Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼ ԷՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Մայիս 24,2008 00:00

\"\"ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցում թվարկված են այն բազմաթիվ օրինախախտումները, որոնք թույլ էր տվել ոստիկանությունը մարտի 1-ին:

ՀՀ ոստիկանությունը մինչ այժմ չի արձագանքել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ ապրիլի 25-ին հրապարակած արտահերթ զեկույցին հետընտրական զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրերս Եվրամիությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով Հայաստանի իշխանություններին հորդորում էր «կազմակերպել այս զեկույցի ավելի լայն քննարկումներ» եւ հետեւել այդտեղ շարադրված հարցերի լուծմանը:

Մեջբերենք այդ զեկույցից որոշ հարցադրումներ եւ արձանագրումներ, որոնք, որքան հայտնի է, մինչ այժմ չեն դարձել քննության առարկա: Համենայնդեպս, Հատուկ քննչական ծառայության այն ներկայացուցիչները, որոնք հանդես են եկել «մարտի 1-ի» գործի վերաբերյալ պարզաբանումներով՝ երբեւէ չեն հայտնել, որ քննության առարկա են նաեւ հետեւյալ փաստերը:

Պաշտպանի զեկույցում արձանագրված է մարտի 1-ի իրականացված գործողության թերեւս գլխավոր օրինախախտումներից մեկը. «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը կանխելու համար ոuտիկանության զորքերի ներգրավումն արգելվում է»:

Արմեն Հարությունյանը մեջբերել է նաեւ «Ոստիկանական զորքերի մասին» օրենքի 18-րդ եւ «Ոստիկանության մասին» օրենքի 36-րդ հոդվածները, որոնք պարտավորեցնում են ոստիկաններին եւ ոստիկանության զորքերի ծառայողներին ապահովել մարմնական վնաuվածքներ uտացած անձանց առաջին բուժoգնությունը: Մինչդեռ մարտի 1-ին «Բազմաթիվ ականատեսների վկայությամբ՝ առանց շտապ բուժօգնություն ստանալու, ուղղակի ձերբակալվել եւ ոստիկանատուն են տարվել բազմաթիվ վիրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ արնածոր վերքերով անչափահասներ»: Վերջին հանգամանքի կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հիշատակել է «Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ «արգելվում է հատուկ միջոցների օգտագործումն ակնհայտ հաշմանդամների, անչափահասների նկատմամբ, ինչպես նաեւ՝ առանց զենքի չարտոնված հավաքները խափանելու ժամանակ, եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի եւ կազմակերպությունների աշխատանքը»:

Արմեն Հարությունյանն անհրաժեշտ է դիտել, որ ոստիկանների եւ ոստիկանության զորքերի ծառայողների կողմից վերոնշյալ հնարավոր բոլոր չարաշահումները մանրամասն ուսումնասիրվեն՝ վերծանելով օպերացիայի ողջ ընթացքն ամրագրած տեսաերիզները եւ ականատեսների ցուցմունքները. «Հատկանշական է, որ մինչ օրս որեւէ ոստիկանի հանդեպ քրեական գործ չի հարուցվել անգամ սահմանների անցումով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի գործադրման համար»:

Պաշտպանը զեկույցում նշում է, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած օպերացիան հանգեցրեց հանրահավաքը հարկադրաբար դադարեցնելուն: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դադարեցնելու իր մասնակցությունը հրապարակային միջոցառումներին եւ այն դադարեցվելու դեպքում անհապաղ պետք է հեռանա հրապարակային միջոցառման անցկացման վայրից. «Ըստ ականատեսների՝ ցուցարարներին հետապնդել են շատ ավելի հեռու, քան Ազատության հրապարակը: Որոշ ականատեսներ պնդում են, թե սկզբում նույնիսկ օղակ բաց չի եղել եւ չի եղել հնարավորություն դուրս պրծնել շրջափակումից: Այս հանգամանքները պետք է ուսումնասիրվեն, հատկապես վերծանելով կատարված նկարահանումները եւ հիմնվելով ականատեսների ցուցմունքների վրա»: Ի դեպ, մարտի 4-ի ասուլիսում ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանն ակամա վկայել էր, որ իրականացվել է յուրօրինակ «Կոլցո» օպերացիա. «Բնականաբար, ոստիկանությունը նաեւ շրջափակեց տարածքը, որպեսզի ցուցարարները չխանգարեն ոստիկանության աշխատանքներին»:

Ըստ Արմեն Հարությունյանի՝ մարտի 1-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը պետք է համարել անօրինական, քանի որ պաշտոնապես չներկայացվեց եւ չհիմնավորվեց, որ Ֆրանսիական դեսպանատան մոտ քաղաքացիների հավաքն իրական վտանգ էր սպառնում. «Ավելին, մինչեւ ժամը 14-ը հանրահավաքը ընթանում էր խաղաղ, եւ դեռ կիրառելի չէր նշված օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետը, համաձայն որի՝ հրապարակային միջոցառման դադարեցման կարգը չի կիրառվում, եթե հրապարակային միջոցառման անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում»:

Պաշտպանը նշել է. «Նախաքննության առարկա պետք է հանդիսանա նաեւ ոստիկաններին հրազենային վնասվածքներ հասցնելու հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը դեռեւս չի հրապարակել ցուցարարների կողմից ոստիկանների ուղղությամբ կրակ բացելու որեւէ ապացույց»:

Վերջում մեջբերենք այս զեկույցի եւս մի կարեւոր եզրահանգում. «Մարտի 1-ի առավոտվա եւ օրվա 2-րդ կեսի իրադարձությունների փոխկապվածությունն ակնհայտ է: Անհնարին է մարտի 1-ի երկրորդ կեսին տեղի ունեցած դեպքերի քննությունը՝ առանց առավոտյան հանրահավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնության հետ պատճառական կապը հաշվի առնելու, եւ այս երկու իրադարձությունները հավասարապես պետք է քննվեն մեկ հարթության շրջանակներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել