Քաղաքացիների՝ տարիներով վճարած սոցվճարը կարող է մեկ օրում հօդս ցնդել
ՀՀ կառավարությունը մեր երկրի կենսաթոշակառուների վիճակը բարելավելու պատճառաբանությամբ վերջերս Սոցիալական ապահովագրության հիմնադրամում կառուցվածքային փոփոխություններ կատարեց: Հիմնադրամը դարձել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Սոցիալական ապահովագրության պետական ծառայություն, իսկ հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը՝ այդ ծառայության պետ: Վ. Խաչիկյանի շրջապատին մոտ կանգնած մեր աղբյուրները վկայում են, որ նախագահից ծառայության պետ դառնալու հանգամանքը պարոն Խաչիկյանը խիստ ծանր է տարել եւ դժվարությամբ է համակերպվել այն մտքին, որ այսուհետեւ կառավարությանն ուղղված իր գերատեսչության առաջարկություններն ու առարկությունները կատարվելու են աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության միջնորդությամբ: «Առավոտի» հետ զրույցում Վ. Խաչիկյանը, իհարկե, չհաստատեց, որ նոր կարգավիճակն այնքան էլ իր սրտով չէ, միայն ասաց. «Մեր իրավասությունները չեն սահմանափակվել, պարզապես փոխվել է դրանց իրականացման կարգը»:
Ոլորտի պատասխանատուները ՀՀ քաղաքացիներին անհոգ ծերություն ապահովելու համար տարիներ առաջ ծրագիր են մշակել, որն, ամենայն հավանականությամբ, կներդրվի մոտ մեկ տարուց՝ այն կոչվում է կենսաթոշակային կուտակային համակարգ: Չնայած այս նոր ծրագիրը կենսաթոշակային համակարգում նախատեսում է լուրջ բարեփոխումներ, սակայն միջազգային փորձագետների կարծիքով՝ այն դժվար թե կայանա մեր երկրի չկայացած ֆինանսական շուկայի պայմաններում: Բացի այդ, բազմաթիվ քաղաքացիների համար այդպես էլ «մութ» է մնացել, թե կուտակային համակարգն իրենից ինչ է ներկայացնում:
Նշենք, որ, ի տարբերություն գործող համակարգի, կուտակային համակարգով աշխատողի հետագա թոշակը հաշվարկվելու է ոչ միայն իր աշխատանքային ստաժով, այլեւ կատարած սոցվճարներով եւ աշխատավարձի չափով: Այսինքն, որքան բարձր լինի քաղաքացու աշխատավարձը, թոշակն այնքան բարձր է լինելու:
Վ. Խաչիկյանի մեկնաբանմամբ. «Այսօր ե՛ւ 25 հազար դրամ, ե՛ւ 400 հազար դրամ ստացող քաղաքացու կենսաթոշակը հաշվարկվում է ստաժով, չնայած նրանց գործատուները ամեն մեկի աշխատավարձին համապատասխան են սոցվճար մուծում եւ հետագայում երկուսն էլ հավասարաչափ թոշակ են ստանում, նույնիսկ պատահում է, որ թոշակը ստաժի հետ հաշվարկելով՝ ստացած աշխատավարձից բարձր է լինում: Եվ որպես այդպիսին, բարձր աշխատավարձ ստացողը չունի այն խթանելի համակարգը, որը կդրդի նրան կատարել բարձր սոցիալական վճարներ կամ հետեւել, որ իր գործատուն ներկայացնի աշխատավարձի իրական ծավալը, քանի որ ներկայումս նա դրանից չի տուժում: Ստացվում է, մենք, ըստ էության, պատժում ենք այն մարդկանց, ովքեր բարձր մասնակցություն են ունենում»:
Վազգեն Խաչիկյանի համոզմամբ, նոր համակարգով ստվերից դուրս կբերվեն չգրանցված աշխատողներն ու թաքցրած աշխատավարձերը: Մեր այն դիտարկմանը, թե այս նոր ծրագիրն էլ չի փրկի, քանի որ ներկայիս գործազրկության պայմաններում, անկախ այն բանից՝ գործատուն կգրանցի՞, թե՞ ոչ, մարդիկ ճարահատյալ համաձայնում են թաքնված աշխատել, ծառայության պետն ասաց. «Մեր երկրի գործազրկության պայմաններից ելնելով, այո, աշխատողը սակավ պաշտպանված է, քան գործատուն, եւ միշտ էլ կլինի մի գործատու, որը աշխատողին կասի. չես ուզում՝ ցտեսություն: Համակարգը դեռ պետք է ներդրվի, որպեսզի կարողանանք հետո համեմատենք: Ոչ այնքան նորմալ տնտեսվարման պայմաններում, անշուշտ, գործատուի համար ցանկալի է, որ թաքցնի թե՛ աշխատողին եւ թե՛ սոցվճարները, որովհետեւ ամեն դեպքում աշխատավարձից կատարվող մասհանումները, ի դեմս սոցվճարների, գործատուի համար ծախս է»: Պարոն Խաչիկյանի խոսքերով՝ գործատուն էլ պետք է հասկանա, որ լավ աշխատողին պահելու համար պիտի լավ սոցվճար առաջարկի, քանի որ իր եկամուտներն էլ, բացի մի քանի գործոններից, նաեւ կախված են լավ աշխատողից:
Իսկ որպեսզի ՀՀ քաղաքացին հետագայում ապահով ծերություն ունենա, ծառայության պետն առաջարկում է կամովին պարբերաբար վճարներ կատարել կուտակային հիմնադրամներին: Ի դեպ, համակարգը ներդրվելուն պես, նաեւ ստեղծվելու են մասնավոր կուտակային հիմնադրամներ, եւ քաղաքացին ինքն է որոշելու, թե ամսական ինչքան եւ որ հիմնադրամին վստահի իր գումարը: Ընդ որում, այդ հիմնադրամները քաղաքացու ներդրած գումարներին որոշակի տոկոս են ավելացնելու: Բացի գործատուի վճարած սոցվճարից, նաեւ աշխատողն էլ կարող է իր եկամուտներից որոշակի գումար մի կողմ դնել իր ծերության համար:
Հիմնադրամին վճարելիք սոցվճարի նվազագույն շեմը սահմանելու է կառավարությունը:
Քանի որ այդ հիմնադրամներն իրավունք ունեն քաղաքացիների գումարները այս կամ այն ֆինանսական շուկայում շրջանառության մեջ դնել, ուստի «Առավոտը» պարոն Խաչիկյանից հետաքրքրվեց, արդյոք սնանկանալու դեպքում պետությունը պատասխանատվությո՞ւն է կրելու: Ինչին ի պատասխան, պարոն Խաչիկյանն ասաց. «Հիմնադրամներում հսկայական գումարներ են շրջանառվելու, իսկ պետությունն ընդամենը վերահսկելու է, որ տվյալ հիմնադրամը այդ գումարները չներդնի որեւէ ռիսկային ոլորտում: Հիմնադրամը չի կարող այդ գումարը տալ, ասենք, «Սթար» սուպերմարքեթների ցանցին, որպեսզի սա էլ տանի ֆռռացնի, հետո տոկոսներ տա, այդ կարգի ռիսկային գործարքներ չեն կատարելու: Դա շրջանառվելու է պետական պարտատոմսերով, հիպոթեքային բաժնետոմսերով»: Ըստ պարոն Խաչիկյանի՝ այդ պարագայում քաղաքացու համաձայնությունը պետք չէ, թե հիմնադրամը որ բանկում կդնի իր գումարները, իսկ ամբողջ ռիսկը կրելու է հիմնադրամը: Մեր հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հիմնադրամի ընտրած բանկը սնանկանա կամ որեւէ այլ գործարք ձախողվի, ծառայության պետը պատասխանեց. «Նման բան գրեթե անհնար է, բայց եթե ֆորսմաժորային իրավիճակ եւ բանկրոտ լինի, ապա պետությունը կվճարի միայն բազային կենսաթոշակը, իսկ մնացածի համար պարտավորություն կրում է քաղաքացին, ի վերջո, հենց ինքն է որոշել, թե որ հիմնադրամում իր գումարները ներդնի»: