Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՎԱՆԴԱԿԱՆ

Մայիս 27,2008 00:00

Շաբաթ օրը «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում անցկացվեց ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ սեղանի թենիսի անհատական երկրորդ առաջնությունը:

Այն կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը՝ «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն «ՎիվաՍել»-ի հովանավորությամբ, որը անցած տարի նույնպես անդրանիկ առաջնության հովանավորն էր:

Միջոցառման հաջող անցկացմանը մեծապես նպաստեցին «Հայաստան» ՄՄ նախագահ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, որը կրկին սիրահոժար դահլիճը տրամադրեց մասնակիցներին, ինչպես նաեւ լեգենդար սեղանի թենիսիստներ, միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանն ու Գոհար Խանզրատյանը, որոնք հանրապետության տղաների եւ աղջիկների ազգային հավաքականների իրենց սաների հետ միասին ստանձնեցին մրցավարության կազմակերպումը:

Առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել էին 23 լրատվամիջոցների հինգ տասնյակից ավելի աշխատակիցներ: Բավականին դիտարժան պայքարից հետո լավագույն եռյակները կազմեցին:

Աղջիկներ

1. Մարինե Կարապետյան՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն

2. Թամարա Մխիթարյան՝ «Համասփյուռ» ռադիոընկերություն

3. Կարինե Աբելյան՝ «Հայոց աշխարհ» օրաթերթ

Տղաներ

1. Արսեն Թամազյան՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն

2. Սամվել Ավագյան՝ «Տարեգիր» օրաթերթ

3. Սամվել Ջինանյան՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը եւ «Միր» ՄՀՌԸ Հայաստանի ազգային մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրեցին գավաթներով, դիպլոմներով եւ հուշանվերներով, իսկ միջոցառման աջակիցներին՝ շնորհակալագրերով եւ հուշանվերներով:

Առաջնության հովանավոր «ՎիվաՍել»-ը լավագույն եռյակներին նվիրեց արժեքավոր բջջային հեռախոսներ՝ համապատասխանաբար, «ոսկե», «արծաթե» եւ «բրոնզե» հեռախոսահամարներով, իսկ բոլոր մասնակիցներին եւ մրցավարներին՝ «բրոնզե» համարներով «Ալո» կանխավճարային քարտեր:

Միջոցառումը գնալով ընդլայնում է աշխարհագրությունը: Եթե անցած տարի առաջնությանը մասնակցում էին միայն «երեւանցիները», այս անգամ հատուկ այդ նպատակով ժամանել էին նաեւ Գորիսի եւ Իջեւանի մեր գործընկերները: Հենց այս հանգամանքն էլ նկատի ունենալով եւ հաշվի առնելով լրագրողների ոգեւորությունը՝ «Առավոտն» ու «Միրը» արդեն մտածում են մրցաշարն ավանդական դարձնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել