Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 24,2008 00:00

Ես չեմ հավատում պարտադրված խոստումներին

Օսիպ Մանդելշտամի այս տողերը գրված են 1933-ին, ստալինյան բռնապետության օրոք: Այսօր այս տողերը մեր մասին են: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը ոչ մի կապ չունի իր ժողովրդի հետ, որտեղ Ազգային ժողովը բացարձակապես չի արտացոլում երկրի քաղաքական ուժերի հարաբերակցությունը, որտեղ իշխանությունը սպանում է խաղաղ ցուցարարներին եւ ձերբակալում անմեղ մարդկանց:

Այս ամենը անհանդուրժելի է եւ չի կարելի հավատալ այս ռեժիմին, որը կոսմետիկ, մակերեսային փոփոխություններով փորձում է փրկել հանցավոր իշխանությունը: Ու եթե չլիներ այս համաժողովրդական պոռթկումը, փոփոխությունների մասին կարելի էր միայն երազել: Ակնհայտ է, որ այս թվացյալ փոփոխությունները, որոնց մասին դեռ միայն խոսում են, նախատեսում են մեկ նպատակ՝ երկարաձգել ռեժիմի կյանքը: Անգամ եթե այդ մտադրությունները անկեղծ են, չի երեւում այն պոտենցիալը, որից կարելի էր ակնկալել դրանց իրականացումը: Կարո՞ղ է, արդյոք, չար ծառը բարի պտուղ տալ:

Համեմատությունը ստալինյան բռնապետության հետ՝ պատահական չէ: Վերջին տասը տարիների ընթացքում իշխանությունները, կամա թե ակամա, ունեին այնպիսի մոտեցումներ եւ աշխարհընկալում, ինչի հետեւանքով կյանքի հոգեւոր ոլորտը դուրս էր մնում նրանց հետաքրքրությունների շրջանակներից: Ստեղծվել էր մի վիճակ, երբ արվեստագետների մի մասը գնում էր երկրից, իսկ մյուս մասը մտածում էր, թե ինչպես գնալ: Ցանկացած երկրում կարեւոր է կյանքի նյութական կողմը, բայց այն երբեք չի կարող փոխարինել հոգեւոր արժեքներին: Անշուշտ, այսօր աշխարհում որոշակի հոգեւոր ճգնաժամ է, բայց դա չի նշանակում, որ Մատենադարանի պես սրբություն ունեցող երկրի նախագահը կարող է իրեն թույլ տալ հեգնանքով խոսել գիրք գրողների կամ գիրք կարդացողների մասին:

Երկրի առաջադեմ մտավորականությունը, իրական վերնախավը, փաստորեն, մեկուսացված էր եւ փոխարենը տարիներ շարունակ մեզ հրամցնում էին ցածրագույն մակարդակի եւ ճաշակի մասսայական մշակույթ, որը ներծծված է արեւելյան կողմնորոշման վատթարագույն ավանդույթներով: Եվ դա զարմանալի չէ, քանզի իսկական արվեստը ճշմարտություն է, իսկ ճշմարտությունը բռնապետության ամենավտանգավոր թշնամին է:

Բարեբախտաբար, այդ իրավիճակը սկսեց փոխվել փետրվարի 19-ից հետո, երբ իշխանությունները ստիպված եղան հաշվի նստել ժողովրդական շարժման հզոր ուժի հետ, որը հստակ ցույց տվեց, թե ինչ արժեքներ են մեզ հարազատ:

«Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»,- ահա այս պատասխանը տվեց քրիստոնյա հայ ժողովուրդն իրեն գայթակղող եւ իրեն պարտադրված իշխանություններին, ապացուցելով, որ, իրոք, մեր ճանապարհները տարբեր են եւ մենք ձգտում ենք իրական ժողովրդավարության եւ ուղեցույց ունենք համաշխարհային բարձրագույն արժեքներն ու առաջադեմ գաղափարները:

Իսկ ի՞նչ է անում իշխանությունն այսօր: Իշխանական հին եւ նոր առաջին դեմքերը մարտի 1-ի սպանդից 2 ամիս անց հայտարարում են, որ լավ երկիր են կառուցելու, որ լինելու է արդարություն, ազատություն եւ այլն: Այսինքն, Ֆ. Դոստոեւսկու հայտնի հարցին, թե կհամաձայնե՞ք, արդյոք, կառուցել մարդկային երջանկության շենքը՝ պայմանով, որ գոնե մեկ անմեղ մարդու արյունով է խարսխված լինելու այդ շենքի հիմքը, մեր իշխանավորները առանց տարակուսելու պատասխանում են՝ «այո՛», հաստատելով այն իրողությունը, որ իրենց պետք է միայն մեկ բան՝ պահպանել կործանարար համակարգը:

Իսկ կհամաձայնե՞նք, արդյոք, մենք՝ վախը եւ բռնությունները հաղթահարած, ազատության շունչը զգացած Հայաստանի քաղաքացիներս, ընդունել նման պայմանով ստեղծված «երջանկությունը»… 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել