Մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը մեկ ամսով կասեցրել է մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Բարսեղյանի ծառայողական պարտականությունների կատարումը, իսկ Քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշել է ծառայողական քննություն անցկացնել նախարարության աշխատակազմում: Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն «Առավոտին» հայտնեց, որ ծառայողական քննությունը նշանակվել է իր որոշ հանձնարարականները չկատարելու պատճառով: Մեր հարցին՝ դրա տակ կա՞ «կրիմինալ», տիկին Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չկա… Հարցը կապված է ընդամենը մեր ներքին կառավարման խնդիրների հետ: Ծառայողական քննությունից հետո կպարզվի, թե հանձնարարականների չկատարման համար ո՞վ է մեղավոր եւ համապատասխան որոշում կկայացվի»: Պրն Բարսեղյանը մինչ մշակույթի նախարարություն գալը, աշխատել է այնպիսի կառույցներում, որոնք մշակույթի հետ ամենեւին կապ չունեն՝ ՀՀ առեւտրի, տրանսպորտի եւ կապի նախարարություններ, Հայլեռտեխհսկողության վարչություն, Հայջրտնտպետկոմիտե եւ այլն: Հիշեցնենք, որ նրա զբաղեցրած պաշտոնի հավակնորդներից էին մշակույթի նախկին փոխնախարար, այժմ Միավորված աշխատանքային կուսակցությունում որպես փորձագետ աշխատող Կարեն Արիստակեսյանը, մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սուրեն Հովհաննիսյանը եւ Կոտայքի մարզպետարանի մշակույթի վարչության մի աշխատակից, սակայն մշակույթի նախարարը հավանություն տվեց ոչ թե մշակույթի հետ քիչ թե շատ կապ ունեցող այս թեկնածուներից որեւէ մեկին, այլ Վ. Բարսեղյանին: Ժամանակին գրել ենք, որ նախարարությունում ի սկզբանե համոզված էին, որ Հ. Պողոսյանին ուղղակի ձեռնտու էր թույլ աշխատակազմի ղեկավար ունենալը, որովհետեւ այդ պարագայում նախարարությունում «հարցեր կլուծի» ու գումարների ելումուտին տեղյակ կլինի միայն նախարարը («Առավոտ», 10.04.2007):