Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՆԳՈՐԾ

Մայիս 24,2008 00:00

Նրանք կամ պետք է հսկայական ծախսեր անեն ու դեղերն արտադրեն եվրոպական չափանիշներով, կամ, պարզապես, շուկայից դուրս գան:

Մեր երկրում գործող մի շարք դեղ արտադրող ընկերություններ շուտով անգործության կմատնվեն: Բանն այն է, որ Հայաստանում խորհրդային տեխնոլոգիաներով արտադրվող դեղերը միջազգային շուկայում այլեւս տեղ չունեն: Դեղարտադրության մեր չափանիշներն աշխարհում ընդունելի չեն, այդ պատճառով էլ օտարերկրյա ընկերությունները հերթով հրաժարվում են մեզ հետ համագործակցելուց: Խորհրդային պահանջներով դեղ կարելի էր արտադրել ցանկացած շենքում. պարզապես տարածքը պետք է փոքր-ինչ հեռու լինի բնակելի թաղամասից եւ շրջապատված բուսականությամբ, որպեսզի բույսերը արտանետված վնասակար նյութերը կլանեն:

Այդ չափանիշներով մեր դեղ արտադրող ընկերությունները, մասնավորապես՝ ԳԱԱ Ալ. Մնջոյանի անվան ինստիտուտը, իր դեղերով ապահովել է ԽՍՀՄ ողջ տարածքը:

Անկախ նրանից, թե տեղական դեղ արտադրողները պատրաստ են եվրոպական չափանիշներով աշխատելու, թե՝ ոչ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է եվրոպական չափանիշներով դեղ արտադրելը մեր երկրի համար դարձնել պարտադիր պայման: Նախարարությունն արդեն Եվրամիության «Պատշաճ արտադրական պահանջներ» (GMP) դեղերի մասին օրինագիծը թարգմանել է հայերեն, որպեսզի հանձնի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Մինչ նախարարը կուսումնասիրի եւ կտա իր եզրակացությունը, նախարարությունում կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կգնահատի դեղ արտադրող ընկերությունների արտադրանքի որակը եւ կորոշի, թե որ ընկերությանը որքան ժամանակ է հարկավոր՝ փոփոխությունները կատարելու եւ իր պայմանները GMP-ին համապատասխանեցնելու համար: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե նախարարությունը հաշվի առե՞լ է այն հանգամանքը, որ GMP չափանիշներին անցնելով՝ մի շարք տեղական դեղ արտադրողներ շուկայից պարզապես դուրս կմնան, քանի որ տեխնոլոգիաները փոխելը հսկայական ծախսերի հետ է կապված, ինչին ի պատասխան՝ պարոն Հակոբյանն ասաց. «Դա նրանց բիզնես-ծրագիրն է: Իրենք էլ պետք է շահագրգռված լինեն, որ պահանջները համապատասխանեցնեն»:

Նկատենք, որ եվրոպական տեխնոլոգիաներով դեղ արտադրելը գործարարի վրա անհամեմատ թանկ կնստի: Բացի այն, որ դեղի բիզնեսով զբաղվող գործարարները պետք է ձեռք բերեն նոր սարքավորումներ, GMP-ով դեղարտադրությունը պետք է կատարվի բացառապես «ստերիլ» պայմաններում:

Իսկ դրան հասնելու համար արտադրամասերը պետք է հիմնովին վերանորոգվեն ու արտաքին աշխարհից այնպես մեկուսացվեն, որ որեւէ մանրէ չթափանցի:

Այդքան մեծ ծախսեր անելուց հետո, չի բացառվում, որ մեր երկրում արտադրվող մի շարք դեղեր մի քանի անգամ կթանկանան: Օրինակ՝ չիչխանի յուղը, որը պատրաստված է եվրոպական չափանիշներով, 150-200 դրամով ավելի թանկ արժե՝ ավանդական տեխնոլոգիաներով պատրաստվածից:

«Առավոտը» զրուցեց մի քանի դեղ արտադրող ընկերությունների տնօրենների հետ: Ալ. Մնջոյանի անվան ինստիտուտի օրգանական եւ դեղագործության քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը մեզ հետ զրույցում ողջունեց նախարարության նախաձեռնությունը, սակայն ասաց. «Ես 2 ձեռքով կողմ եմ այդ չափանիշների ընդունմանը, սակայն մենք պետական հիմնարկ ենք, իսկ պետությունը մեզ չի ֆինանսավորի, որպեսզի ներդրումներ կատարենք, մենք էլ մրցակցությունից դուրս կմնանք: Մեր հիմնարկին պետությունը ֆինանսավորում է միայն գիտական մասի համար, իսկ դեղարտադրությունը կատարվում է ինքնաֆինանսավորմամբ: Դրանից ստացած շահույթով մենք կարողանում ենք 45 աշխատակցի միջինը 50 հազար դրամ աշխատավարձերը վճարել ու նաեւ ծախսերը փակել: Մեր ինստիտուտն այնպիսի դեղեր է արտադրում, որոնք ԱՊՀ տարածքում ոչ մի ընկերություն չի արտադրում: Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, ուստի մենք 2 ամսում կարողանում ենք արտադրել մեր երկրի 1 տարվա սպառման դեղորայքը, որն էլ ամբողջությամբ սպառվում է»: Մեր դիտարկմանը, որ GMP-ով դեղ արտադրելը կնպաստի տեղական դեղերը Եվրոպա արտահանելուն, պարոն Թոփուզյանն ասաց. «Մենք էլ ենք արտահանում, բայց դեռեւս` Բելառուս, բանակցություններ ենք վարում Վրաստանի եւ Ուկրաինայի հետ»:

Դեղարտադրության շուկայում մրցակցությանը, ամենայն հավանականությամբ, չի դիմանա նաեւ Քիմիադեղագործական գործարանը: Գործարանի տնօրեն Սիրաս Մաթեւոսյանի խոսքերով՝ եվրոպական չափանիշներին անցնելու համար տարիներ են պետք, իսկ տեխնոլոգիաները թարմացնելու եւ ներդրումներ կատարելու համար՝ հսկայական գումարներ:

Որոշ ընկերությունների տնօրեններ մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեցին, որ առողջապահության նախարարությունը դեռ մի բան էլ շուտ պետք է պահանջեր, որ դեղերն արտադրվեն եվրոպական չափանիշներով, որպեսզի Հայաստանի դեղագործական ոլորտը զարգանա:

GMP-ով դեղ արտադրող «Արփիմեդ» ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանի խոսքերով. «Սովետականն իրեն չի արդարացնում, եթե GMP-ով չաշխատենք՝ մեր արտադրանքը չենք կարողանա որեւէ երկիր արտահանել: Նրանք միայն այդ չափանիշներով արտադրածն են ընդունում»: Մեր դիտարկմանը, որ այդ չափանիշներով աշխատելը բավականին ծախսատար է եւ դեղերն էլ թանկ արժեն, Վ. Ղազարյանը պատասխանեց. «Մենք միայն 28 հազար եվրո ենք ծախսել արտոնագիր ստանալու համար: Ստացել ենք Գերմանիայի կառավարությունից, շուտով կլինի նաեւ Ֆրանսիայինը: Ճիշտ է, ես մեծ ներդրումներ արել եմ, 100% մաքուր դեղ եմ արտադրում, ինչո՞ւ դա չպետք է մտնի դեղի ինքնարժեքի մեջ»:

2003 թվականից իր գործունեությունը սկսած «Հագենաս» դեղագործական ընկերությունն ուղղակի հարկադրված էր եվրոպական չափանիշներով աշխատել, քանի որ, ըստ ընկերության տնօրեն Խաչիկ Գեւորգյանի, իրենց արտադրանքը հիմնականում արտահանվում է: Նրա խոսքերով՝ որպես հումք օգտագործում են հիմնականում հայկական դեղաբույսեր եւ մի քանի տեսակի մրգեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել