Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային գերակայություններ

Մայիս 27,2008 00:00

Նախարարը դրանց «մասով» արդյունքները

խոստացավ հրապարակել առաջիկայում

Երեկ կայացավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ասուլիսը: Նա անդրադարձավ կառավարության կողմից հաստատված 2008-2012թ. համար նախատեսված մշակութային բաժնի գերակա ուղղություններին: Նախարարը կարեւորեց մշակութային դաշտի համաչափ զարգացումը, որը ապահովում է մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շարունակականությունը. «Դեռեւս 2007թ. ապրիլին կառավարությունն ընդունել է Հայաստանի մարզերում մշակույթի զարգացման եռամյա ծրագիր, ըստ որի՝ արդեն նախանշված են իրականացվող միջոցառումները»: Հ. Պողոսյանի փոխանցմամբ, 2009թ. անցկացվելու է արդեն իրականացված ծրագրի մոնիտորինգ, ինչի արդյունքում էլ նոր ծրագիր է կազմվելու 2010-2012 թթ. համար: Ըստ Հ. Պողոսյանի, կարեւոր է ավանդական արվեստների եւ արհեստների նպատակային գրանտային ծրագրերի ներդրումը, որից ակնկալվում է արհեստագործական կենտրոնների ու աշխատատեղերի ստեղծում. «Փորձելու ենք սոցիալական խնդիրները ներդաշնակեցնել մշակութային արտադրանքի որակի հետ: Պետք է կամաց-կամաց սովորենք սոցիալական խնդիրը լուծել ի շահ լավ մշակութային արտադրանք ստեղծելուն»: Նախարարը հայտնեց, որ, օրինակ, Քաշաթաղում սկսվել է կիրառական արվեստի հուշանվերային արտադրությունների հիմնադրումը:

Ըստ բանախոսի, 2009 թ. վերջին պատրաստ կլինեն մոնիտորինգային ծրագրի արդյունքները, որոնցով էլ կգնահատվի, թե ինչ ծրագրեր եղան եւ ինչ արդյունավետություն գրանցվեց մարզերում՝ կատարողական արվեստների, կիրառական արվեստի եւ արհեստագործության ոլորտներում. «Այս երեք ոլորտներն էլ այսօր համարվում են առաջնահերթ: Հատուկ ծրագրեր ենք իրականացնում հատկապես սահմանամերձ շրջանների համար: Նմանատիպ վայրերում շարժական թանգարանների, գրադարանների միջոցով փորձելու ենք մշակութային ժառանգությունը մատչելի դարձնել մարդկանց»:

Հ.Պողոսյանը նշեց, որ, կարեւոր գերակայություն է ոչ միայն մշակութային ժառանգության պահպանությունը, այլեւ «հանրահռչակումը». «Մենք մեր ողջ ժառանգությունը պետք է ոչ միայն կարողանանք անխաթար ձեւով ներկայացնել մեր սերունդներին, այլեւ դրանով հավուր պատշաճի ներկայանալ արտաքին աշխարհին: Այս առումով պետք է լուծվեն մշակութային ժառանգության վերականգնման եւ օգտագործման երկարաժամկետ ծրագրերի ձեւավորման հարցերը: Երբ խոսում ենք մշակութային ժառանգության մասին, ապա գործ ունենք նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության հետ: Ոչ նյութականի մասով ծրագիրն արդեն սկսված եւ հաստատված է ժամանակացույցով, ինչ վերաբերում է նյութական ժառանգությանը, ապա այստեղ սկսվել է մի ծրագիր, որի շնորհիվ արձանագրում ենք ամբողջ աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր մշակութային ժառանգությունը»: Նա անդրադառնալով այլ պետությունների տարածքներում պահպանվող մեր մշակութային ժառանգությանը, հավելեց. «Դրանց պահպանման համար պետք է այդ երկրների հետ պայմանագրեր ստորագրել եւ հայկական հուշարձաններն ընդգրկել տվյալ երկրների կողմից պահպանվող արժեքների ցուցակներում: Ցավոք, վերջին տարիներին դրսում շատ կորուստներ ենք ունեցել: Պետությունը պետք է բանակցային, խորհրդակցական ձեւերով տարբեր ատյաններում հանդիպումների ժամանակ մեր ժառանգությանը տեր կանգնի»: Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող պատմամշակութային արժեքներին, ապա, ըստ նախարարի, վաղուց ժամանակն է, որ դրանց պահպանման համար ստեղծվեն անհրաժեշտ բազա եւ վերականգնողական դպրոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել