Հայաստանից Վրաստան մեկնող վարորդների հավաստմամբ, Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները սահմանի վրա
իրենցից ապօրինի գումարներ են պահանջում:
Հայաստանի քաղաքացիները սեփական մեքենայով Վրաստան մեկնելիս ամեն անգամ ստիպված են լինում սահմանի վրա որոշակի գումար վճարել, որպեսզի Վրաստան մտնելու թույլտվություն ստանան: Բագրատաշենի մաքսակետում մեր քաղաքացիներից գանձում են 6500 դրամ՝ Վրաստան մտնելու եւ նույնքան էլ այնտեղից Հայաստան վերադառնալու ժամանակ: Ըստ վարորդների, միանգամայն անհասկանալի է, թե հատկապես մատուցած ո՞ր ծառայության դիմաց է մաքսատունը 13 հազար դրամ պահանջում, ընդ որում, նրանց հավաստմամբ, մաքսատան աշխատողների համար կան հատուկ արտոնություններ ունեցող վարորդներ, որոնք ոչ միայն այդ գումարը չեն վճարում, այլ նույնիսկ մաքսակետում ոչ մի րոպե չեն կանգնում եւ մաքսային ձեւակերպումները «հեռակա» են անում: Վարորդների ներկայացմամբ, իրենք երբեմն ստիպված են լինում մաքսակետում սպասել ավելի քան 1 ժամ, մինչեւ կավարտվեն բոլոր տեսակի զննումներն ու ձեւակերպումները: «Առավոտին» դիմած վարորդներից մեկի՝ Արմեն Գրիգորյանի խոսքերով. «Հատկապես ո՞ր օրենքով եւ ի՞նչ հիմնավորմամբ ես պետք է 2 հազար դրամ վճարեմ միայն այն բանի համար, որպեսզի մաքսակետում զննեն իմ մեքենան կամ, ասենք, մի թղթի վրա ընդամենը 2 տող լրացնելու համար վճարեմ եւս 1000 դրամ»:
Ըստ Ա. Գրիգորյանի, մաքսակետում այդ չափի գումարի գանձման կարգը շատ դեպքերում խոչընդոտում է նաեւ հայ գործարարների բիզնեսի զարգացմանը, քանի որ տասնյակ գործարարներ նույնիսկ շաբաթվա մեջ մի քանի անգամ աշխատանքի բերումով սեփական մեքենայով մեկնում են Վրաստան, իսկ ամեն անգամ հենց այնպես 13 հազար դրամ վճարելը ցանկացած քաղաքացու համար բավականին մեծ գումար է կազմում: Գործի բերմամբ հաճախակի Վրաստան մեկնող գործարարներից մեկի՝ Արման Գասպարյանի խոսքերով. «Ամեն անգամ 20-25 հազար դրամ միայն բենզինի համար եմ վճարում, որն արդեն մեծ ծախս է մեզ համար, դրան էլ ավելացրած մաքսատան վճարը, ստացվում է, որ 120 դոլար միայն ճանապարհածախս ենք տալիս»: Ըստ Ա. Գասպարյանի, մաքսատանը կատարած մուծումների համար իրեն ոչ մի անգամ կտրոն չեն տրամադրել, իսկ երբ պահանջել է այն, պատճառաբանել են, թե օրենքով նման բան չի նախատեսվում: Վարորդները մտավախություն ունեն նաեւ, որ վրացական կողմը եւս կարող է սահմանի վրա գումարներ գանձել: Նշենք նաեւ, որ սահմանված մաքսավճարը մուծում են նաեւ բարեգործական կազմակերպություններին պատկանող մեքենաները, քանի որ մաքսային օրենսգրքով նրանց համար այլ բան սահմանված չէ: Նկատի ունենանք նաեւ, որ հատկապես ամռան ամիսներին, սեփական մեքենաներով Հայաստանից Վրաստան են մեկնում բավականին մեծ թվով տուրիստներ, որոնցից շատերի համար եւս, բացի ճանապարհածախսից ու հանգստանալու համար նախատեսված ծախսերից, հավելյալ գումար վճարելը խնդիր է:
Թե որքանով են մաքսատան աշխատակիցների գանձած գումարները օրինական, փորձեցինք ճշտել Մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային կարգավորման բաժնի պետ Ալբերտ Հարությունյանից: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հարությունյանը պարզաբանեց, որ մաքսատան աշխատակիցները ոչ մի կոպեկ կողմնակի գումար չեն վերցնում, եւ մաքսակետում գանձվող գումարների չափը սահմանված է օրենքով:
Փաստորեն, համաձայն ՀՀ մաքսային օրենսդրության, ցանկացած տրանսպորտային միջոց Հայաստանի սահմանը հատելիս, մաքսային ձեւակերպումների իրականացման համար պետք է մուծի 3500 դրամ: Ապրանքների զննման եւ հաշվառման համար՝ եւս 1000 դրամ: Բացի այդ, մինչեւ 10 տեղ ունեցող մարդատար մեքենաները մաքսակետում պարտավոր են մուծել 2 հազար, իսկ տրանսպորտային այլ միջոցները՝ 5 հազար դրամ: Ըստ Ա. Հարությունյանի, վարորդների այն մտավախությունը, որ վրացական կողմը եւս կարող է մեր վարորդներից գումար գանձել, անհիմն է, քանի որ. «Մեր պետությունների միջեւ կայացած համաձայնությամբ, հայկական կողմը Հայաստան գալու ժամանակ սահմանի վրա գումար չի գանձում վրացիներից, եւ հակառակը՝ վրացիներն էլ իրենց երկիր մտնելու ժամանակ մաքսավճար չեն գանձում հայերից»: