Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԵՃ՝ ՀԱՆՈՒՆ ԲՈՒՀԻ»-2

Մայիս 27,2008 00:00

\"\"«Քըրք Քրքորյան» համալսարանի ռեկտորն ընդդիմանում է եղբոր՝ բուհի տարածք մտնելուն, չնայած վերջինս դրա իրավունքն օրենքով ունի:

«Առավոտի» 24.05.

2008 համարի «Ներընտանեկան վեճ՝ հանուն բուհի» հոդվածում տեղեկացրել էինք, որ 600 ուսանող ունեցող «Քըրք Քրքորյան» համալսարանում արդեն քանի օր է՝ դադարեցված էին դասերն ու քննությունները, որովհետեւ մայիսի 22-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երեւանի քաղաքային բաժնի Կենտրոն եւ Նորք- Մարաշ բաժանմունքի ներկայացուցիչներն արգելանք էին դրել համալսարանի շենքի ու գույքի վրա: Պրոռեկտոր Ալբերտ Ոսկանյանը կատարվածը պատճառաբանել էր որպես ներընտանեկան վեճ՝ բուհի հիմնադիր, մոտ մեկ տարի առաջ վախճանված Ավետիք Մկրտչյանի զավակների՝ Արայիկ եւ Լաուրա Մկրտչյաննների միջեւ: Պրոռեկտորը, բնականաբար, ռեկտոր Լաուրա Մկրտչյանի գիտությամբ, մեղադրել էր Ա. Մկրտչյանին՝ ուսումնական գործընթացը խաթարելու մեջ: Նախորդ հրապարակման մեջ ներկայացված էր միայն կողմերից մեկի տեսակետը խնդրի վերաբերյալ, որովհետեւ Ա. Մկրտչյանի հետ չէր հաջողվել կապվել, իսկ մյուս քույրը՝ Լուսինե Մկրտչյանն ապրում է Կանադայում:

Երեկ վերջապես կապվեցինք Արայիկ Մկրտչյանի հետ: Նա ձեռնպահ մնաց խոսել կոնֆլիկտի մասին՝ փոխարենը ցույց տվեց Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը: Այնտեղ նշված էր, որ վկայականը տրված է ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա՝ բաժնային սեփականության իրավունքով՝ Արայիկ Մկրտչյանին (1/3 մաս) եւ Լուսինե Մկրտչյանին (1/3 մաս): Նույն փաստաթղթում նշված է նաեւ, որ «Քըրք Քրքորյան» համալսարանի ներկայիս ռեկտոր Լաուրա Մկրտչյանին հասանելիք բաժնի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տրված չէ: Ու քանի որ օրենքով Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը սեփականատիրոջն իրավունք է տալիս կատարել անշարժ գույքի հետ կապված ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործարքներ, ստացվում է, որ Արայիկ Մկրտչյանը իրավունք ուներ մտնել իրենը համարվող տարածք, չնայած նրա այդ քայլը արգելելու համար քույրը ոստիկաններ էր հրավիրել:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ժ. Վարդանյան) քննության առնելով Լուսինե Մկրտչյանի ներկայացուցիչ Վ. Զուռնաչյանի միջնորդությունը՝ պարզել էր, որ Արայիկ եւ Լուսինե Մկրտչյանները հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Լաուրա Մկրտչյանի՝ համասեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասն առանձնացնելու մասին: Միաժամանակ միջնորդություն էր ներկայացվել՝ որպես հայցի ապահովում արգելանք դնել Շահումյան փողոց 32/1-ում գտնվող համալսարանի շենքի եւ գույքի վրա՝ պատասխանող Լաուրա Մկրտչյանին կամ երրորդ անձանց արգելելով օտարել նշված գույքը կամ դրա հետ կապված գործարքներ կատարելն ու օգտագործելը: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը:

Ու քանի որ հետաքրքիր էր, թե ինչպես է 600 ուսանող ունեցող բուհը այլեւս տեղավորվելու մի տարածքում, որի միայն 1/3-ը ռեկտորը իրավունք ունի տնօրինել, հեռախոսով կապվեցինք ԿԳՆ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության գործակալության պետ Մհեր Մակիչյանի հետ: Նա նախ զարմացավ, թե ի՞նչ կապ ունի Մկրտչյանների կոնֆլիկտն իրենց գործակալության հետ, ավելի ուշ հաստատեց, որ, իսկապես, ուսանողության որոշակի թվաքանակի դեպքում պիտի ապահովվի որոշակի տարածք, ինչը պայմանավորված է մասնագիտություններով, կրթական ծրագրերով, ուսուցման ձեւերով եւ այլն: «Սկսենք նրանից, որ լիցենզիան չի բաժանվում, չի կիսվում, իսկ եթե իրավաբանական անձը վերակազմակերպվում է, եւ կախված նրանից, թե ինչ ձեւով է վերակազմակերպվում, առաջանում են լիցենզավորման հետ կապված հարցեր… Եթե իրավաբանական անձը ունի որոշակի ակտիվ եւ այդ ակտիվը, ենթադրենք, տարածքի տեսքով է, ու եթե նա պետք է իր տարածքը այլ նպատակի համար օգտագործի ու կրթական պրոցեսի համար տարածքը պիտի կրճատվի, նշանակում է պիտի լիցենզիայի պայմանների վերանայում լինի. տեսնենք, արդյո՞ք չափանիշներին համապատասխանում է այդ տարածքում կրթական պրոցես կազմակերպելը: Կամ եթե համալսարանը վերակազմակերպվի՝ դիցուք երկու համալսարանների, անկախ նրանից՝ գործող համալսարանն ունի գործունեության թույլտվություն, միանշանակ կարիք է լինելու երկու նոր ստեղծված կազմակերպությունների համար ընդհանուր հիմունքներով նոր լիցենզավորման գործընթաց սկսելը»,- պարզաբանեց Մ. Մակիչյանը:

Հավելենք, որ Կանադայից խմբագրություն զանգահարեց Լուսինե Մկրտչյանը եւ ասաց, որ ինքը բարիդրացիական հարաբերությունների մեջ է ինչպես եղբոր՝ Արայիկի, այնպես էլ քրոջ՝ Լաուրայի հետ: Ինչ վերաբերում է Վ. Զուռնաչյանին, նա իր ներկայացուցիչն է, որը զբաղվում է իր բաժնեմասի առանձնացման հարցերով, ու Լուսինեի խոսքով, դրանում հակաօրինական ոչինչ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել