Վերջին շրջանում ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկությունը, թե «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված Արմենակ Մնջոյանը մամուլի միջոցով հանձն է առել իրեն մեղսագրված 3 սպանություններից մեկը, իրականությանը չի համապատասխանում:
Իրականությանը չեն համապատասխանում նաեւ որոշ շահագրգիռ անձերի կողմից արված այն մեկնաբանությունները, թե իբր՝ ՀՅԴ-ին սկսում են հիշեցնել՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու համար:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանն երեկ «Առավոտին» ուղարկած նամակում հայտնել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ձերբակալմանս առաջին իսկ օրից՝ 1995թ. փետրվարի 2, առայսօր չեմ ընդունել ինձ առաջադրված ոչ մի մեղադրանք: Նախաքննության եւ դատաքննության ժամանակ հրաժարվել եմ ցուցմունքներ տալուց:
ԶԼՄ-ների հետ ունեցած հարցազրույցների ընթացքում խոսել եմ միայն դատավճիռների շրջանակների մեջ եւ դրանից բխող նեգատիվ երեւույթների մասին: Այսօր էլ չեմ պատրաստվում հանձն առնել ինձ ներկայացված մեղադրանքները եւ ընդունել դատավճիռը, որոնք այն ժամանակաշրջանի՝ ՀՀՇ վարչախմբի կողմից ՀՅԴ գործունեության քաղաքական գնահատականներից էր բխում: Ինձ մեղադրել են ոչ միայն 3 սպանությունների, այլ՝ գեներալ Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի եւ պատվերով 5 այլ սպանությունների մեջ: Եթե «Դրո» գործով այդ անհեթեթությունները բացակայում են, ապա այն առկա է ԱՊՀ անվտանգության խորհրդի նիստերի տեղեկագրում, որը հատվածաբար ներկայացնում եմ. «Առաջիններից այդպիսի աղմկահարույց գործ է եղել Օդեսայում: Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից, օրինակ, երեւանաբնակ Արմենակ Մնջոյանի ձերբակալումը, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության ղեկավարության խնդրանքով: Նա հետախուզվում էր 5 պատվերով սպանությունների, 2 սպանությունների փորձ կատարելու համար: Նրա զոհերի թվին են պատկանել Պետական անվտանգության կոմիտեի քարտուղար Մարիուս Յուզբաշյանն ու Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանը»:
Այն առկա է նաեւ Ուկրաինայի անվտանգության ծառայության արխիվներում:
Պատրաստ եմ ցանկացած լրագրողի, ցանկացած կուսակցական ընկերոջ եւ շահագրգիռ կողմի ներկայացնելու խոսուն փաստեր՝ կատարված անարդարությունների, իրականության խեղաթյուրումների, քաղաքական շահարկումների եւ դրանից բխող ու էժանագին հեղինակություն շահող քաղաքական գործիչների մասին: Ըմբռնումով եմ մոտեցել նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ինձ մահապատժի ենթարկելու իրողությանը, քանի որ փոխհամաձայնության արդյունքում պիտի կայունանար նաեւ պատերազմող երկրի՝ Հայաստանի ապակայուն իրավիճակը: Ես չեմ փորձել ընդդիմանալ ՀՀ նախագահի վճիռների դեմ՝ երկիրը կանգնեցնելով օտար պետության կողմից տարաբնույթ շահարկումների առաջ: Նույնպես էլ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում չեմ փորձել սեփական ազատությունը ձեռք բերել ուրիշների անազատության հաշվին կամ քաղաքական դրդապատճառներով իրավիճակների փոփոխության արդյունքում հայտնվել ազատության մեջ: Չեմ փնովել նախագահին ու երկրի վարկը շահարկման առարկա դարձրել: Մինչդեռ ճիշտ հակառակը. ինձ այցելած եւ դեռեւս այցելող եվրոպական կառույցների ներկայացուցիչներին ժխտել եմ իմ քաղաքական բանտարկյալ լինելու իրողությունը, գերադասելով պետության վարկը սեփական ազատությունից:
Այսօր էլ, Ս. Սարգսյանի նախագահության օրոք էլ՝ պատրաստ եմ կրելու ինձ արժանացրած պատիժը, եթե այդպես են պարտադրում երկրի քաղաքական իրավիճակն ու հանգամանքները: Գրեթե վստահ եմ, որ այսօր ստեղծված ներքաղաքական համայնապատկերի նույն հայտարարությունը նույնպես պիտի շահարկվի, ուստի մի անգամ եւս նշում եմ. եթե իմ հրապարակումներին տրվում են կամայական գնահատականներ, եւ այդ վերլուծությունները օգտագործվում են իշխանության կամ ընդդիմության դեմ, դա ամենեւին էլ բարոյական չէ: Իսկ եթե դրանք իրականացվում են քաղաքական ուժերի կողմից, ապա դա էլ խոսում է այլ ուժերի սնանկ ու սին լինելու մասին: Ինձ համար գոյություն ունի մի պարզ իրողություն. Հայրենիք ու Հայ ժողովուրդ:
Ինձ համար ցավալի է, որ արհեստականորեն խրամատավորված այս երկու ճամբարներում գտնվում են իմ մարտական եւ գաղափարակից ընկերները:
Կոչ եմ անում շփոթված լրագրողներին ու պորտֆելների համար պայքարող քաղաքական ուժերին՝ վեր կանգնել սենսացիաների հաճույքներից եւ սեփական շահերի գերակշռությունից, մեկ անգամ եւս լինել արդարացի ու ճշմարիտ: Եթե մենք զոհաբերվել ենք մեր բոլորիս երազած երկրի ազատության ճանապարհին, իսկ հրաշքով ողջ մնացածներս այդ պայքարում զոհաբերել ենք մեր ազատությունն ու ապրելու իրավունքը, ապա կոչ եմ անում զոհաբերել ձեր իշխանատենչական մոլուցքը, չկամությունը»: