Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

Մայիս 24,2008 00:00

Ծանոթ ֆրանսիացիներիցս մեկը, որ ամուսնացել է հայուհու հետ եւ Հ1-ի արբանյակային հեռարձակմամբ Ստրասբուրգից հետեւել էր մարտին Երեւանում կատարվածին՝ զայրացած զուգահեռ էր տանում. «Մեզ մոտ անցած տարի Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, երբ մեքենաներ էին շուռ տալիս, այրում դրանք եւ այլն՝ զոհվեցին ընդամենը 2 հոգի: Այն էլ այն պատճառով, որ ոստիկանական հետապնդումներից թաքնվելով՝ գնացել թաքնվել էին մի վայրում, ուր էլեկտրահարվել էին: Բայց հասարակությունն էլի մեղադրում էր կառավարությանը, թե ուր պետք էր հասցնել մարդկանց, որ անգամ մահը գերադասեին հետապնդումներից»:

Այս պատմությունը վերհիշեցի ՀՀՇ վարչության փոխնախագահ, 42-ամյա Անդրանիկ Հովակիմյանի կապակցությամբ, որի հիվանդ սիրտը չդիմացավ մարտի 1-ի հետեւանքով առաջացած ահավոր սթրեսին: Ի՞նչ աստիճանի պետք էր հասցնել մարդուն, որ անգամ սրտի ուժգնացող տագնապն աչքի առաջ ունենալով՝ շարունակեր թաքնվել ու չդիմեր բժշկական օգնության: Թերեւս աչքի առաջ ուներ, որ առողջական նման խնդիր ունեցող ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանին այդպես էլ չեն ազատում կալանքից: Իսկ սրտի ծանր վիրահատության ենթարկված ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանին դատապարտեցին պայմանական ազատազրկման միայն այն բանից հետո, երբ նա ընդունեց իր մեղքը. ստացիոնար բուժման կարիք ուներ:

«Հայ հասարակությունն ունեցավ ոչ միայն մարտի 1-ին փամփուշտից զոհվածներ,- մեր զրույցի ընթացքում նկատեց ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը:- Զոհերի թիվն ընդդիմության շարքերում շարունակվում է՝ մի քանի օրվա ընթացքում սրտի տագնապից մահացան երկու մտավորականներ, կրթված մարդիկ, որոնց հայացքները կարելի էր կիսել կամ չկիսել, բայց նրանց իրապես քաղաքական գործիչ լինելը որեւէ մեկը չի կարող ժխտել: Անդրանիկ Հովակիմյանի մահվան գույժը ստանալով՝ տագնապով ու սարսափով հարց տվեցի՝ իսկ ո՞վ է հաջորդը: Եվ ո՞ւմն է այս ամենի պատասխանատվությունը, մեղքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել