Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտական խնջույքը դարձել է արգելված «պտուղ»

Մայիս 24,2008 00:00

Որքան պետական մարմիններն արգելում են «վերջին զանգի» խնջույքի կազմակերպումը, այնքան շրջանավարտներն ավելի են ձգտում դրան:

Այսօր դպրոցի «վերջին զանգը» կհնչի ՀՀ 13 հազար 300 շրջանավարտի համար: Ավարտական օրը շրջանավարտները կնշեն ինչպես միշտ՝ դպրոցներում ուսուցիչներին լացացնելով ու նրանց նմանակումները կատարելով: «Էլիտար» դպրոցներում «վերջին զանգը» կնշվի ոչ պակաս, քան որեւէ թատրոնի բեմում: Փոքրաթիվ են այն դպրոցները, որոնք «վերջին զանգը» կնշեն վերջին դասով: Սակայն ավարտական խնջույքի մասին մտածում են բոլորը: Այն վերջին տարիներին «արգելված պտղի» նման է: Պետական մարմինները որքան շատ են դպրոցներին արգելում այդպիսի միջոցառումներ, շրջանավարտներն այնքան ավելի են ձգտում դրանց: Օրինակ՝ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը «Առավոտին» հավաստիացրեց. «Վերջին զանգի» օրը Ազատության հրապարակում ժամը 19-ին կկազմակերպվի ուրախ միջոցառում: Թող շրջանավարտները մասնակցեն այդ հանդիսությանը: Բայց այդ օրը խնջույք կազմակերպել արգելվում է: Բոլոր դպրոցների տնօրեններին այդպիսի հրաման է տվել նաեւ քաղաքապետը: Ծնողներին էլ զգուշացնում ենք, որ իրենց՝ վարորդական իրավունք չունեցող երեխաներին մեքենաներ չվստահեն: Իսկ ճանապարհային ոստիկանությունը հետեւելու է, որ գինովցած շրջանավարտներ այդ օրը հանկարծ չհայտնվեն ղեկին՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար»:

Օ. Վաթյանը չժխտեց, որ հակառակ իրենց ամենամյա զգուշացումներին, այնուամենայնիվ, սպրդողներ լինում են: Փոխարենը նա խորհուրդ տվեց ավարտական խնջույքը կազմակերպել ընտանեկան մթնոլորտում եւ շարունակեց. «Այս ընթացքում, երբ շրջանավարտները պիտի պատրաստվեն միասնական քննությունների, բարոյական չէ խնջույք կազմակերպելը: Իսկ եթե նրանք շատ են ուզում, թող դա անեն գոնե հունիսի 20-ից հետո, երբ քննություններն ավարտված լինեն: Այդ դեպքում դպրոցն արդեն պատասխանատվություն չի կրի այդ աշակերտների համար»:

Հիմա տեսնենք, թե մոտավորապես որքան «կարժենա» յուրաքանչյուր շրջանավարտի համար «վերջին զանգը»: Ավարտական խնջույքի սեղանի համար շրջանավարտը պիտի միջինը 15 հազար դրամ վճարի, «վերջին զանգի» սցենարները տատանվում են 100-150 ԱՄՆ դոլարի սահմաններում, ավարտական հանդեսի հագուկապի վարձույթի համար աղջիկները ստիպված են վճարել 50-100 ԱՄՆ դոլար: Էլ չենք խոսում դահլիճի ձեւավորման, ուսուցիչներին նվերներ գնելու մասին: Որոշ դպրոցներում ողջ գումարը կամ միանգամից են հավաքում, կամ, որպեսզի շատ ծանր չթվա՝ 2-րդ կիսամյակից սկսած, ամսական 30 հազար դրամ ներդնելով: Չնայած այս ամենի մասին մեզ տեղեկացրին տարբեր դպրոցների այս տարվա շրջանավարտները, սակայն բոլոր տնօրեններն իրենց սովորության համաձայն նորից ժխտեցին դրամահավաքի եւ ավարտական խնջույքների կազմակերպման փաստը: Օրինակ՝ Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլի Վարդգեսյանը հայտնեց. «Եթե մենք չկազմակերպենք, շրջանավարտներն ու ծնողներն այդքան համարձակություն չունեն՝ առանց մեր թույլտվության դա անել: Նույնիսկ մի քանի տարի առաջ այդպիսի միջոցառում կազմակերպելու պատճառով մի դասղեկ եմ հեռացրել աշխատանքից: Դրամահավաքին էլ չեմ խառնվում: Ոչ սեղան է լինելու, ոչ ծաղիկներ: Նույնիսկ իմ 60-ամյակին մի ծաղկեփունջ չստացա: Ընդունում եմ միայն ծաղկամանով ծաղիկներ, որ դպրոցում որպես հուշ մնա»:

Ռեստորանային համալիրներում էլ է այս շրջանում աշխուժություն տիրում, սակայն որոշ «օբյեկտներ» տարիների ընթացքում անախորժությունների մեջ ընկնելուց հետո՝ այլեւս չեն ցանկանում փորձանք բերել իրենց գլխին եւ հրաժարվում են ընդունել շրջանավարտների: Օրինակ՝ «Հին Էրիվանը», «Կեսարի պալատը»: Վերջինիս սրահի վարիչներից Սամվելը «Առավոտին» ասաց. «Եթե կան ռեստորանային համալիրներ, որոնք նոր-նոր են սկսել հրաժարվել շրջանավարտների համար ավարտական խնջույքներ կազմակերպելուց, մենք մի քանի տարվա փորձ ունենք: Ջահելները գալիս էին առանց ծնողների, իրենց անվայելուչ պահում»: Իսկ, այ, օրինակ, «Ոսկե պատառաքաղում» դեմ չեն երիտասարդներին հյուրընկալելուն: Այդ ռեստորանի սրահի վարիչ Հովսեփն «Առավոտին» տեղեկացրեց. «Որպեսզի միջին ճոխության սեղան դրվի, յուրաքանչյուր անձի համար ամենաքիչը 10 հազար դրամ կպահանջվի: Այս դեպքում սեղանին կլինի մսի ասորտի, 2 տաք ուտեստ, 3 տեսակի աղցան, ըմպելիքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել