Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարությունը օդը չի՞ աղտոտում

Մայիս 24,2008 00:00

Ըստ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, մայրաքաղաքում ընթացող լայնածավալ շինարարությունը

ոչ թե աղտոտում է օդը, այլ հակառակը՝ նպաստում է աղտոտվածության նվազմանը:

Վերջերս Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ափի հարակից տարածքներում էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացել: Մասնավորապես, ջրի տակ է մնացել մոտ 2500 հա անտառային տարածք, բացի այդ, հատվել են 50-60 տարեկան հարյուրավոր ծառեր: Բուսական ծածկույթի՝ ջրի տակ մնալու հետեւանքով, Սեւանն այսօր կանգնած է աղտոտվելու, իսկ ափամերձ տարածքներում՝ նաեւ ճահճացման լուրջ վտանգի առաջ: Նշենք նաեւ, որ մինչ այժմ կատարված մաքրման աշխատանքներն այնքան էլ արդյունավետ չեն անցել, քանի որ հատված ծառերի բազմաթիվ կոճղեր մնացել են ջրի տակ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ «երբ Սեւանի ջուրը մի փոքր հետ քաշվի»՝ պատշաճ կերպով կիրականացվեն լճի մաքրման աշխատանքներն ու նաեւ կհամալրվեն ձկնապաշարները: Խոսելով 2008-ից մինչեւ 2012 թվականը նախարարությունում իրականացվելիք աշխատանքների ու ծրագրերի մասին, Ա. Հարությունյանը նշեց, որ նախատեսվում է ամեն տարի Սեւանի մակարդակը բարձրացնել 15 սմ-ով, իսկ լճի շրջակայքում հիմնել նոր անտառաշերտեր: Նշենք, որ նախորդ տարիներին ծրագրված էր լճի մակարդակը բարձրացնել տարեկան 20 սմ-ով: Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացած աղտոտվածությունները մաքրելու համար այս տարի պետբյուջեից հատկացվել է 41,5 միլիոն, իսկ ձկնապաշարների համալրման համար՝ 80 միլիոն դրամ: Անդրադառնալով լճի ափամերձ հատվածներում կառուցված տասնյակ օբյեկտներին, նախարարը նշեց, որ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրից մինչեւ թերակղզի ընկած հատվածում ստեղծվել է ճարտարապետական տեսանկյունից անհարիր վիճակ: Ա. Հարությունյանի խոսքերով. «Այդ տարածքը պետք է ենթարկվի ճարտարապետական ձեւավորման, իսկ գործող բոլոր օբյեկտներն էլ պետք է ունենան իրենց մաքրման կայանները, ոչ թե իրենց կոյուղաջրերը թափեն լճի մեջ»:

Նախարարը հիշեցրեց նաեւ, որ որքան էլ լճի ափամերձ տարածքները սեփականաշնորհված են, այնուամենայնիվ, ըստ «Ջրային օրենսգրքի», տնտեսվարողը պարտավոր է իրեն պատկանող լողափի 20%-ը հանգստացողներին տրամադրել անվճար եւ տվյալ վայրում գտնվելու ու լողալու համար «ափի տերը» ոչ մի կոպեկ պահանջելու իրավունք չունի: Նախարարը պատմեց նաեւ վերջերս իր հետ պատահած զավեշտալի դեպքը, երբ ինքը գնացել է Սեւան, եւ ափի մոտ տնտեսվարողներից մեկը նրանից իր տարածքում գտնվելու համար 1500 դրամ է պահանջել: Չներկայանալով, որ ինքը ոլորտը համակարգող ղեկավարն է, Ա. Հարությունյանը պահանջել է վճարման դիմաց իրեն կտրոն ներկայացնել: Նախարարի պատմելով. «Ինձ բերեցին ու ցույց տվեցին ինչ-որ կոոպերատիվի կնիքով մի 30 տարվա վաղեմության կտրոն»:

Առաջիկա 5 տարիներին նախարարության ուշադրության կենտրոնում կլինի նաեւ մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը: Երեւանում իրականացվող շինարարական աշխատանքները, ըստ նախարարի, ոչ թե աղտոտում, այլ ընդհակառակը՝ նպաստում են, որ օդի աղտոտվածությունը մայրաքաղաքում նվազի: Նրա խոսքերով. «Այսօր կառուցվող գետնանցումները հիմնովին օգնելու են, որ օդի աղտոտվածությունը կտրուկ նվազի: Եթե ճանապարհներին խցանում է, եւ մեքենան 10-15 րոպե կանգնում է փողոցում, ապա ամենաշատ վնասակար արտանետումները հենց այդ ժամանակ են լինում»: Ա. Հարությունյանի տեղեկացմամբ, առաջիկա տարիներին աշխատանքներ են տարվելու նաեւ քաղաքային տրանսպորտից արտանետվող վնասակար նյութերի կրճատման ուղղությամբ: Նախարարը կարեւորեց նաեւ Հայաստանում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խնդիրը եւ ասաց, որ ներկայումս դպրոցներում աշակերտները գիտելիքներ չունեն անգամ ամենատարրական հարցերի շուրջ: Պարոն Հարությունյանի տեղեկացմամբ, առաջիկայում նախատեսվում է նաեւ մշակել հայեցակարգ՝ Հայաստանում էկոկրթության վիճակի բարելավման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել