Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիսուն հոգանոց հացադուլ Գյումրիում

Մայիս 27,2008 00:00

\"\"Այսօրվանից Գյումրիի ԵԿՄ անդամները, Գյումրիի ուսանողական խորհրդի ու որոշ քաղաքական \"\"կուսակցությունների ներկայացուցիչներ նախազգուշական 24-ժամյա հացադուլ են հայտարարելու:

Ծայրահեղ բողոքի դիմելու պատճառը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված «խեղկատակության» քննությունն է: Այսօր դատաքննության շարունակությունն է, ու թեեւ մեղադրող կողմն ու դատավոր Վահե Խալաթյանը ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել քաղբանտարկյալների հանցագործ լինելը, այդուհանդերձ, դատը արհեստականորեն ձգձգում են:

«Ռեժիմի» նենգ քայլերից զայրացած՝ երեկ քաղբանտարկյալների ու հացադուլավորների պաշտպանության նորաստեղծ կոմիտեն հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես շարադրված է. «Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի նիստերին չի պահպանվում հրապարակային դատաքննության իրավունքը: Ամբաստանյալների հարազատների եւ քաղաքացիների մուտքը սահմանափակում է անձնագրային ռեժիմը: Նիստերը նշված ժամերից ուշ են սկսվում եւ անհարգի պատճառներով երկարաձգվում են: Բացակայում են դատարանի անաչառությունը, անկախությունը եւ միայն օրենքին ենթակա լինելը: Մեղադրողը եւ դատավորը համատեղված են: Վկաների եւ ամբաստանյալների տված ցուցմունքները հաստատում են, որ անմեղ մարդկանց նկատմամբ սարքվել են քրեական գործեր: Օրենքով սահմանված կարգով դատարանը պետք է անհապաղ, արդարացման դատավճռով ազատ արձակի Պետրոս Մակեյանին, Աշոտ Զաքարյանին, եւ Շոթա Սաղաթելյանին»:

Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ազատամարտիկները հայտարարեցին, որ դատավարությունից անմիջապես հետո՝ ժամը 18.00-ից, կսկսվի 24-ժամյա հացադուլը, չի բացառվում, որ սրան անմիջապես հաջորդեն անժամկետ հացադուլն ու ջրադուլը: Ի դեպ, այս անգամ հացադուլ անելու ցանկություն են հայտնել նաեւ ծերեր, կանայք, երիտասարդներ, «Հանրապետություն» կուսակցության ու ՀՀՇ- անդամները: «Եթե անգամ այսօր արդար դատաքննություն անցկացվի ու մեր հրամանատարը ազատ արձակվի, միեւնույն է՝ քանի դեռ Հայաստանում կա թեկուզ մեկ քաղբանտարկյալ, մենք հացադուլը շարունակելու ենք: Մենք այլընտրանք չունենք, մենք ըմբոստ ենք եղել 1988-ին եւ հիմա էլ պայքարելու ենք մինչեւ վերջ»,- ասաց «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի եղբայրը՝ Արմեն Զաքարյանը:

Այդ նույն ժամանակ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «ապօրինի ռազմամթերք» պահելու մեղադրանքով՝ Քրօրի 235 հոդվածի 1-ին մասով դատում էին նրանց ազատամարտիկ ընկերոջը՝ Արտակ Հովսեփյանին: Վերջինս Անի-Պեմզայից է՝ ՀՀՇ վարչության ակտիվիստներից, որի տանը մարտի 11-ին քսան հոգուց բաղկացած ոստիկանախումբը քսան փամփուշտ ու մեկ նռնակ է գտել: Ինչպես «Առավոտին» պատմեց ամբաստանյալի կինը՝ Սիրվարդ Պողոսյանը. «Ամուսինս հիվանդ պառկած էր, երբ ժամը 23.00-ին մեր տուն ներխուժեցին ու հայտարարեցին՝ ՀՀՇ-ական ես, քո տունն էլ պիտի խուզարկենք: Ասացինք՝ սիրով, մոռացել էինք փամփուշտների գոյության մասին: Ղարաբաղի կռիվների ժամանակ, երբ ամուսինս պատերազմի դաշտ զենք էր մատակարարում, լավն էր, չէ՞: Էն ժամանակ կարելի էր, չէ՞, ռազմամթերք պահել: Էն ժամանակ հայրենասեր էր, իսկ հիմա միտինգի գնաց՝ «դավաճա՞ն» դարձավ: Ես չէ, որ ասում եմ՝ ամուսինս քաղբանտարկյալ է, ոստիկաններն իրենք են խոստովանել, մեր տանն ասացին, որ ամուսնուս բռնում են միտինգներին մասնակցելու համար»:

Դատը հետաձգվեց մինչեւ մայիսի 29-ը: Տեղեկացնենք, որ այս դատավարությունը ԵԱՀԿ-ի հատուկ ուշադրության կենտրոնում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել