Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը չբացառեց «Արաբո» ջոկատի զոհված ազատամարտիկների «վերադարձը»:
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում երեկ հավուր պատշաճի էին պատրաստվել, որովհետեւ պետք է այցելեր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հանդիպեց բուհի «Զինվորական մանկավարժություն եւ հոգեբանություն» ֆակուլտետի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Վերջիններս հիմնականում աչքի ընկան իրենց քծնախառն հարցադրումներով եւ գովեստի շռայլ խոսքերով՝ ուղղված նորանշանակ նախարարին: Իսկ պարոն Օհանյանը, ընդառաջ գնալով «ձոներգների» տարափին, ասաց. «Այս պաշտոնը պատասխանատվության աստիճանի բարձրացման համար է, այլ ոչ թե՝ իմ իրավունքների»: Բուհի ռեկտոր Ա. Ղուկասյանը Ս. Օհանյանին շնորհեց «Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան» հուշամեդալ:
Ս. Օհանյանը կարեւորեց զինվորական մանկավարժության եւ հոգեբանության ֆակուլտետի գոյությունը, քանի որ «բանակի ղեկավարության ներսում պետք է լինեն համապատասխան մանկավարժական ունակություններով օժտված հրամանատարներ»: Համալսարանի պրոֆեսորներից մեկի հարցադրումը վերաբերում էր 1992 թվականի հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորած «Արաբո» ջոկատի ազատամարտիկների ճակատագրին: «Մի քանի օր առաջ իմ ղեկավարությամբ տեղի է ունեցել անհայտների, պատանդների, գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Քննարկման հարցերից մեկն եղել է այն տեսանյութը, որը հայտնվել էր ադրբեջանական ինտերնետային կայքում: Մենք որոշակի եզրակացությունների եկանք: Պետք է շարունակել աշխատանքը, որպեսզի հետագայում մեզ համար ավելի պարզ լինի այն տեղանքը, ուր սպանվել են ազատամարտիկները: Չնայած մենք մարտական գործողությունների մասին տեղեկություններ ունենք, բայց այդ տարածքն այժմ չեզոք գոտում է: Հասկանալի է, որ այդ պայմաններում պետք է բանակցություններ վարվեն, որպեսզի նրանց աճյունները վերադարձվեն հայրենիք»,- պատասխանեց նախարարը: Պրոֆեսորին հատկապես հետաքրքրում էր, թե արդյո՞ք ոչ մի հնարավորություն չի եղել նրանց փրկել, որին նախարարը պատասխանեց. «Ես ականատես չեմ եղել մարտական գործողություններին, բայց հրամանատարների ասելով՝ բավականին լուրջ է ճնշումը եղել: Նրանք հայտնվել են այնպիսի պաշտպանական մասում, որն ավելի հեշտ է եղել շրջափակել: Տղաները քաջաբար կռվել են մինչեւ վերջին մարդը»: Ս. Օհանյանը հավաստիացրեց, որ ընթանում են համապատասխան աշխատանքներ. «Ես պատրաստակամություն եմ հայտնել, ավելի ճիշտ՝ իմ պարտքն է հանդիպել նրանց ծնողների հետ եւ այդ ամենը պարզաբանել»:
Նույն պրոֆեսորի մյուս հարցը վերաբերում էր վերջերս Հայաստանի սահմանը հատած եւ ադրբեջանական հատվածում հանգրվանած 4 ՀՀ քաղաքացիների ճակատագրին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նրանց վերադարձի առնչությամբ: «Մենք բանակցություններ ենք վարել ադրբեջանական կողմի հետ: Կարծես թե մի պահ պատրաստակամություն հայտնեցին վերադարձնել, բայց հետո ձգձգեցին: Ադրբեջանական կողմը պատասխանեց, որ իրենք համապատասխան աշխատանք կկատարեն գերիների հետ եւ կվերադարձնեն: Կարեւոր է նաեւ, թե ինչպիսի ցանկություն կհայտնեն անձամբ իրենք՝ գերիները: Մենք հիմա ունենք ադրբեջանցի մի գերի, որը վերադարձի ցանկություն չի հայտնում»,- պատասխանեց նախարարը:
Դասախոսներից մեկը նախարարին հռետորական հարց տվեց, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, որ կան ղարաբաղյան պատերազմին չմասնակցած մարդիկ, ովքեր իրենց հռչակել են ազգային հերոսներ: Նախարարի արձագանքը նույնքան հռետորական էր եւ ոչ անվանական. «Մենք ազգովի ենք մարտնչում հայրենիքի համար: Այս կամ այն չափով բոլորն ինչ-որ մասնակցություն ունեցել են մարտական գործողություններին: Սակայն ռեալ մարտական գործողության մասնակիցները, քանի որ ծանրաբեռնված են իրենց աշխատանքում, սովորաբար չեն սիրում արտահայտվել՝ վերհիշելով պատերազմի դաժանությունները»:
Նշենք նաեւ, որ Ս. Օհանյանն անակնկալի եկավ ուսանողի այն հարցից, թե ավարտելուց հետո իրենց կընդունե՞ն ՊՆ համակարգ աշխատանքի, նախարարը հակիրճ պատասխանեց՝ կքննարկենք: