Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ «ԿՔՇԵՆ» ՀՐԱՊԱՐԱԿ

Մայիս 24,2008 00:00

Այսօր երեկոյան ժամը 19-ին շրջանավարտները կհավաքվեն Ազատության հրապարակում, որտեղ, բացի քաղաքապետի շնորհավորանքը լսելուց, կունկնդրեն հայ էստրադայի ներկայացուցիչներին: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն այսկերպ իբր փորձում է արգելել «վերջին զանգի» առիթով կազմակերպվող խնջույքները: Կարելի է կարծել՝ օպերայի սրճարաններում երեխաները չեն կարող ալկոհոլային խմիչքներ օգտագործել ու մինի-խնճույքներ կազմակերպել: Ըստ մեր տեղեկությունների, բոլոր տնօրեններին ու դասղեկներին վարչությունը ստորագրել է տվել, որ իրենց սաներն անպայման «կքշվեն» Ազատության հրապարակ ու այնտեղ կմնան մինչեւ միջոցառման ավարտը՝ ժամը 23-ը: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, բնականաբար, հերքեց լուրը, հետո էլ հավելեց. «Մենք ուղղակի հրավիրել ենք, ու բոլորն էլ գալիս են»: Փոխանցելով ծնողների ու մանկավարժների անհանգստությունը, պարոն Վաթյանից հետաքրքրվեցինք, վտանգավոր չէ՞ այդքան երեխաների մի տեղում հավաքելը, նրանց անվտանգ տուն հասնելն իրենք ինչպե՞ս են պատկերացնում. «Մետրոն, տրանսպորտի մյուս միջոցներն աշխատելու են, այնպես որ, որեւէ խնդիր չի առաջանա»: Մեր հաջորդ հարցին, մարզաբնակները, Չարբախի կամ, դիցուք, 9-րդ զանգվածի դպրոցների շրջանավարտները կարո՞ղ են մետրոյով տուն հասնել, վարչության պետը անվրդով պատասխանեց. «Եթե մայր միջոցառում է քաղաքապետարանը քաղաքապետի նախաձեռնությամբ կազմակերպում, այդպիսի հրաշալի համերգ է լինելու մեր աստղերի մասնակցությամբ, բա Չարբախի կամ 9-րդ զանգվածի երեխան մեղք չի՞, որ չգա մասնակցի»:Պարոն Վաթյանը նաեւ նորմալ է վերաբերվում այն դպրոցներին, որոնց ավարտական միջոցառումները ինչ-ինչ պատճառներով անցկացվում են ո՛չ դպրոցում: Իհարկե, այս պարագայում էլ կրթության վարչությունը երկակի ստանդարտների է դիմում: Օրինակ, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի «վերջին զանգը» կկայանա Հ. Պարոնյանի անվան թատրոնում, որովհետեւ այս դպրոցի տնօրենի հետ լավ են, իսկ, ասենք, Ա. Չեխովի անվան թիվ 15 դպրոցի աշակերտներին չեն թույլատրել «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ավարտական միջոցառում անցկացնել, որովհետեւ, մեր տեղեկություններով, նրանց տնօրենի ու վարչության ջուրը «մի առվով չի հոսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել