Մինչ այսօր մեր երկրում ապահովագրական ընկերություններն աշխատում են առանց «ռիսկը» գնահատող մասնագետների, ինչի հետեւանքով նրանց սահմանած սակագները շատ մոտավոր են, իսկ երբեմն էլ՝ պարզապես սխալ:
Մասնագետների հավաստմամբ, ապահովագրական ընկերություններում եւ ֆինանսական այլ կառույցներում չափազանց կարեւոր է ակտուարների դերը, այսինքն՝ այնպիսի մասնագետների, որոնք կարողանան կանխատեսել ապագայում տեղի ունեցող անցանկալի դեպքերի հավանականությունը եւ գտնել միջոցներ՝ դրանց ազդեցությունը փոքրացնելու համար: Սակայն այսօր Հայաստանի գրեթե բոլոր ապահովագրական ընկերություններն աշխատում են առանց ակտուարների, ինչի հետեւանքով վերջիններիս փոխարեն աշխատող այլ մասնագետների կատարած հաշվարկներն ու վերլուծությունները ոչ միշտ են լինում ճիշտ ու հիմնավոր: Արդյունքում՝ սխալ կամ խիստ մոտավոր կանխատեսումների հետեւանքով, շատ ապահովագրական ընկերություններ կանգնում են ֆինանսական ու անգամ լուծարվելու խնդրի առջեւ: Կենտրոնական բանկի տեղեկացմամբ, եթե 2006-ին Հայաստանում կար 23 ապահովագրական ընկերություն, ապա այսօր գործում է ընդամենը 11-ը:
Ապահովագրության այս կամ այն տեսակից օգտվող ցանկացած քաղաքացի պետք է վստահ լինի, որ դիմելով տվյալ ընկերությանը, վերջինիս աշխատակիցները հատուկ հաշվարկների միջոցով կարող են կանխատեսել եւ անգամ նվազեցնել ապագայում իր կյանքում տեղի ունենալիք դժբախտ կամ տհաճ դեպքերի հավանականությունը: Բնականաբար, որոշ երեւույթների, ասենք՝ մահվան հավանականությունը, հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել, սակայն այս պարագայում խիստ կարեւոր է, որպեսզի հատուկ հիմնավոր հաշվարկների միջոցով արվի այնպես, որ հետագայում տվյալ մարդու ընտանիքը կամ հարազատները հնարավորինս քիչ տուժեն ֆինանսապես: Շատ ֆինանսական եւ ապահովագրական ընկերություններ վստահ են, որ առանց ակտուարների էլ կարելի է «յոլա» գնալ, քանի որ Հայաստանի ապահովագրական շուկան այդքան զարգացած ու ընդլայնված չէ՝ այդ մասնագետների կարիքն ունենալու համար: «Ռոյալ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Կարապետյանի խոսքերով, իրենց ընկերությունում ակտուարներ չկան եւ դրանց կարիքն առանձնապես չի զգացվում: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ «Ակտուարների դերը կարեւոր է հատկապես կյանքի ապահովագրություն իրականացնելու ժամանակ, որը մեզ մոտ չի արվում: Մեր ընկերությունում ռիսկի գնահատումը կատարում է հենց ապահովագրական գործի մասնագետը»: Իսկ «ISG» ապահովագրական ընկերության աշխատակից Զառա Մկրտչյանը, որը ներկայումս հաճախում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Միացյալ Թագավորության ակտուարների միության եւ ՀՀ կենտրոնական բանկի համատեղ կազմակերպած ակտուարների դասընթացներին, մեզ հետ զրույցում խիստ կարեւորեց ակտուարի դերը. «Մինչ այժմ կատարված հաշվարկների հիմքում հնարավոր է, որ ընկած չլինեին գիտական բանաձեւերով արված սակագնային հաշվարկներ: Հիմնականում ապահովագրական ռիսկը մինչ այժմ որոշվել է՝ ելնելով շուկայի պահանջներից ու միջազգային փորձից»: Ըստ Զ. Մկրտչյանի, այսօր հնարավոր չէ որեւէ բուհում ուսանելով՝ միաժամանակ ձեռք բերել տնտեսագետի, վիճակագրի եւ մաթեմատիկոսի հմտություններ, իսկ այս 3 մասնագիտություններն, ըստ նրա, խիստ անհրաժեշտ են ակտուար աշխատելու համար:
«Կասկադ Ինշուրանսի» գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանն ասաց, որ այս պահին իրենց ընկերությունում ակտուարի հաստիքը դեռեւս թափուր է, սակայն իրենք ունեն 1 տարուց ավելի ակտուարի փորձ ունեցող թեկնածու, որը մասնակցում է ԿԲ-ի կազմակերպած դասընթացներին: Իսկ մինչ այսօր, ըստ Գ. Տոնոյանի, ապահովագրական ռիսկի գնահատումն իրենց ընկերությունում կատարվել է համընդհանուր ընդունված պրակտիկայի եւ համապատասխան ակտուարական մեթոդների համաձայն:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ մեր ապահովագրական ընկերություններում ակտուարների բացակայությունը բավականին խնդրահարույց է եղել: Նրա խոսքերով. «Մինչ այժմ գնագոյացումը չի եղել չափազանց ճշգրիտ, այլ արվել է բավականին կոպիտ հաշվարկներով: Իհարկե դա չի նշանակում, որ ընդհանրապես ռիսկերը հաշվի չեն առնվել, պարզապես ակտուարների հաշվարկների միջոցով հնարավոր է ապահովագրական շուկայում շատ ավելի մանրամասն ու ճշգրիտ կերպով գնագոյացում իրականացնել»:
Ապահովագրական ընկերություններում ակտուարների կարեւորության շուրջ զրուցեցինք նաեւ ԿԲ ապահովագրական ընկերությունների վերահսկողության 1-ին բաժնի պետ Վաղինակ Եղիազարյանի հետ: Ըստ պարոն Եղիազարյանի, մինչեւ հիմա մեր երկրում գործող ընկերությունները ռիսկը գնահատում էին միայն որոշակի ձեւավորված ավանդույթներով, եւ սակագներն էլ հաշվարկված չէին մաթեմատիկորեն: Նրա խոսքերով. «Մինչեւ հիմա հաշվարկներն արվել են մոտավորապես՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը: Դրանք հիմնականում եղել են ոչ խորիմաստ ու թեթեւ հաշվարկներ, իսկ շատ հանգամանքներ պարզապես հաշվի չեն առնվել»:
Ստացվում է, որ դիմելով այս կամ ընկերությանը, ասենք՝ ավտոմեքենայի, արտասահման տեղափոխվող բեռների կամ բժշկական ապահովագրություն ստանալու համար, հաճախորդը չի կարող վստահ լինել, որ տվյալ ապահովագրական ընկերությունը լիարժեքորեն հաշվարկել է ապահովագրական «ռիսկը», եւ որ ամիսներ անց այդ ընկերությունը չի լուծարվի՝ չեղյալ համարելով իր եւ հաճախորդի միջեւ կնքած պայմանագիրը:
Նշենք նաեւ, որ, մասնագետների հավաստմամբ, Հայաստանում առավել զարգացած կարելի է համարել ավտոմեքենաների, անշարժ գույքի եւ տեղափոխվող բեռների ապահովագրությունը: Դրանք հիմնականում ապահովագրության այն տեսակներն են, որոնք կատարվում են ոչ թե կամովին, այլ այն բանկերի կամ վարկատու կազմակերպությունների պահանջով, որոնք, ասենք, պայմանավորվածություն ունեն այս կամ այն ապահովագրական ընկերության հետ եւ ապառիկ ձեւակերպումներ անելիս կամ վարկ տրամադրելիս պարտադրում են, որ իրենց հաճախորդներն ունենան պարտադիր ապահովագրություն: Այս հանգամանքը նշանակում է, որ ապահովագրական շուկան մեր երկրում դեռեւս շատ հեռու է կայացած ու զարգացած լինելուց, ու չնայած բժշկական կամ, ասենք, ավտոմեքենայի ապահովագրության համար պահանջվող ամսական գումարն այնքան էլ մեծ չէ, մեր բնակչության չափազանց փոքր մասն է օգտվում ապահովագրության այս կամ այն տեսակից, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ դեռեւս լիարժեք վստահություն չունեն շուկայում գործող ընկերությունների հանդեպ: