Լրահոս
Օրվա լրահոսը

«Փ» ՏԱՌՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՑԻ ՓՐԿՉԻՑ

Մայիս 24,2008 00:00

\"\"Կարապետիչն այսպես բնորոշեց որոշ քաղաքական ուժերի

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էին, թեման՝ ՀՀ ներքաղաքական վիճակը: Հ. Առաքելյանն ասաց, որ ՀՌԱԿ-ը մարտի 1-ի դեպքերը որակել է իբրեւ հակաքրիստոնեական ոճիր. «Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա մենք զերծ մնացինք գնահատական տալուց, որովհետեւ դա կրիմինալ ոլորտից է, իսկ քաղաքական կազմակերպությունը պետք է քաղաքական գնահատականներ տա միայն քաղաքական երեւույթների հանդեպ: Մարտի 1-ը քաղաքական գործընթաց չէ, որ գնահատականներ տանք»: Տ. Կարապետյանը չհամաձայնելով Հ. Առաքելյանի խոսքերին, ասաց, որ, իր կարծիքով, դա քաղաքական բախում էր, որովհետեւ կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ, որոնք չէին գտնում իրենց լուծումները տասնյակ տարիներ. «Դա պոռթկում էր, չնայած այդ մարդկանց զանգվածի մեջ կային տարբեր ուժեր: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով փորձ, հասկանում է, որ կա դժգոհության պլատֆորմ, որը կարելի է ղեկավարել եւ ներուժը գումարելով իր պլատֆորմին՝ հեղափոխության նպատակով առաջ գնալ»:

Հ. Առաքելյանի գնահատմամբ, 1998-2008թթ. իրականացվել է գրագետ հակաքարոզչություն: Ըստ նրա, դա եղել է ոչ միայն ընդդիմության դեմ, այլեւ իշխանության. «Ցավն այն է, որ որեւէ ընդդիմադիր ուժ չձեւավորվեց, ու բոլորը առանձին գնացին, սակայն այստեղ իր դերակատարությունն ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հավաքվել էին հայտնի ընդդիմադիր ուժեր, պետք է միավորվեին, բայց այդպես չեղավ: Եթե միավորվեին, հնարավոր էր, որ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չդներ, որովհետեւ կար ալտերնատիվ ուժ, կամ էլ կարող է չդառնար միասնական թեկնածու: Մտածված կամ անկախ իր կամքից, Տեր-Պետրոսյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ապահովեց Սերժ Սարգսյանի 70-ից ավելի պատգամավորների ներկայությունը, որովհետեւ ընդդիմությունը միասնական չէր, հնարավոր չեղավ ազնիվ ընտրություններ անցկացնել… այդ փլատակների տակ մնացինք ոչ միայն մենք, այլեւ ամբողջ հայ ժողովուրդը»: Ըստ Հ. Առաքելյանի վերջին 16 տարիների ընթացքում, որեւէ իշխանություն չնախաձեռնեց հասարակությանը քաղաքականապես կրթելու գործը. «Եթե չունենանք քաղաքացիական հասարակություն, եթե կուսակցությունների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում, հասարակությունն էլ, որը տեղյակ չէ իր իրավունքների մասին, վերջում գալիս է հնդկական ֆիլմի կարգավիճակի ու սկսում փրկիչներ ման գալ»: Բանախոսների փոխանցմամբ, ստեղծված իրավիճակի ելքը բոլոր քաղաքական ուժերի գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելն է: Տ. Կարապետյանը, օրինակ բերելով Վրաստանը, ասաց, որ խորհրդարանում պետք է 30-35 տոկոս ներկայացված լինեն ընդդիմադիրները. «Մեզ մոտ ընդդիմություն չկա… Հավայական կղզիներից բերում՝ ընդդիմություն են սարքում, ի՞նչ է, մենք ստեղ չունե՞նք»:

Հ. Առաքելյանն էլ հավելեց, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց շրջապատներով պատասխանատվություն են կրում այսօրվա հասարակության երկփեղկվածության համար. «Դարձել ենք Աֆղանստանի թալիբ-մոջահեդներից, Իրաքի սունի-շիաներից, այսինքն՝ առաջացել է արհեստական ջրբաժան, բայց մեծաթիվ են նաեւ այն մարդիկ, ովքեր ոչ այս կողմից են, ոչ այն»:

ՀՌԱԿ ատենապետի խոսքը շարունակելով, ԺԿ նախագահն ասաց. «Կգան մեզ մոտ, որովհետեւ մենք ագրեսիա չենք պարունակում… Մենք էլ մեր չափով ենք տղա: Մեկը կա՝ ասում է, թե փրկիչ եմ, բայց նա ամեն ինչ է «փ» տառով, բացի փրկիչից»: ԺԿ նախագահն անդրադառնալով ընտրական հանձնաժողովներին, նշեց. «Հրազդանի քաղաքապետի ընտրության ժամանակ «ԱԼՄ» են զանգել հրազդանցի հեռուստադիտողներ ու հայտնել են, որ «Ժառանգություն» կուսակցությունը ընտրական հանձնաժողովի իր տեղերը տրամադրել է իշխանությանը»: Տ. Կարապետյանի խոսքերով, ինքը պատասխան է ակնկալում «Ժառանգությունից», պարզելու՝ իրեն զանգահարած հեռուստադիտողների կողմից արված հայտարարության ճշմարտացիությունը: ՀՌԱԿ ատենապետն էլ, դառնալով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցրած հասարակական խորհուրդ ստեղծելու գաղափարին, հանդես եկավ հակընդդեմ առաջարկով. «Եկեք ստեղծենք արտախորհրդարանական խորհրդարան, որտեղ աթոռները չեն վաճառվի, որտեղ գոնե մեկ-երկու տոկոս քվե, ծրագրեր, գաղափարներ ունեցող քաղաքական կուսակցությունները մի տեղ կհավաքվեն: Պետությունը թող տեղը տրամադրի, մարդիկ էլ գան այդտեղ»: Տ. Կարապետյանն էլ հավելեց. «Այն, ինչ ասել է Իսագուլյանը, ինձ համար լուրջ չէ: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է քաղաքական միավորը համախմբվել հասարակականի հետ: Էդ ի՞նչ շիլա-փլավ են ուզում սարքել… Մեզ էլ ե՞ն ուզում խուրդեն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել