Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»

Մայիս 27,2008 00:00

\"\"Լեւոն Մկրտչյանն այս տարի «վերջին զանգը» նշում էր դստեր՝ Էլեոնորայի հետ, որը պատրաստվում է ընդունվել Ֆրանսիական համալսարան:

Օրերս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը վեց 11-րդ դասարան ունեցող Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում մասնակցեց «վերջին զանգի» արարողությանը: Դպրոցը պատահական չէր ընտրված, քանի որ նրա դուստրը՝ Էլեոնորան, այդ դպրոցի շրջանավարտ է: «Այս շրջանավարտների առավելությունն այն է, որ դպրոցն ավարտում են Սարդարապատի եւ մայիսյան մյուս հերոսամարտերի 90-ամյակին: Նրանք կյանք են մտնելու 4-5 տարի հետո՝ ավելի հզոր, զարգացած Հայաստանում: Հավատում եմ, որ սա կլինի այն սերունդը, որը չի լքի հայրենիքը, տեր կկանգնի իր իրավունքներին եւ կշարունակի նպաստել երկրի բարգավաճմանը»: Պուշկինի դպրոցին ծնող-նախարարի աչքերով նայելով՝ Լ. Մկրտչյանը կարծիք հայտնեց. «Գոհ եմ դպրոցի ուսուցիչներից: Ցավոք, այս դպրոցը այն փոքրաթիվներից է, որը կարողացել է պահպանել երեւանցու մշակույթն ու մտածողությունը»:

Քանի որ մինչ «վերջին զանգի» օրը շատ էր խոսվում ավարտական միջոցառման կազմակերպման մասին, Լ. Մկրտչյանը լրագրողների խնդրանքով հիշեց իր ավարտական օրը. «Ավարտել եմ Չարենցի անվան դպրոցը: «Վերջին զանգի» արարողությունից հետո դասընկերներով գնացինք զբոսնելու: Իսկ երեկոն անցկացրինք այն ժամանակվա ամենահարգի հյուրանոցներից՝ «Դվինի» մեծ դահլիճում: Հետո էլ ամբողջ գիշեր ուրախ ման եկանք»:

Իսկ դստեր «վերջին զանգի» արարողությանը նախարարն շատ էր հուզվա. երեւի դրա համար, երբ հնչեց ՀՀ օրհներգը, նա ոտքի չկանգնեց: Շրջանավարտները երկտողերով շնորհակալություն էին հայտնում իրենց ուսուցիչներին եւ խնդրում գնահատականներ նշանակելիս սրտով վճիռներ կայացնել: Քիմիայի ուսուցչին էլ շնորհակալություն հայտնելիս աշակերտներից մեկը ցանկացավ, որ դասի ժամին սիրանյութ պատրաստեին եւ դրանով համադպրոցական պատվաստումներ կատարեին: Անդրադառանալով ֆիզիկայի ուսուցչին, անկեղծորեն նշեցին, որ կիլոմետրերով բացականեր ունեն եւ շաբաթը 4 անգամ լսում են, որ իրենք ոչինչ չգիտեն: Փոխարենը հավաստիացրին, որ արհեստական շնչառությանը տիրապետող հմուտ բուժակներ են:

Քանի որ նախարարը «վերջին զանգի» արարողությանը նաեւ ծնողի կարգավիճակում էր, «Առավոտը» հետաքրքրվեց, թե դստեր ծնողական ժողովներին ի՞նքն էր գալիս, թե՞ կինը: «Ժողովների երբեք չեմ գնացել: Այդ գործը հիմնականում կինս է ստանձնել»: Իսկ այն փաստը, որ նախարարի դուստրը դիմելու է ոչ թե պետական բուհ, այլ Ֆրանսիական համալսարան, բազում ենթադրությունների տեղիք է տվել: Ամենատրամաբանականը հետեւյալն է. Լ. Մկրտչյանը, որպեսզի հեռու մնա գլխացավանքներից, որոնք կառաջանան այն դեպքում, երբ պետական բուհ ընդունվելու համար դստերը բարձր միավորներ նշանակեն, որոշել է դիմել այդ քայլին: Մյուսն էլ այն է, որ այդ դեպքում երեխային արտասահման ուղարկելն ավելի հե՞շտ կլինի. «Առավոտը» այս հարցն ուղղեց նախարարին: «Դուստրս 4 տարեկանից լեզուներ է պարապել, դրանց հանդեպ հակումներ ուներ: Բացի այդ, Ֆրանսիական համալսարանում նա պիտի իրավագիտություն ուսանի, հետո ուսումը շարունակի տնտեսագիտության բնագավառում: Իսկ Ֆրանսիական համալսարանում թե կրեդիտային համակարգը, թե ուսուցման ձեւն այնպիսին է, որ այդ ամենը ավելի հեշտ կարող է անել: Նաեւ վստահ եմ՝ համալսարանը բարձր մակարդակ ունի»,- հնչեց պատասխանը:

«Առավոտը» զրուցեց նաեւ Լ. Մկրտչյանի դստեր՝ Էլեոնորայի հետ: Հարցրինք, թե նախարարի դուստր լինելը իրեն դպրոցում ինչ-ինչ առավելություններ տվե՞լ է: Նա համեստորեն ասաց՝ ոչ: Իսկ թե ինչու է ընտրել Ֆրանսիական համալսարանը եւ ոչ որեւէ պետական բուհ, Էլեոնորան պատասխանեց. «Այն միջպետական բուհ է: Ինձ դուր է գալիս այնտեղի մթնոլորտը, դասավանդման ձեւը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել