«Քըրք Քրքորյան» համալսարանի հիմնադրի զավակները միմյանց հետ «լեզու չեն գտնում»
Երեկ 600 ուսանող ունեցող «Քըրք Քրքորյան» համալսարանի աշխատակազմն ու ուսանողները վրդովված հավաքված էին բուհի բակում, արեւի տակ: Պատճառն այն էր, որ մայիսի 22-ին Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Երեւանի քաղաքային բաժնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքի ներկայացուցիչները արգելանքի տակ էին առել շենքը՝ կնքելով այն: Համալսարանի պրոռեկտոր Ալբերտ Ոսկանյանը «Առավոտին» ներկայացրեց կատարվածը. «Մայիսի 22-ի առավոտյան համալսարանի հետ կապ չունեցող անձինք եկել ու ուսանողներին եւ դասախոսներին հանել են շենքից՝ ասելով, թե այստեղ գործ չունեն: Այդ մարդիկ Արայիկ Մկրտչյանն ու իր ընկերներն էին: Նա համալսարանի հիմնադրի՝ մեկ տարի առաջ վախճանված Ավետիք Մկրտչյանի որդին է, որը խնդիրներ ունի քրոջ՝ բուհի ներկայիս ռեկտոր Լաուրա Մկրտչյանի հետ»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, հոր մահից հետո Արայիկը պարբերաբար եկել է համալսարան, նույնիսկ մտել ռեկտորի աշխատասենյակ՝ ասելով, թե դա իրենն է, սպառնացել է ուսանողներին եւ դասախոսներին. «Նրա պահանջն այն է, որ շենքի՝ իրեն հասանելիք 1/3-ը վերցնի: Դրա համար էլ նա դիմել է այս մեթոդին՝ խաթարելով ուսումնական պրոցեսը: Բացի այդ, նա մեզ վարկաբեկում է եւ այս արարքով ստվեր գցում մեր ապագայի վրա: Եվ այսքանից հետո ո՞ր շրջանավարտը կուզենա աղմկոտ բուհ դիմել»:
Պարոն Ոսկանյանը պատմեց նաեւ, թե ինչ մեթոդների են դիմել իրենց համալսարանը փրկելու համար. «Երեկ անձամբ եղել եմ դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ: Նա հանձնարարեց ոստիկանությանը, որ միջոցներ ձեռնարկեն ուսումնական պրոցեսը չխաթարելու համար: Նրանք էլ եկան, իսկ այդ ընթացքում Արայիկն ու իր ընկերները դիմադրում էին: Ստիպված նրանց տարան ոստիկանություն եւ երեւի ճնշման տակ համաձայնեցին այլեւս չխանգարել ուսումնական պրոցեսը: Ավելի ուշ ԴԱՀԿ-ից եկան, ցույց տվեցին դատարանի որոշումը, ըստ որի՝ պիտի բուհի տարածքը չօգտագործենք: Ու կրկին մեզ դուրս հանեցին, կնքեցին բոլոր սենյակները, մոտ 60-70 դուռ»: Այս ընթացքում համալսարանականները ազատ չեն մնացել: «Հասցրինք բողոքել դատարանի այս որոշման ու այն կայացրած դատավոր Ժորա Վարդանյանի դեմ: Նա ասաց, թե սխալվել է, քանի որ բավարար ինֆորմացիա չեն տվել իրեն ու ինքը չգիտեր, որ հարցը գործող համալսարանին է վերաբերում: Դատավորը ասաց, թե հենց հիմա մի գրություն բերեք, ես իմ որոշումը փոխեմ: Ուստի երեկոյան մեզ տվեց արգելանքը հանելու որոշումը: Հիմա էլ սպասում ենք, որ ԴԱՀԿ-ից գան՝ արգելանքը հանեն»,- մանրամասնեց Ա. Ոսկանյանը: Համալսարանի ուսումնական պրոցեսը, փաստորեն, արդեն երկու օր կազմալուծված է: Ուսանողները զրկված են պետական, ավարտական, ընթացիկ քննություններ, ստուգարքներ հանձնելուց: Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս Սասուն Աբրահամյանը նկատեց. «Կողմնակալություն կա համալսարանի նկատմամբ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը որոշում կայացրեց՝ առանց հաշվի առնելու մեր բուհի ուսումնական հաստատություն լինելու փաստը, պատճառաբանելով, որ իրազեկ չի եղել: Նույնիսկ պատասխանող Լաուրա Մկրտչյանին չեն հրավիրել դատական քննությանը: Սա անբարոյական ակտ է մեր համալսարանի նկատմամբ»:
Ըստ պրոռեկտորի, կատարվածը ընտանեկան ճղճիմ հարց է եւ ամենեւին քաղաքական ենթատեքստ չունի. «Եվ Արայիկն է մեղավոր, եւ նրա դատապաշտպան Վարդան Զուռնաչյանը, որը զեղծարարություններ է անում: Իրավաբանական առումով ինչ ուզում են՝ թող անեն, բայց ուսումնական պրոցեսին թող չխանգարեն»: Ուսանողներից հետաքրքրվեցինք, թե ինչ են զգում հիմա: «Այս ամենը գալիս է փողից: Քանի որ կրթությունը իրենց համար արժեք չունի, այսպիսի բաներ են անում»,- նկատեց ուսանող Վահե Վարդանյանը: Ուսանողուհի Նաիրա Բարեղամյանն էլ փաստեց. «Սա մեր իրավունքների ոտնահարում է: Եկել ենք ստուգարքի, ոչ թե արեւի տակ կանգնելու»: «Ոչ մի օրենք իրավունք չունի խաթարելու կրթական պրոցեսը: Սա ինչ-որ մեկի քմահաճույքով է պայմանավորված: Եթե օրենքները կոչված են խանգարելու, պետք չեն դրանք մեզ: Եթե այս հարցը լուծում չստանա՝ մեզ մնում է մեր իրերը հավաքել ու գնալ երկրից»,- ասաց ուսանող Արտավազդ Սարգսյանը:
Հ. Գ. Երեկ քանիցս փորձեցինք կապվել նաեւ Արայիկ Մկրտչյանի հետ: Նրա բջջայինը անընդհատ վերցնում էր իր ընկեր Աշոտը ու տեղեկացնում, որ Ա. Մկրտչյանը դուրս է եկել եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնա: