Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 24,2008 00:00

Գերեզմանագողությունը ծաղկում է

Չի բացառվում, որ ձեզ նվիրած ծաղկեփնջի նախկին տերը հանգուցյալ է

Այսօր մայրաքաղաքի գրեթե բոլոր գերեզմանատները անտերության են մատնված, ինչի հետեւանքով ալան-թալանի են ենթարկվում: Թաղման հաջորդ օրն իսկ հարազատներն այցելելով հանգուցյալի շիրմին՝ ոչ մի հատիկ ծաղիկ եւ ծաղկեպսակ չեն հայտնաբերում: Թաղման թափորի հեռանալուց հետո, մութն ընկնելուն պես, «գերեզմանագողերը» գործի են անցնում՝ մաքրազարդելով թարմ շիրիմները: Թալանում են օղորմաթասի սպասքից, ծաղիկներից, եղեւնիներից սկսած մինչեւ գերեզմանի ցանկապատի ալյումինե զարդանախշերը: Թալանչիներն առիթից օգտվում են, որ գերեզմանատներում գիշերային պահակներ չկան: «Առավոտը» պարբերաբար բողոքներ է ստանում հանգուցյալների հարազատներից: Նրանց խոսքերով, մեծ ծախսեր են անում, իրենց հանգուցյալի գերեզմանը սարքում են, սակայն երբ այցելում են, այն անճանաչելի է լինում. «Մի օր գալիս ես ու տեսնում, որ քո հանգուցյալի շիրմից մնացել է միայն շիրմաքարը, մնացածը թալանել-տարել են»:

Օրերս էլ մի խումբ բնակիչներ դիմել էին խմբագրություն՝ հայտնելով, որ Թոխմախի նոր գերեզմանատնից նոր տնկած եղեւնիները անհետացել են. «Այդ ամբողջը մարտ ամսվա մեջ տարան: Քիչ-քիչ կրեցին: Գերեզմանի պահակին էլ որ բողոքում ենք, ասում է՝ ես ի՞նչ անեմ, մինչեւ ժամը 4-ն եմ աշխատում: Թոխմախի գերեզմանատունը գիշերային պահակ չունի»: Բնակիչների խոսքերով՝ այդ գերեզմանատանը միայն տարածք վերցնելը մեռելատերերի վրա բավականին թանկ է նստում, հանգուցյալի շիրիմը սարքելն ու ցանկապատելը նույնպես մեծ ծախսերի հետ են կապված: Բայց քանի որ տարածքը հսկող չկա, այդ ծախսերը ջուրն են լցվում. «Եթե ամեն գիշեր մի շիրիմ էլ թալանեն, բավականին գումարներ կաշխատեն»:

Արձագանքելով բնակիչների բողոքներին՝ «Առավոտն» այցելեց Թոխմախի նոր գերեզմանատուն: Գերեզմանոցի որոշ հատվածներում ցանկապատ չկար, ինչի հետեւանքով էլ թե՛ մարդիկ եւ թե՛ կենդանիները անարգել ելումուտ էին անում: Գերեզմանն անգամ մուտքի դուռ չուներ: Մեզ հետ զրույցում գերեզմանատան հսկիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ինքը գիշերային ժամերին չի աշխատում. «Իբր տված աշխատավարձն ի՞նչ է, որ դեռ գիշերն էլ հսկեմ: Համ էլ էդ ո՞վ է խելքը թռցրել, որ գիշերը գերեզմանոցում աշխատի: Ինչքան էլ շատ փող տան, չեմ գա, զենք էլ տան՝ չեմ գա»:

Մայրաքաղաքի գերեզմանատների պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն է: Նրա ենթակայության տակ գործող «Բնակչության հատուկ սպասարկման» ընկերությունը բարեկարգում է մայրաքաղաքի գերեզմանատները: Ընկերության տնօրեն Արտաշես Գաբրիելյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ այսօր գերեզմանատներում պահակային ծառայություն չկա: Կան ընդամենը աշխատողներ, որոնք բարեկարգում եւ ոռոգում են տարածքը: Գերեզմանների թալանի վերաբերյալ ասաց, որ իրենք դրա համար պատասխանատու չեն, եւ որ դա իրավապահ մարմինների գործառույթն է: Ա. Գաբրիելյանը հանգուցյալների հարազատներին խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն: Մեր այն դիտարկմանը, թե Թոխմախի նոր գերեզմանատունն առանձնապես բարեկարգ չէր եւ անգամ ցանկապատ ու դուռ չուներ, պարոն Գաբրիելյանն ասաց. «Այդ տարածքներն այնքան մեծ են, մոտ 600 հեկտար, որ որքան էլ ցանկապատենք ու դուռ դնենք, միեւնույն է՝՝ կկոտրեն: Դե, մարդիկ, ասենք, հարազատ են թաղել, գալիս են շիրմին, մեկ էլ տեսնեն՝ դուռը փակ է, բա կկոտրեն, բա ի՞նչ կանեն»:

Քանի դեռ մայրաքաղաքի գերեզմանատները պահակային ծառայություններ չունեն, այդ տարածքներում գողությունները շարունակվելու են, քանի որ ոստիկանության «ռեսուրսները» չեն բավականացնի հեկտարներով գերեզմանատները հսկելու:

Ասում են նաեւ, որ «գերեզմանագողերը» սերտ համագործակցում են ծաղկավաճառների հետ: Ուստի չի բացառվում, որ հանգուցյալների շիրիմներից գողացված ծաղկեփնջերն ու ծաղկեպսակները կրկին վերադառնան ծաղկի խանութներ: Հետեւաբար, չի բացառվում նաեւ, որ ձեր կամ ձեր սիրելիի համար գնած ծաղկեփունջը կազմված է հենց գերեզմանատներից գողացված ծաղիկներից: Իսկ նոր գնած ծաղկեպսակներն արդեն հասցրել են մի քանի շիրիմներ զարդարել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել