Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/կ-ները՝ ընդդեմ ԱՄՆ դեսպանատան

Մայիս 27,2008 00:00

Նրանք ամերիկացիներից պահանջում են՝ «քթները չխոթել» մեր երկրի ներքին գործերին

Երեկ հայաստանյան մի շարք քաղաքական եւ իրավապաշտպան հ/կ-ներ նամակ էին պատրաստել ԱՄՆ դեսպանատան աշխատակից Մարկո Վերիկոնյայի դեմ, որն օրերս Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Միքայել Դանիելյանի միջեւ Տերյան փողոցում տեղի ունեցած «հակամարտությունից» հետո այցելել էր ոստիկանություն: Ըստ հ/կ-ների, դեսպանատան աշխատակիցը հանդես է եկել ի պաշտպանություն Հելսինկյան ընկերության նախագահ Միքայել Դանիելյանի: Հ/կ-ների ներկայացուցիչներին հատկապես անհանգստացրել էր այն փաստը, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը խառնվում է մեր երկրի ներքին գործերին, ընդ որում՝ երբ այդ գործով արդեն զբաղվում են ՀՀ իրավապահները: «Միջադեպին մասնակցել է մեր երկրի 2 քաղաքացի, այդ դեպքում ինչ իրավունք ունի այլ երկրի քաղաքացին այստեղ միջամտելու: Մենք այս նամակը հանձնելու ենք ԱՄՆ-ի դեսպանատուն եւ ակնկալում ենք գրավոր պատասխան, հատկապես այն հարցերին, թե Մ. Վալիկոնյան որպես քաղաքացի՞ էր Միքայել Դանիելյանի շահերի պաշտպան հանդես գալիս, թե՞ որպես ԱՄՆ դեսպանատան թույլտվությամբ էր ոստիկանությունում»,- իրենց կազմակերպած ակցիան այսպես բացատրեց «Կայունություն» շարժման հ/կ նախագահ Սարգիս Հարությունյանը:

«Առավոտի» այն հարցին, թե իրենց կարծիքով ինչո՞ւ պետք է ԱՄՆ դեսպանատունն այս գործին միջամտեր, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես քաղաքական գործիչ չեմ եւ այդ հարցին չեմ կարող քաղաքական պատասխան տալ, բայց որպես ՀՀ քաղաքացի՝ ասեմ, որ միանշանակ տեսնում եմ դրսի ուժերի ազդեցությունը մեր երկրի ապակայունացման գործընթացի վրա: Նրանց համար ավելի ձեռնտու է, որ մեզ մոտ վատ դրություն լինի, որպեսզի կարողանան կեղտոտ ջրում ձուկ որսալ: Պետք է ասել նաեւ, որ հ/կ-ների մեծ մասն էլ է դրսից ֆինանսավորվում»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կանեն, եթե դեսպանատնից իրենց նամակին չարձագանքեն, Ս. Հարությունյանն ասաց. «Եթե ոչինչ չփոխվի, առաջին հեթին ԱՄՆ դեսպանատան եւ մեր երկրում եղած միջազգային կազմակերպությունների շենքերի առջեւ պիկետ կանենք»:

Ըստ Ս. Հարությունյանի, Տիգրանն աչքի պրոբլեմ ունի եւ եթե նրա գլխին անգամ մեկ անգամ հարվածեն, հնարավոր է, որ նա ամբողջությամբ կուրանա. «Նա 2003 թվականից ունի այդ ինքնաձիգը, իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա դրա մասին ոչ ոք չգիտեր»,- ասաց նա: «Վերջապես, ԱՄՆ դեսպանատունն էլ է մեր երկրում եւ պարտավոր է ենթարկվել մեր երկրի օրենսդրությանը: Այդ գործը քննվում է ոստիկանությունում եւ թող մեր օրենսդրությամբ քննվի, ավարտվի, նոր քթները խոթեն մեր գործերի մեջ»,- ասաց «Կայունություն» շարժման անդամ Վլադիմիր Կոստանյանը: Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե որքանո՞վ է ճիշտ դեմ դուրս գալ մեկ այլ հ/կ-ի, Սարգիս Հարությունյանը պատասխանեց. «Մենք Միքայել Դանիելյանի դեմ դուրս չենք եկել, ոչ էլ ճնշում ենք գործադրում գործի ընթացքի վրա»: Նշենք, որ պատրաստված նամակում հ/կ-ներն ԱՄՆ դեսպանատնից պահանջում են անմիջապես դադարեցնել այդ միջամտությունները եւ չփորձեն ճնշումներ գործադրելու միջոցով նրանց համար ցանկալի արդյունքի հասնել: «Հույս Հայաստան» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ Ջուլիետա Գյուրնաշյանն էլ ներկաներին հռետորական հարց ուղղեց եւ ինքն էլ պատասխանեց. «Սխա՞լ եք համարում, որ Տիգրանը պաշտպանել է հայ աղջկան: Նա վարվել է իսկական տղամարդու պես, նա մաքուր ու սուրբ տղա է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել