Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Մայիս 27,2008 00:00

Մայիսի 25-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ էին: Այդ օրը Հրազդանում բացվել էր թվով 27 ընտրական տեղամաս:

Երեկ հրապարակված պաշտոնական տեղեկությունների համաձայն, կիրակի օրը Հրազդանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 21467 հրազդանցիներից 14784-ը: Նրա միակ մրցակիցը՝ Մեսրոպ Մեսրոպյանը, ում պաշտպանելու հայտարարությամբ եւ նրան ընտրելու կոչով հանդես էին եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ու Համաժողովրդական շարժման կենտրոնը, հավաքել է 6042 քվե:

Ընտրությունների արդյունքը անակնկալ չէր հատկապես այն պատճառով, որ իրատեսները կանխատեսում էին՝ ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, այս դեպքում էլ հաղթելու է իշխանության թեկնածուն՝ տվյալ դեպքում գործող քաղաքապետ Ա. Դանիելյանը: Ընդ որում, իշխանությունների հերթական թեկնածուի «պյուռոսյան հաղթանակը» ուղեկցվել է ոչ առանց զանգվածային ընտրախախտումների՝ ընտրակաշառք բաժանելու, ուրիշի անձնագրով քվեարկելու եւ այլն:

Այս անգամ, իհարկե, ի տարբերություն հրազդանյան նախորդ՝ 2005թ. ընտրությունների, որտեղ դարձյալ «հաղթել» էր Ա. Դանիելյանը, արդյունքների ամփոփումը ծեծուջարդով կամ ոստիկանության դիմակավորված «սպեցնազի» կողմից ժողովրդին մահակներով ծեծելով կամ էլեկտրաշոկերի գործադրմամբ չի ուղեկցվել: Միաժամանակ, հանուն արդարության պետք է ասել նաեւ, որ թեկնածու Մ. Մեսրոպյանի թիմն էլ ի՛ր մեղքի բաժինն է ունեցել այդ պարտության մեջ՝ նախեւառաջ անկազմակերպ աշխատելու եւ օրինախախտումների առաջը հետեւողականորեն չառնելու համար, ինչպես օրինակ՝ տեղամասերից մեկում էր: Այստեղ, երբ լրագրողը ֆիքսեց, որ հանձնաժողովի անդամներից մեկը մի քանի անձնագիր է բերել եւ ուզում է նրանց անունից քվեարկել, հենց Մ. Մեսրոպյանի կողմնակիցները լրագրողին հորդորեցին չաղմկել՝ իբր, վիճակը չսրելու համար:

Ընդհանրապես, կիրակի օրը կայացած ընտրություններին բնորոշ էր այն, որ ընտրական հանձնաժողովների անդամները կամ նախագահն էին կեղծարարության՝ ուրիշի անձնագրով քվեարկելու կամ մեքենայով ընտրող բերելու շարժիչ ուժը: Մի դեպքում, օրինակ՝ թիվ 25/02 տեղամասում, հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը թերթում էր քվեարկողների ցուցակը եւ Ա. Դանիելյանի վստահված անձանց հանձնարարում, որ կոնկրետ մարդկանց, ովքեր, իր համոզմամբ, քվեարկելու էին Դանիելյանին, բայց դեռ չէին եկել տեղամաս, գնան ու բերեն քվեարկելու կամ գոնե նրանց անձնագրերը բերեն: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա, մեր տեղեկություններով, դա բաժանվել է ինչպես ընտրության նախորդ օրերին, այնպես էլ հե՛նց քվեարկության օրը՝ անգամ տեղամասի ներսում: Այսպես, նման մի ահազանգ ստանալուց հետո լրագրողներն ու ԱԺ «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Վարդան Խաչատրյանն ու ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը մեկնեցին «Միկրո» կոչվող թաղամասի 4-րդ մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամաս: «Առավոտի» ֆոտոթղթակիցը այստեղ՝ տեղամասի ներսում գտնվող եւ ոստիկաններին ծառայության համար հատկացված սենյակում, որտեղ սեղանի վրա դրված էր գործող քաղաքապետի բուկլետը, լուսանկարեց այս մարդուն, որը, ըստ ահազանգի, հենց այդ սենյակից ընտրողներին կաշառք էր բաժանում: Աղմուկ բարձրանալուց հետո հանձնաժողովի նախագահի զանգով տեղամաս ժամանեց մի տղամարդ, որը ներկայացավ որպես Ա. Դանիելյանի վստահված անձ ու կարողացավ կաշառատուին ոչ միայն ետնամուտքով դուրս բերել, այլեւ սպառնաց մեր ֆոտոթղթակցին իրեն չնկարել՝ խոստանալով, որ իր լուսանկարը հրապարակվելու դեպքում նրա հետ հաշվեհարդար կտեսնի:

Քաղաքապետի ընտրություններին ակտիվորեն «մասնակցում» եւ քաղաքապետի համար աշխատում էր նաեւ հրազդանցի մի հեղինակություն՝ «Ջնդե» մականունով: Նա տեղամասից տեղամաս էր շրջում եւ հանձնաժողովականներին «ինստրուկտաժ» էր անում: Մեր լուսանկարչական խցիկը նրան արձանագրել է մասնավորապես Կոճոր թաղամասի թիվ 25/01 եւ 25/02 տեղամասերում: Մի դեպքում՝ թիվ 25/01-ում, նա հրահանգներ էր տալիս հանձնաժողովի նախագահին, մյուս դեպքում՝ թիվ 25/02 տեղամասում, հե՛նց քվեարկության ընթացքում հանձնաժողովի անդամների համար «արաղախառն սեղան էր գցել» (տես լուսանկարներում):

Ընտրությունների օրը միակ բանը, ինչ անում էր մարզային ոստիկանությունը՝ տեղամասերի բակերում ծառայություն կատարելն էր վահաններով եւ մահակներով բեռնված «ՌԱՖ»-երի մեջ նստած:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները հրապարակելուց հետո մենք զրուցեցինք Մ. Մեսրոպյանի հետ: Նա փաստեց, որ թեեւ ընտրությունների ընթացքում օրինախախտումներ եղել են, այդուհանդերձ, ասաց նաեւ, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելու մտադրություն չունի, որովհետեւ, իր համոզմամբ՝ անիմաստ է գործող համակարգի պայմաններում բողոքարկել. «Աջուձախ ընտրակաշառք է բաժանվել, եւ ոստիկանությունը դրա վրա աչք փակեց: Մնում էր, որ մենք ինքնագործունեություն ծավալեինք դրա դեմն առնելու համար, բայց ես ուղղակի երկար մտածելուց հետո հրահանգեցի, որ ոչ մի ինքնագործունեություն տեղերում չլինի, որ հետո էդ սադրանքները մեր գլխին չջարդեն»: Թեկնածուի փոխանցմամբ, իր վստահված անձինք տեղի ունեցած բոլոր խախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմել են, բայց դրանցից ոչ մեկի տակ ընտրական հանձնաժողովի ոչ մի անդամ չի ստորագրել, եւ դրանք տեղամասի գրանցամատյան մուտք չեն արվել: Մ. Մեսրոպյանն ասաց նաեւ, թե սրանից հետո կաշխատի ավելի լավ պատրաստվել՝ հաջորդ ընտրություններին հաստատ հաղթելու մտադրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել