«Ժառանգությունը» կարծում է, որ՝ ոչ, իսկ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի պատգամավորները պնդում են, որ երկխոսությունն
իշխանության եւ ընդդիմության միջեւ արդեն կայացել է:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ԵԽԽՎ Հայաստանին վերաբերող բանաձեւի որեւէ կետ մինչ այսօր չի կատարվել: Թվարկեց չկատարված կարեւոր կետերը՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելը, քաղաքական երկխոսություն սկսելը, հեռուստատեսությամբ ընդդիմությանը բավարար եթեր տրամադրելը, հանրահավաքներին առնչվող օրենսդրության մեջ պահանջված փոփոխությունները. «Ազատ արձակման տակ մեր իշխանությունները հասկանում են՝ դատել եւ ազատ արձակել: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսության առաջարկից հետո որեւէ լուրջ տեղաշարժ այս ոլորտում չկա: Պահանջներից մեկը ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքի փոփոխումն է. աշխատանքային խմբի ժամանակացույցով այս օրենքի երկրորդ ընթերցումը պետք է տեղի ունենա աշնանային առաջին նստաշրջանում»: Ավելի ուշ՝ ԲՀԿ ճեպազրույցի ժամանակ, խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ կընդունվեն հունիսի 9-11-ի ԱԺ քառօրյայում: Ճեպազրույցին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ի տարբերություն իր ընդդիմադիր գործընկերոջ, վստահ է, որ բանաձեւի պահանջները լավ էլ կատարվում են, օրինակ՝ երկխոսության մասով. «Եվ ես չեմ գտնում, որ եթե մեկ անձ կամ մեկ քաղաքական ուժ չի ցանկանում մասնակցել երկխոսությանը, ապա հասարակության մեջ, քաղաքական դաշտում երկխոսություն չկա»: Նույն կարծիքին է նաեւ կոալիցիոն մեկ այլ ուժի՝ «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Արտաշես Ավոյանը: Նրա կարծիքով, եթե նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած աշխատանքային խմբի հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է, ուրեմն դա հենց «երկխոսության դրսեւորում էր»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ավետ Ադոնցի համար կարեւորը բանաձեւի կատարումը չէ. «Ես համաձայն կլինեմ, որպեսզի մեզ զրկեն ձայնից, համաձայն կլինեմ, որպեսզի քննադատեն մեզ, բայց, ամենակարեւորը՝ այդ թուղթն ինձ համար ոչինչ է, եթե մենք չհասնենք հաջողության մեր ներքին քաղաքական կյանքում»:
ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի կարծիքով՝ «իշխանությունները թերագնահատեցին իրադրությունների այդպիսի զարգացումների հնարավորությունը եւ չկանխեցին ժամանակին: Մենք այդ վտանգի մասին ժամանակին տեղեկացրել էինք իշխանությանը»: Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս էր հնարավոր կանխել մարտի 1-ը, Արա Նռանյանը պատասխանեց. «Պետք չէր այդպես ագրեսիայի ենթարկել ընդդիմությանը, պետք է թույլ տրվեր, որ նրանք արտահայտեին իրենց տեսակետները, լիներ քաղաքական եւ թափանցիկ բանավեճ»: