվել Հովսեփյանին՝ Գյումրիի ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահին: Թեեւ վկան պնդում էր, որ առանձնապես ոչինչ չի եղել «ոչ էս կողմից, ոչ էլ էն»՝ նկատի ունենալով ոստիկանությանն ու Լեւոն Բարսեղյանին, սակայն երբ հարցերն իրեն դուր չէին գալիս, ձեւացնում էր, թե «սկլերոզ» ունի ու պատասխանները լավ չի հիշում: Լեւոն Բարսեղյանը հարկադրված հետաքրքրվեց. «Սկլերոզ ունենալը Ձե՞ր տպավորությունն է, թե՞ բժիշկն է դիագնոզել»: «Չէ, ես եմ զգում»,- ասաց վկան, պնդելով, որ չի հիշում անգամ քննող քննիչին: Ամփոփիչ ճառում «Ասպարեզի» նախագահը հայտարարեց. «Այս ամբողջ պատմությունը ես համարում եմ ՀՀ քաղաքացիներից մեկի սահմանադրական իրավունքների լկտի եւ ցինիկ ոտնահարում»:

Վճիռը կհրապարակվի հունիսի 6-ին:

«Հանձնաժողովի կանայք ավելի տղամարդ էին»

Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի ութ անդամներ ու վստահված անձինք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում միաբերան պնդել են, որ ամբաստանյալներ Աշոտ Զաքարյանը, Շոթա Սաղաթելյանն ու Պետրոս Մակեյանը նախագահական ընտրությունների օրն իրենց տեղամասում ոչ մի խուլիգանություն չեն կատարել, հանձնաժողովի աշխատանքները չեն ձախողել: Մնացել էին հարցաքննվելու երեք վկաներ: Փաստաբան Հովիկ Արսենյանի ջանքերով երեկ բերման էին ենթարկել եւս մեկին՝ հանձնաժողովի ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Գասպարյանին, որին մինչ այդ փորձում էին թաքցնել՝ հայտարարելով, թե նա ՌԴ-ում է: Վերջինս ցաքուցրիվ պատասխաններ էր տալիս, փորձում էր երկուստեք լավամարդ խաղալ՝ ոչ դատախազությանը խայտառակել, ոչ մյուս վկաներին նեղացնել: Փաստաբան Հովիկ Արսենյանի հարցին, թե՝ «ցուցմունքում գրել եք, որ սպառնալիքներ են հնչել, ի՞նչ սպառնալիքներ են», վկայի լեզուն կապ ընկավ, նա, որ երկար տարիներ եղել է դպրոցի փոխտնօրեն, ձեւացրեց, թե չգիտի սպառնալիք բառի բացատրությունը: Նաեւ պարզվեց, որ նրա ցուցմունքի հիմքում ընկած էր ոչ թե իր աչքով տեսածը, այլ՝ ուրիշներից լսածը: Մի խոսքով, ՀՅԴ-ի ներկայացուցիչը այնպիսի վկայություն տվեց, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ ոչինչ չի հասկանում: Մակեյանն էլ նետեց. «Հանձնաժողովի կանայք ավելի լավ տղամարդ էին, քան՝ դուք»: Դատավոր Վահե Խալաթյանը միջամտեց՝ վկային վիրավորում եք: «Մենք էլ ենք վիրավորված, սրա կեղծ ցուցմունքի պատճառով երեք ամիս է՝ նստած ենք, թող ճիշտ խոսի»,- զայրացավ Աշոտ Զաքարյանը:

Դատը հետաձգվեց մինչեւ վաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել