Գիրք վեցերորդ
Գլուխ տասներկուերորդ
ԵՎՍ ՄԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Ես էս վեպս գրելն ու տպելը դադարեցրի դեռեւս փետրվարի տասնվեցին, երբ նախընտրական կրքերը գագաթնակետին հասան, ու էդ օրերին արդեն սկսեցի ներքաղաքական սյուժեներով չարագուշակ երազներ տեսնել եւ արթնանալով՝ չէի կարողանում որեւէ բան գրել, եւ չգրելս նույնպես վատ նշան էր, որովհետեւ վերջին տասը տարիներին ոչ մի օր մեջ տված չկայի ու օրական ինչ-որ բան գրում էի, ինչպես ռուսն է ասում՝ «նի դնյա բեզ ստռոչկի», բայց սույն թվի փետրվարի տասնվեցից հետո, երբ նախընտրական կրքերը գագաթնակետին հասան, ես սկսեցի չարագուշակ երազներ տեսնել եւ արթնանալով՝ որեւէ բան չէի կարողանում մտածել, որովհետեւ իմ մտածելն ու գրելն ուղղակիորեն են կախված բարձր տրամադրության ու հավատի առկայությունից, բայց ընտրություններից հետո տրամադրությունս ու հավատս չվերականգնվեցին, եւ չնայած մարդիկ ինձանից ելույթ էին պահանջում, այդուհանդերձ, ամեն օր ներկայանում էի հանրահավաքներին, եւ դա իմ քաղաքացիական մինիմումն էր, որովհետեւ ուրիշներն արդեն շուրջօրյա նստացույցի էին, եւ երբ մարտի մեկին ահավորը տեղի ունեցավ ու արտակարգ դրություն հայտարարվեց, ես ինձ-ինձ որոշեցի՝ մինչեւ Նիկոլի «Հայկական ժամանակը» չտպվի՝ իմը չեմ վերսկսի, ու էդ ժամանակ նույնիսկ չէի մտածում, որ լարված ջղերով ու անհանգիստ խղճով երբեւէ ճերմակ թղթի առաջ նստած չկամ, եւ երբ էդ բանը վերջնականապես հասկացա, Նիկոլինն արդեն սկսեց տպվել, եւ չնայած Նիկոլը հետախուզման մեջ էր, Աննան ու Հայկը լավ էլ գլուխ էին հանում՝ իհարկե ո՛չ առանց Նիկոլի հեռակա թղթակցությունների, մինչդեռ իմը չէր գրվում ու չէր գրվում, որովհետեւ լարվածությունս չափազանց էր, ու խիղճս էլ՝ չափազանց անհանգիստ, եւ երբ Նիկոլի բանաստեղծությունը տպագրվեց, ես, չնայած նախկինում էլ էի իմացել ու հասկացել, հիմա վերջնականապես իմացա ու հասկացա, որ որոշ մարդկանց մոտ լարվածությունը բնավ էլ ուղեղային մթագնումներ չի առաջացնում, ավելին՝ որոշակի պայծառացումներ է առաջացնում, մինչդեռ որոշների մտավոր ու հոգեկան լարվածությունն ուղեղի որոշակի խցանումներ է առաջացնում, եւ չնայած էս երկրորդ տեսակին եմ պատկանում, ինքս ինձ խոսք էի տվել, որ հենց Նիկոլի «Հայկական ժամանակը» վերսկսվի, իմն էլ եմ սկսելու գրել ու տպել, մինչդեռ կյանքն իրենն էր անում, եւ փոխանակ իմ գրելն ու տպվելը վերսկսվեին, թոքաբորբս ու շաքարս վերսկսվեցին, ու ես արդեն մտածեցի՝ մինչեւ բոլոր ձերբակալվածներն ազատ չարձակվեն՝ իմը չեմ վերսկսի, մանավանդ որ՝ հատուկենտ ընթերցողներս մանրից արդեն համակերպվում էին չգրելուս ու չտպվելուս փաստին, եւ չնայած հորաքույրս, Արիսն ու տիկին Էռնան ոչ միայն չէին համակերպվում, այլեւ պարտադրում էին վերսկսել, ես էդ օրերին դեռեւս չէի հավատում, որ ուրիշների պես ինքս էլ եմ ի վիճակի լարված հանգամանքներում հոդաբաշխ մտքեր արտահայտել, բայց երբ ֆինանսականս սաստկացավ, ես միտքս փոխեցի եւ ինքս ինձ խոսք տվի, որ եթե գոնե մի լեւոնականի ազատ արձակեն, անմիջապես գրելս կվերսկսեմ, մանավանդ որ՝ էդ պահի դրությամբ երկրորդ թոքաբորբս ու շաքարս արդեն որոշակիորեն տեղի էին տվել, ու որոշ չափով նախկին կյանքս վերսկսվել էր, այսինքն՝ վերստին բուքմեյքերական էի գնում եւ չնայած միջոցների բացակայության պատճառով խաղադրույքներ չէի դնում, բայց տղերքի դրածները լրջորեն հետները քննարկում էի, եւ շունչս մանրից բացվում էր, եւ երբ ապրիլի տասնութին գիշերով բուքմեյքերականից տուն վերադարձա, եւ երբ կինս ասաց, որ մեր երկրորդ հարկի հարեւան՝ «Տիգրան Մեծի» հրամանատար Վովային ազատ են արձակել, շունչս ավելի բացվեց, եւ ես առավոտյան արթնանալով՝ մասամբ հանգստացած խղճով էս գրելիքս վերսկսեցի, ու գրելուս ամբողջ ընթացքում մտածում էի՝ իշխանությունները Վովային բաց են թողել՝ երեւի մտածելով, որ պատերազմի վերսկսվելու դեպքում էլի իր ու իր նմանների հույսին ենք լինելու, ու էդ բանը մտածելով՝ մի քիչ էլ գրեցի, որովհետեւ արդեն հիմնավորապես էի տրամադրվել, եւ գրելս շարունակելով՝ նաեւ մտածում էի, որ մի քիչ էլ կգրեմ ու նոր կիջնեմ Վովայենց՝ որ հաստատ զարթնած լինի, եւ երբ ահագին գրել էի, նայեցի ժամացույցին՝ արդեն տասներկուսն էր, ու Վովայենց իջնելով եւ իրեն տեսնելով՝ պարզեցի, որ ոչ թե լրիվ են ազատ արձակել, այլ ընդամենը խափանման միջոցն են փոխել, մինչդեռ ինքս ինձ խոսք էի տվել, որ մինչեւ մեկնումեկին լրիվ չազատեն՝ էս վեպս չեմ շարունակի, բայց արդեն ուշ էր՝ արդեն վերսկսել ու երկուսուկես էջ արդեն գնացել էի, եւ ինձ ու գրելս մտովի արդարացնելով՝ մտածեցի, որ բոլոր դատավարություններին կմասնակցեմ ու էդպիսով էս կյանքին ու էս շարժմանը մասնակից կլինեմ, բայց հիմա, երբ էս բանը գրում եմ, արդեն գիտեմ, որ գոնե մոտիկներիս ու ծանոթներիս դատավարություններին մասնակցելս չի ստացվելու, որովհետեւ երեկ երեկոյան «Ազատությունից» տեղեկացա, որ Մաթեւոսյան Դավիթի ու էլի մի քանիսի դատավարություններն արդեն սկսվել ու ընթանում են, եւ էդ բանն իմանալով ու անակնկալի գալով՝ վերջնականապես հասկացա, որ ինձնից նույնիսկ ամենաշարքային հեղափոխական չի ստացվի, ու նաեւ հասկացա, որ հեղափոխությունն ու հեղափոխականությունը պակաս պրոֆեսիոնալ վերաբերմունք ու մոտեցում չեն պահանջում, քան՝ գրականությունն ու գրելը, մանավանդ՝ էս տեսակ ապագաղափարական բաներ գրելը, եւ իմ դեպքում սա արդեն վտանգավոր օրինաչափություն է, որովհետեւ Սովետի օրոք էլ բուռն ու իսկական ազատության իմաստը չէի ըմբռնում, եւ իմ մի պտղունց ազատությունից օգտվելով՝ ազատ, անհանգ ու որոշ ենթատեքստերով բանաստեղծություններ էի բստրում, եւ դա էն ժամանակների համար որոշակի ազատատենչության նշան էր, եւ չնայած էն ժամանակ էլ իսկական ազատասեր ու այլախոհներ կային, եւ Լեւոն Ներսիսյանին ու Ավետյանին էլ անձամբ էի ճանաչում, բայց Աշոտին, Ազատին, Պարույրին, Վարդանին, Մերուժին ու մյուսներին դեռեւս չէի տեսել ու չէի ճանաչում, եւ Ներսիսյանին ու Ավետյանին բացառություն համարելով՝ իմ մի պտղունց ազատությամբ բավարարվում ու յոլա էի գնում եւ ազատության մեջ գտնվող իմ տարեկից արվեստագետների դիսիդենտությունն էլ հակված էի իրենց մասնագիտական անհաջողակությամբ բացատրել, եւ ահա ժամանակները փոխվեցին, եւ էսօրվա այլախոհներին անհաջողակ չես կարող համարել, եւ Նիկոլին լրագրության ասպարեզում անհաջողակ անվանելը ոչ միայն անարդար կլինի, այլեւ՝ անհեթեթ, եւ էս պահի դրությամբ Նիկոլին նույնիսկ բանաստեղծության ասպարեզում չես կարող անհաջողակ համարել, որովհետեւ իր գրած առայժմ միակ բանաստեղծության վրա արդեն հինգ հոգի երգ են գրել, ու հիմա էս բանը մտածելով՝ զուգահեռաբար նաեւ մտածում եմ, որ եթե ժամանակին մորս հորդորներին ականջալուր լինեի ու երաժշտականն ավարտեի, մի երաժշտություն էլ ինքս կհարմարեցնեի Նիկոլի էդ չափածո տեքստին, եւ շատ հնարավոր է՝ իմն ամենահաջողն ստացվեր, ու հնարավոր է՝ Նիկոլի էդ տեքստն իմ երաժշտությամբ հանդերձ օրհներգ էլ դառնար, մանավանդ որ՝ մեր հասարակության մի մասը Կանաչյանի հիմնից է դժգոհ, մյուսները՝ Խաչատրյանի, եւ, որ ամենակարեւորն է, Նիկոլի հետ հեռակա ու էդ կերպ համագործակցելով՝ իմ լուման ներդրած կլինեի շարժման մեջ ու հիմա անհարմար չէի զգա՝ որ տղերքից գոնե մեկին լրիվ ազատ չեն արձակել, բայց էսպես ուխտադրժորեն վերսկսել եւ ահա պնդաճակատորեն շարունակում եմ վեպս, որի բացակայությունը հիմնականում հորաքրոջս, Արիսին ու տիկին Էռնային էր լրջորեն անհանգստացրել, ինչպես նաեւ ինձ՝ հիմնականում անբավարար միջոցների հանգամանքի հետ կապված, բայց գրելուս ընթացքում մտքովս անցավ, որ նաեւ հենց էս արձակովս կարող եմ շարժմանն ու իրավիճակին նպաստել՝ Լեւոնի ու Սերժի միջեւ հաշտության ու երկխոսության գրավոր ու գեղարվեստական միջնորդություն ստանձնելով, բայց, պարզվում է, էս նախաձեռնությունս էլ է ուշացած, որովհետեւ երեկվանից Րաֆֆին արդեն սկսել է, եւ իրենց էսպես՝ առանց ազգանունների Լեւոն, Սերժ ու Րաֆֆի եմ ասում, որովհետեւ Լեւոնին ժողովուրդն էլ է Լեւոն ասում, իսկ մյուս երկուսից տարիքով մեծ եմ, եւ հիմա նաեւ տարիքիս հանգամանքից օգտվելով՝ ուզում եմ հանրապետության թիվ մեկ պաշտոնյային մեծավարի խորհուրդ տալ ու հորդորել, որ ոչ միայն բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակի, ոչ միայն Ազգային ժողովի նոր ընտրություններ անցկացնի, այլեւ «Ա1+»-ը վերաբացի, այլապես ժողովուրդն արտահերթ նախագահական ընտրություններ կպահանջի, ընդ որում՝ միանգամայն վճռականորեն կպահանջի, ու էլի ստիպված կլինեմ էս վեպս դադարեցնել. այսինքն, ուզում եմ ասել, յուրաքանչյուրս իր հոգսն ու իր խնդիրն ունի եւ յուրաքանչյուրս իր գործի հաջողությամբ է շահագրգռված ու հետաքրքրված, եւ եթե երբեմն մեկիս հետաքրքրությունը մյուսիս հետաքրքրությունից որոշակիորեն է տարբերվում, դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ կորած է, եւ եթե էսքանից հետո՝ իմ էս խեղճացած վիճակում էս վեպս վերսկսեցի ու արդեն էսքան շարունակեցի, նշանակում է՝ էս կյանքում ամեն ինչ է հնարավոր. այսինքն, միանգամայն հնարավոր են տղերքի ազատ արձակումը, Ազգային ժողովի նոր ընտրություններն ու «Ա1+»-ի վերաբացումը, եթե, իհարկե, իշխանությունն իշխանությունը պահելու ցանկություն ունի, որովհետեւ, ի վերջո, իշխանավորներն էլ մարդ են ու էս ամենից հոգնելու իրավունք ունեն, եւ իրենց նյարդերն էլ իմոնց պես մի օր կարող են տեղի տալ, բայց ես իշխանավորների հետ համեմատվելու իրավունք չունեմ այնքան ժամանակ, քանի դեռ ինքս ինձ համար չեմ ճշտել հետեւյալը. եթե ես էս պահին հանրապետության թիվ մեկ պաշտոնյան լինեի, արդյո՞ք տղերքին շուտափույթ ազատ կարձակեի, «Ա1+»-ը կվերաբացեի ու Ազգային ժողովի նոր ընտրություններ կանցկացնեի, եւ էս հարցիս պատասխանն էս պահին ուշանում է հիմնականում էն պատճառով, որ ես ոչ մի կերպ ինձ չեմ պատկերացնում թիվ մեկ պաշտոնյայի տեղում ու դերում, որովհետեւ, չնայած երբեւէ նորմալ այլախոհ չեմ եղել, պաշտոնասեր էլ առանձնապես չեմ եղել եւ նույնիսկ իմ զարմանազան երազներում երբեւէ ինձ բարձր պաշտոն վարելիս տեսած չկամ, բայց, ասում են, սովորելու ու վարժվելու վրա է, եւ եթե լինեի ու վարժվեի, արդյո՞ք ասածս զիջումներին կգնայի եւ մարդկանց պահանջները կբավարարեի, եւ եթե բավարարեի՝ իմ կողմից դա հերոսությո՞ւն կլիներ, թե՝ պաշտոնյայի սովորական ու առօրյա արարք, եւ եթե հերոսություն լիներ՝ պահանջողներն իբրեւ հերոսությո՞ւն կընկալեին, թե՝ սովորական ու առօրյա արարք, թե՞, այնուամենայնիվ, վախի արտահայտություն ու դրսեւորում, եւ, այնուամենայնիվ, ինքս ինձ Սերժ Սարգսյանի տեղում ու դերում ոչ մի կերպ չպատկերացնելով՝ պատկերացնում եմ, որ, այնուամենայնիվ, մարդկանց էդ պահանջները կկատարեի, եթե, իհարկե, վարժված ու սովորած լինեի եւ թիվ մեկ պաշտոնյայի գործն էլ ինձ դուր գար՝ ինչպես որ գրելու էս գործն է անհեթեթության աստիճան դուր գալիս, եւ եթե պաշտոնավարումս էսաստիճան սրտամոտ լիներ, մարդկանց պահանջները կկատարեի ավելի շուտ, քան՝ իրենք կհասցնեին պահանջել ու ակնկալել, որովհետեւ եթե էս կյանքում որեւէ լավ բան արել էլ եմ, արել եմ հիմնականում էն դեպքերում, երբ որեւէ մեկը ինձանից չի պահանջել այդ անել, եւ եթե էս պահին հանրապետության թիվ մեկ պաշտոնյան լինեի, ո՛չ միայն նստածներին շուտափույթ ազատ կարձակեի, ո՛չ միայն Ազգային ժողովի նոր ընտրություններ կխոստանայի, այլեւ «Ա1+»-ն էլ կվերաբացեի՝ շուտափույթ, քանի դեռ մարդիկ գլխի չեն ընկել էդ երրորդ պահանջն արտահայտել, եւ եթե թիվ մեկ պաշտոնյան լինեի, երեւի գլխի կընկնեի, որ էդ երեք պահանջների բավարարումը հենց ինձ է հարկավոր եւ ոչ թե՝ պահանջողներին, որովհետեւ էս երեքով չբավարարվողներն ու էս երեքով չսահմանափակվողներն անհամեմատ շատ են՝ մարդիկ, որ պնդաճակատորեն մնացել ու ապրում են էս երկրում, ուր մազից են կախված բոլորը՝ հարուստ ու աղքատ, ազնիվ ու անազնիվ, աշխատավոր ու գործազուրկ, պաշտոնյա ու ընդհակառակը, պաշտոնասեր ու ընդհակառակը, լեւոնական ու ընդհակառակը, եւ այլն, եւ այսպես շարունակ, եւ նույնիսկ միմյանց հանդեպ մեր սերն ու մեր ատելությունն են մազից կախված, եւ հիմնավոր ու հիմնական ոչինչ չկա, եւ նմանապես իմ էս աննախադեպ խեղճությունն ու վախն են մազից կախված, որովհետեւ հենց սկսեցի էս ճերմակ ու դափդատարկ թղթերս վերստին լցոնել, վախս մեկից թողեց, ավելի ճիշտ՝ ահագին պակասեց, եւ մեկից սկսեցի մտածել ու հասկանալ, որ, ամեն ինչից բացի, հիվանդությանս ու խեղճությանս բուն պատճառն իմ էս հիմնական զբաղմունքից տեւականորեն կտրվելն էր, որովհետեւ իմ էս զբաղմունքի սահմաններում ինքս իմ հնարավորություններից ավելի ազատ ու անկաշկանդ եմ՝ ինչպես հեղափոխականն է հեղափոխական իրավիճակում ինքը իրենից ավելի ազատ ու անկաշկանդ, եւ որոշ վերապահումով նույնը կարող եմ նաեւ հակահեղափոխականների մասին ասել, եւ ընդհանրապես՝ երբ քաղաքական գործիչը քաղաքականությունից դուրս է մնում, երեւի հայտնվում է ճիշտ էն վիճակում, որի մեջ ինքս էի երկուսուկես ամիս հայտնված, եւ ինչպես իրենք են քաղաքականություն վերադառնալով՝ առողջանում ու վերստին կյանքով լցվում, նույն կերպ ինքս եմ ահա սկսում առողջանալ ու կյանքով լցվել, եւ չնայած գրականություն վերադառնալուս առանձնապես սրտատրոփ սպասողներ չկան, էս պահին էդ հանգամանքն ինձ առանձնապես չի հուզում, որովհետեւ ես արդեն համոզվում եմ, որ գրականությունն էն միակ ասպարեզն է, որտեղ ի վիճակի եմ որոշ պատասխանատվություն ստանձնել, եւ հեղափոխականների ու քաղաքականների գործի համեմատ՝ իմ գործն ահագին հեշտ է, որովհետեւ եթե իրենք շարունակ ուրիշների համար եւ ուրիշների փոխարեն են պատասխանատվություն ստանձնում ու կրում, ես ընդամենն ինձ համար եմ ստանձնում ու կրում, ու երեւի իմ դեպքում էս ասածս էլ է շատ, որովհետեւ արդեն սովորել եմ գրականագետների, քննադատների ու գրչակիցներիս քննադատական հոդվածներին մեծահոգաբար ու իմիջիայլոց վերաբերվել՝ ինչպես հեղափոխականներն ու քաղաքականներն են մատների արանքով նայում իրենց վերաբերող քննադատական հոդվածներին, ու էս իմաստով՝ ինձ կարող եմ հեղափոխական գրող համարել, քանի որ համառորեն շարունակում եմ գրել՝ գրականագետների, քննադատների, գրչակիցներիս ու այլոց սրտխառնուքն անտեսելով, որովհետեւ, ամեն ինչից բացի, նաեւ ապրուստի խնդիրը գոյություն ունի եւ կա, որն էս երկուսուկես ամսվա ընթացքում ավելի ու ավելի զգալ տվեց, եւ ապրուստի խնդիրն էն հարգելի ու հիմնավոր պատճառն է, որի համար ինձ պարտավոր են հանդուրժել գրականությամբ ու քաղաքականությամբ տոգորվածները, որովհետեւ էս ամենը գրելով՝ ոչ միայն փորձում եմ ապրուստս վաստակել, այլեւ շարունակաբար փորձում եմ հաղթահարել վախը, որից, ինչպես ընդունված է, բոլորն են վախենում ու ամաչում, ու էս բարդույթս մի քիչ հաղթահարվեց սույն թվի ապրիլի մեկի առավոտ՝ դերասան Մուրադ Ջանիբեկյանի՝ ԱԼՄ-ին տված հարցազրույցի շնորհիվ, եւ չնայած էդ դերասանին նախկինում սովորական պիժոն էի համարում, էդ առավոտվա իր ասածներն ու պատասխանները լսելով՝ աստիճանաբար սկսեցի լրջանալ ու ավելի ուշադիր լսել, եւ երբ Հեղինեին փոխարինած հաղորդավարուհին Մուրադին հարցրեց՝ «իսկ ինչպե՞ս եք վերաբերվում վախի զգացումին», Մուրադը չափազանց հանգիստ պատասխանեց եւ ասաց՝ «միանգամայն նորմալ. վախը մարդկային հատկություն է, եւ պատվիրանների մեջ չկա գրված՝ մի՛ վախեցիր», եւ էդ հաղորդումն էս ապրիլի մեկին էր, եւ քանի որ ԱԼՄ-ի էկրանի վերեւում գրված էր՝ «կրկնություն», ես ավելի ոգեւորվեցի՝ վերջնականապես հասկանալով, որ Մուրադի ասածն ապրիլմեկյան կատակ չի, եւ երբ հաղորդումն ավարտվեց, ես ինձ-ինձ սկսեցի վախի մասին մտածել եւ վախի մասին մտածելով՝ մտքիս մեջ ինքս ինձ հարցնում էի՝ «ախր ինչի՞ց եմ ըսենց վախենում», եւ նորմալ ու համոզիչ պատասխան չգտնելով՝ շարունակում էի վախի մասին մտածել պարապությունից, որովհետեւ իմ «Հայկական ժամանակը» ոչ մի կերպ չէր գրվում ու չէր շարունակվում, մինչդեռ Նիկոլինն արդեն որոշակիորեն գրվում ու շարունակվում էր, ընդ որում՝ միանգամայն հստակ ու խրոխտ էր շարունակվում, եւ ինձ կարդալն էր մնում, եւ երբ հաջորդ օրը տարբեր թերթերում Նիկոլի, Վասակի ու Վահանի հոդվածները կարդացի՝ հանկարծակի հասկացա, որ ես ուրիշների անվախությունից եմ ընդամենը վախենում, եւ պարապությունից ինքս իմ վախի մասին մտածելով՝ ավելի ու ավելի խորացա եւ շուտով ինքս ինձ համար հայտնաբերեցի ու պարզեցի, որ ոչ միայն ուրիշների անվախությունից եմ վախենում, այլեւ՝ ուրիշների համար, ու էդ թեմայի մեջ որոշ ժամանակ եւս խորանալով՝ շուտով հայտնագործեցի, որ ես ոչ միայն ուրիշների համար եմ վախենում, այլեւ՝ ուրիշների փոխարեն, որովհետեւ համակողմանիորեն խորանալով ու մտածելով՝ նաեւ հասկացա, որ Աստված չէր կարող մահկանացուներիցս մեկի համար վախի ու սարսափի էսքան մեծ չափաբաժին սահմանել, եւ էդ հասկանալուցս հետո էր, որ նախ զանգեցի Առուստամյան Գայանին, իսկ այնուհետեւ հանդիպեցի իմ համադասարանցի Սուրոյին եւ Սուրոյից սփոփիչ պատասխան ստանալով՝ սկսեցի մտածել, որ էս ամենն Աստծո պատիժն է, ու ես էսպես միանգամից ու էսպես ամբողջական պատասխանատվության եմ ենթարկվում գործածս մեղքերի համար, որովհետեւ էդ օրերին ինչ գործ որ բռնում էի՝ թարս էր գնում, եւ նույնիսկ Լաչինում ուսուցչությամբ զբաղվելու գաղափարս ձախողվեց, եւ ահա Լաչինից վերադառնալով՝ վերջնականապես հասկացա, որ ինձ ոչ մի կերպ չի հաջողվելու ինձ համար նախատեսված տարածքից ու ինձ հասանելիք պատժից խուսափել եւ լավագույն դեպքում կարող եմ ներկա ժամանակից փախչել ու վերադառնալ Հրուշին, Նվերին, Ախալքալաքցի Աշոտին, Նիկոլի «1+1+1» նախաձեռնությանը, մի խոսքով՝ իմ հեռու ու մոտիկ անցյալին, մանավանդ որ՝ էդ հատվածները վաղուց գրած պատրաստ ունեմ եւ ամենեւին մտադիր չեմ մի կողմ դնել՝ հասկանալով հանդերձ, որ էսօր մարդիկ ինձանից միանգամայն այլ սպասելիքներ ունեն, եւ չնայած էսօրվա երեւույթների մեջ հենց էս պահին էլ շարունակում եմ գրավոր խորանալ, բայց, ինչպես միշտ, էս պահին ու էս պահի մասին գրածս տպագրելու եմ մի տարի անց, որովհետեւ իրականում ոչ թե ներկայից եմ խուսափում ու խուսանավում, այլ հընթացս փորձում եմ չխուսափել եւ չխուսանավել իմ հեռու ու մոտիկ անցյալից, մինչդեռ հատուկենտ ընթերցողներիցս ոմանք էլ են գոռում՝ «հի՛-մա, հի՛-մա», եւ մինչ էս ամենի մասին էսքան դանդաղ գրում եմ, Նիկոլի արձակն արդեն սկսվել ա, եւ եթե բանաստեղծությունից արձակին անցնելու պրոցեսն ինձնից ամբողջ երեսուն տարի խլեց, Նիկոլի դեպքում՝ ընդամենը մի քանի օր տեւեց, եւ դա նշանակում է, որ ժամանակից հետ մնալու հիվանդությունս առնվազն հիսուն տարվա պատմություն ունի եւ, փաստորեն, անբուժելի է, եւ դա արդեն վերջնականապես եմ հասկացել. նաեւ հասկացել եմ, եւ ցանկության դեպքում հատուկենտ ընթերցողներս էլ կարող են հասկանալ, որ ես ոչ թե հեղափոխության գրող եմ, այլ ընդամենը՝ հեղափոխական գրող, ու էս երկուսի տարբերությունը մոտավորապես հետեւյալն է. հեղափոխության գրողը գրում է, որպեսզի իր գործով հեղափոխության ուղիներն ու խնդիրները երեւան բերի եւ մատնանշի, ինչպես նաեւ՝ հնարավորինս նպաստի հեղափոխության շուտափույթ հաղթանակին, մինչդեռ հեղափոխական գրողը ոչ թե հեղափոխության խնդիրներն է մատնանշում ու ճշտում, այլ, ընդհակառակը, իր գրածն ու գրելիքն է հեղափոխության ընթացքով ստուգում ու ճշտում, եւ եթե հեղափոխության գրողը մշտապես ու հետեւողականորեն փորձում է հնարավորինս նպաստել հեղափոխության հաղթանակին, հեղափոխական գրողն, ընդհակառակը, ի՛նքն է լիուլի օգտվում հեղափոխության ու կյանքի հրամցրած նորագույն օրենքներից, օրինաչափություններից, վայրիվերումներից ու ամեն ինչից. այսինքն, կոպիտ ասած, հեղափոխության գրողն ամեն կերպ օգնում է հեղափոխությանը, մինչդեռ հեղափոխական գրողն ամեն կերպ ու լիուլի օգտվում է հեղափոխությունից՝ ընդհուպ էն աստիճան, որ արդեն սկսում է իրեն հեղափոխական երեւակայել, ու որ ինձ հեղափոխական գրող եմ երեւակայում՝ ոչ թե նորմատիվ բառապաշարից որոշ շեղումներս նկատի ունեմ, այլ՝ հեղափոխությունից ու նոր կյանքից օգտվելու էս մոլուցքս, եւ սա ոչ թե սովորական մարդկային էգոիզմ է, այլ՝ մարդկային էություն ու ճակատագիր, եւ քանի որ վերջերս մահկանացուներիս ավելի հաճախ են Չարենցի հետ համեմատում՝ ի վնաս, իհարկե, մահկանացուներիս, պիտի ասեմ, որ Չարենցին մահկանացուներիս հետ թեկուզեւ ի վնաս մահկանացուներիս համեմատողները հենց իրենք են Չարենցին մի ամբողջ աստիճան իջեցնում, որովհետեւ իրենք, Չարենցին մահկանացուներիս հետ համեմատելուց առաջ, պիտի շատ խորը մտածեն ու հասկանան, որ հնգամյակը մեկ չի կարող Չարենց ծնվել, ու նաեւ պիտի հասկանան, որ ուրիշ ժողովուրդներ իրենց ողջ պատմության ընթացքում Չարենց չեն ծնել ու չեն ունեցել, եւ, որ ամենակարեւորն է, պիտի հասկանան, որ Չարենցն, ի տարբերություն մահկանացուների, միաժամանակ ե՛ւ հեղափոխության գրող էր, ե՛ւ, ուրեմն, հեղափոխական գրող, եւ դա նույնպես ճակատագիր էր՝ եզակի, ավարտուն ու վերջնական։