Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂՆ Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ

Մայիս 24,2008 00:00

Սեփականությունը խլել են՝ առանց սեփականատիրոջ իմացության

Ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որով տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Արաբկիրի ստորաբաժանման աշխատակիցները կեղծել են պաշտոնական փաստաթղթեր, իսկ ստորաբաժանման պետ Ստյոպա Շահբազյանը արգելանքի տակ գտնվող գույքը վաճառել է՝ տալով գույքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ: ՀՀ նախագահին, վարչապետին եւ «Առավոտ» թերթին է դիմել Գարիկ Ալթունյան- Փափազովը: Նա տեղեկացնում է, որ իր սեփականության նկատմամբ նույն տարածքի կադաստրում տեղի է ունեցել ոտնձգություն, որի մասին տեղյակ է պահել կադաստրի պատասխանատու Մանուկ Վարդանյանին, սակայն ահազանգին համարժեք ոչինչ չի ձեռնարկվել:

Նախապատմությունը հետեւյալն է. ՀՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երեւան քաղաքի Միկոյանի ռայսովետի գործադիր կոմիտեի 1956թ. հունիսի 8-ի N33 արձանագրության համաձայն, «Առավոտի» նամակագրի հորը՝ Ժիրայր Գարեգինի Ալթունյանին հատկացվել է թիվ 193Բ 480 քմ տնամերձ հողակտոր՝ բնակելի տուն կառուցելու համար: Այդ հիմքով էլ Երեւանի քաղաքային սովետի կողմից Ժիրայր Ալթունյանի անվամբ տրվել է թիվ 50 գլխավոր հատակագիծը: Ժ. Ալթունյանը մահացել է 1976-ին եւ այդ նույն պահից բացված ժառանգությունը ձեւակերպվել է 1982թ.-ին:

Ինչպես նշում է Գ. Ալթունյան-Փափազովը, 1991թ. ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի, վերոնշյալ ժառանգության վկայականի եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225 հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերի իմպերատիվ պահանջների համաձայն, նա՝ որպես հոր ժառանգությունն ընդունած անձ, 1991-ից մինչ օրս համարվում է Երեւան, Այգեձոր 1-ին նրբանցքի 14 Բ հասցեում գտնվող տանը կից 193Բ 480 քմ տնամերձ հողակտորի սեփականատերը՝ փաստացի եւ իրավաբանորեն:

Գտնվելով ԱՄՆ-ում, մեր նամակագիրը տեղեկանում է, որ 1996թ. պայմանագրի համաձայն՝ «վաճառվել» է վերը նշված հասցեի միակ բնակելի տան 11/16 եւ 5/16 մասերը, որն էլ նույնությամբ 1997թ. N3-2324 «նվիրատվության» պայմանագրով «օտարվել» է: Նա մինչ օրս ոչ միայն չի ստացել «վաճառքի» գումարը, այլ վիճելի թիվ 193Բ 480 քմ տնամերձ հողակտորը 1996-97թթ.-ից առայսօր չի օտարել:

Դա հաստատվում է նաեւ 1996թ. եւ 1997թ. վերոնշյալ տան առուվաճառքի եւ նվիրատվության պայմանագրերը հաստատող Երեւան քաղաքի 1-ին նոտարական գրասենյակի ավագ պետնոտար Էմմա Շաբոյանի կողմից տրված տեղեկանքներով: Ըստ այդ տեղեկանքների՝ «Երեւանի Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 14 Բ բնակելի տան առուվաճառքի պայմանագրով 480 քմ հողամասի նկատմամբ գործարք չի եղել»:

Եվ կամ՝ «Երեւանի առաջին պետական նոտարական գրասենյակի կողմից վավերացվել է Երեւանի Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 14Բ բնակելի տան նվիրատվության պայմանագիր, որտեղ 480 քմ հողամասի նկատմամբ գործարք չի եղել»: Ըստ Գ. Ալթունյան-Փափազովի, 1996-97թթ. ՀՀ-ում գործող անշարժ գույքի մասին օրենքի 10-րդ հոդվածի Բ. ենթակետի («Անշարժ գույքի սեփականության իրավունքի օտարումը կամ ձեռքբերումը») համաձայն. «Ամրակայված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի օտարման ժամանակ նրան կից տնամերձ հողակտորի սեփականատերը կարող է պահպանել բնակելի տանը կից տնամերձ հողակտորի նկատմամբ իր սեփականության իրավունքը, հետագայում հողը տրամադրելով ամրակայված գույքի նոր սեփականատիրոջը՝ մշտական օգտագործման կամ վարձակալության»: Օրենքն ասում է, որ լիիրավ կերպով թույլատրվել է բնակելի տունը վաճառել, իսկ դրան կից տնամերձ հողակտորը չվաճառել, վերջինիս նկատմամբ պահպանելով հողակտորի նախկին տիրոջ սեփականության իրավունքը:

Ինչպես 1996-97թթ.-ին, այնպես էլ ներկայիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքով Գ. Ալթունյան-Փափազովը 1991-ից մինչ օրս օրենքով սահմանված կարգով հանդիսանում է Երեւան, Այգեձոր 1-ին նրբանցք 14Բ բնակելի տանը կից 193Բ 480 քմ տնամերձ հողակտորի սեփականատերը, անկախ նրանից, որ բացակայում է սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչը հաստատվում է նաեւ Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման «ղեկավար» Ստյոպա Շահբազյանի (ներկայումս այլ քրեական գործով կասկածյալ) կողմից տրված 2006թ. N2605ա եւ 3530ա գրություններով:

Սակայն նամակագիրը նշում է, որ վերոնշյալ հասցեի բնակելի տանը կից 480 քմ տնամերձ հողակտորը նույն կադաստրի կողմից 2000թ. գույքի գրանցման թիվ 281 թերթում գրառվել է այլ քաղաքացու անվամբ, իրականացվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, որով եւ կադաստրի կողմից կոպտորեն արհամարհվել եւ խախտվել է գույքի նկատմամբ պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի իմպերատիվ պահանջը: Այն է՝ «Գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման»: Այնինչ, տնամերձ հողակտորի վերաբերյալ ոչ մի գործարք իրավաբանորեն տեղի չի ունեցել: Գ. Ալթունյան-Փափազովը 29.03.2008թ. գրավոր դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանին: Նա Մանուկ Վարդանյանից փորձել է ճշտել, թե Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կադաստրի կողմից ՀՀ ո՞ր օրենքների հիման վրա են իրականացվել վերը նշված ոչ իրավաչափ գործողությունները:

Կամ. եթե Մանուկ Վարդանյանի կողմից Արաբկիրի կադաստրի ոչ իրավաչափ գործողությունները ճանաչվում են սխալ եւ ոչ իրավաչափ, ապա ՀՀ ո՞ր օրենքներով սահմանված կարգով է կադաստրի արխիվային գործում առկա վիճելի տնամերձ հողակտորի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ ո՞ւմ անվամբ պետք է այն գրանցվեր:

Արդյոք Մ. Վարդանյանն ընդունո՞ւմ է, որ կադաստրի կողմից իրականացվել են ոչ իրավաչափ գործողություններ: Պարզաբանումներ ստանալու ակնկալիքով քաղաքացին անձամբ հանդիպել է Մ. Վարդանյանի տեղակալ Ա. Մուսայանին: Պարզաբանման փոխարեն վերջինս սպառնացել է, թե՝ «կտա չանին», իսկ երբ մոտեցել է Մ. Վարդանյանին՝ խնդրանքով, որ ստորագրի այդ պատասխանի տակ՝ «Վերջինս հրաժարվեց, նշելով, որ ինքը ստորագրելու համար հատուկ մարդ է պահում, ինչին ի պատասխան՝ ես հայտարարեցի, որ այս ամենի մասին ստիպված եմ մամուլով բաց նամակ հղել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ինչպես նաեւ կոալիցիային մասնակից ուժերի ղեկավարներին, նշելով, որ ՀՀ կադաստրի նախագահ Մ. Վարդանյանը հովանավորում է խաբեբաներին: Մ. Վարդանյանը սպառնաց, թե՝ իմ գլուխը կխուզի:

Կարելի է կարծել, թե ես գտնվում էի վարսավիրանոցում կամ «գյադաների» հետ բռնվել էի վեճի, իսկ թաղի «գյադան» էլ որոշում էր, թե ում է պատկանում իմ սեփականությունը, անկախ նրանից, թե ես օտարե՞լ եմ կամ համաձայնվե՞լ եմ դրան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել