Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

Մայիս 24,2008 00:00

\"\"Մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո հազարավոր տուրիստներ, վախենալով իրենց անվտանգության համար, մինչ այսօր էլ հրաժարվում են գալ Հայաստան:

Մեր երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո՝ տասնյակ պետությունների վստահությունը Հայաստանի հանդեպ նվազեց: Մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ճապոնիայում, Ավստրիայում, Գերմանիայում հակաքարոզչություն էր իրականացվում Հայաստանի դեմ, ու օրեր շարունակ տարբեր լրատվամիջոցներով լուսաբանվում եւ ցուցադրվում էին մայրաքաղաքի ջարդված խանութների ու այրվող մեքենաների կադրերը:

Արդյունքում՝ հազարավոր տուրիստներ, վախենալով իրենց անվտանգության համար, Հայաստանի տուրիստական գործակալությունների հետ նախօրոք կնքած պայմանագրերը անորոշ ժամանակով հետաձգել են կամ ընդհանրապես չեղյալ են համարել: Բացի տուրիստական գործակալություններից, բավականին մեծ վնաս կրեց նաեւ մեր պետությունը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրության, 1 տուրիստը մեր երկրում ծախսում է միջինը 700 դոլար: Մի քանի տուրիստական գործակալությունների հետ մեր զրույցից պարզեցինք, որ նախընտրական շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով իրենք հարյուրավոր տուրիստներ են կորցրել:

«Ռումեա» գործակալության տնօրեն Ռուբեն Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ավելի քան 30%-ով կրճատվել է իրենց տուրիստների քանակը: Նրա խոսքերով. «Հոլանդիայի եւ Միացյալ Նահանգների տուրիստական գործակալությունների հետ կնքած խմբային տուրերի երեք պայմանագիր մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով չեղյալ համարվեց: Բացի այդ, ունեցել ենք անհատական կամ ընտանիքով այցելությունների պայմանավորվածություններ, սակայն այդ ամենը հետաձգվել է»:

«Լեւոն Թրավլ» տուրիստական գործակալության տնօրեն Դավիթ Խաչյանի տեղեկացմամբ՝ մարտ-ապրիլ ամիսներին հետաձգվել ու խզվել են Ամերիկայի եւ Եվրոպայի տուրիստական կազմակերպությունների հետ կնքած խմբակային տուրերի մի քանի պայմանագրեր: Նրա ներկայացմամբ, իրենց ընկերությունը զրկվել է ավելի քան 300 տուրիստից: «Ավարայր» ընկերության տնօրեն Արկադի Սահակյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ նախորդ ամիսներին իրենք ոչ մի խմբակային այց Հայաստան չեն ունեցել եւ կորցրել են ավելի քան 140 տուրիստ: Ա. Սահակյանի խոսքերով, շուկան փրկելու համար իրենք նույնիսկ զգալի վնասներ են կրել, այսինքն՝ բոլորովին վերջերս 16 հոգանոց խումբն ընդունել են այն գնով, ինչ վճարում են անհամեմատ մեծ, ասենք 30 հոգանոց խմբերը: Ըստ Ա. Սահակյանի, արդյունքում իրենց ընկերությունը կորցրել է ավելի քան $1500: Հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ զեղչեր անել, գոնե այդ կերպ տուրիստներին գայթակղելու համար, պարոն Սահակյանն ասաց, որ եթե նման զեղչեր արվեն, ապա դրանք կլինեն ի վնաս ընկերության եւ իրենց եկամուտների հաշվին, քանի որ հյուրանոցները չեն ցանկանում զեղչեր անել:

«Ֆայֆ Սթար Թրավել» գործակալության տնօրեն Եղիշե Թանաշյանի ներկայացմամբ՝ տասնյակ դեպքերում, եթե նույնիսկ պայմանագրերը չեն խզվել, ապա 25-30 հոգանոց խմբերի փոխարեն եկել են ընդամենը 5-6 հոգի: Նրա խոսքերով. «Կոնկրետ մեր ընկերությունը, մեր երկրում արտակարգ իրավիճակի հետեւանքով, 3 տուրիստական խումբ է կորցրել: Խմբերից մեկը Ավստրիայից էր, մյուսը՝ Գերմանիայից, մեկն էլ՝ Ֆինլանդիայից: Բացի այդ, անմիջապես մարտի 1-ից հետո չեղյալ համարվեց պայմանագիրը Ճապոնիայից ժամանող 90 հոգանոց տուրիստական խմբի հետ»: Ըստ պարոն Թանաշյանի, այդ ամենը ճապոնական լրատվամիջոցներով մեր երկրի դեմ արված սխալ քարոզչության հետեւանք էր: Որպես ապացույց, որ մեր երկիրը տուրիստների համար բացարձակ վտանգավոր չէ, Ե. Թանաշյանը վկայակոչեց մայիսի 2-7-ը իրենց կազմակերպության շնորհիվ Հայաստանում գտնված 30 հոգուց բաղկացած թուրք տուրիստների խումբը, որոնք մեր երկրից հեռացել են շատ գոհ ու տպավորված: Մարտի 1-ի իրադարձություններից հետո տուրիստների կտրուկ նվազման շուրջ զրուցեցինք նաեւ Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի հետ: Նրա խոսքերով, չնայած մեր երկիրը օտարերկրացիների համար երբեք վտանգավոր չի եղել, սակայն նախընտրական շրջանի միջադեպերը ակնհայտ կերպով նվազեցրին բազմաթիվ տուրիստների հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ: Ըստ Ռ. Մինասյանի, դա արդյունք է նաեւ այն բանի, որ արտասահմանում հեռարձակվող հայկական լրատվամիջոցները մեր երկիրը չեն ներկայացնում այնպես, որ այն տուրիստների համար հետաքրքրություն առաջացնի: Նրա խոսքերով. «Հ1»-ը կամ «Արմենիան» ամբողջ օրը բրազիլական սերիալներ են ցույց տալիս, դա օտարերկրացուն հետաքրքիր չէ, դրա փոխարեն պետք է մեր երկիրը ներկայացնել»: Պարոն Մինասյանի կարծիքով, զարգացած տուրիզմ ունենալու համար Հայաստանը դեռեւս կայացած երկիր չէ, քանի որ չկան բավարար քանակի տուրիստական դասի մատչելի հյուրանոցներ, մատուցվող ծառայություններն էլ բավականին թանկ են, իսկ հյուրանոցների վարած քաղաքականությունը պարզապես անհասկանալի է ու սխալ: Ըստ նրա՝ «Մարտ-ապրիլ ամիսներին հյուրանոցների վիճակը շատ վատ էր, ընդհանրապես այցելու չկար: Նրանք փոքր զեղչեր էին անում ու հենց մի քանի հյուր էր լինում՝ գինը նորից բարձրացնում էին»: Պարոն Մինասյանը գտնում է, որ գնային առումով շատ ավելի վատ է օդանավակայանում մատուցվող ծառայությունների վիճակը. «Հենց օդանավակայանում եթե ինչ-որ բան վերանորոգում են՝ անմիջապես բարձրացվում են ծառայությունների գները: Կամ, օրինակ, Երեւան-Փարիզ-Երեւան տոմսն արժե 601 դոլար, որի պատճառով էլ շատ տուրիստներ մեկնում են այլ երկրներ: Մինչդեռ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում մեզ մոտ կարող է բավականին լավ զարգանալ պատմամշակութային, արկածային եւ առողջարանային տուրիզմը»: «Առավոտի» հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ խոստովանեց, որ մարտ-ապրիլ ամիսներին տուրիստների հոսքը մեր երկիր կտրուկ նվազել է, սակայն, ըստ նրա, այդ խնդիրն այլեւս գոյություն չունի: Պարոն Ապրեսյանի ներկայացմամբ, ինքն անձամբ արտասահմանից ժամանած իր հյուրերի հետ շրջագայելիս եւ ռեստորաններում ճաշելիս ականատես է եղել, որ մեր երկրում տարբեր վայրերից ժամանած բազմաթիվ տուրիստներ կան: Ինչ վերաբերում է Ռոբերտ Մինասյանի այն դիտարկմանը, որ մեր երկիրն արտերկրում գրեթե չի ներկայացվում, ապա Մ. Ապրեսյանը ճիշտ հակառակ կարծիքին է. «Հայաստանը տարբեր հեռուստաալիքներով ու նաեւ մամուլով բավականին ակտիվորեն ներկայացվում է միջազգային շուկայում: Օտարերկրյա լրատվամիջոցների համար պարբերաբար կազմակերպվում են ճանաչողական այցեր: Ավելի լավ է մեր երկիրն այդպես գեղեցիկ ներկայացնել, քան արդարացողի կեցվածք ընդունել, լաց լինել ու ասել, չէ, գիտեք, մեր երկիրն անվտանգ է, եկեք մեզ մոտ, մի վախեցեք»:

Նշենք նաեւ, որ այս տարի մեր պետությունը ընդունեց տուրիզմի զարգացման մասին հայեցակարգ, ըստ որի՝ մինչեւ 2030 թվականը պետք է ունենանք 3 միլիոն ներգնա եւ 1,5 միլիոն տուրիստներ՝ Հայաստանի ներսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել